Բաքվի հայերի ջարդը պատասխանն էր Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշմանն ու ազատ արտահայտմանը: Ջարդերից մի քանի օր առաջ Գորվբաչյովը հայտարարել էր, որ ԼՂՀ-ի՝ անկախության ձգտող ժողովրդի պայքարը հանգեցնելու է Բաքվի հայերի ճակատագրի բեկմանը, ու դրանից մի քանի օր հետո տեղի ունեցավ Բաքվի հայերի ջարդը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է պատմաբան Գևորգ Մելքոնյանը:
«Բաքվում հայերի ջարդերը չեն սկսվել 1990 թվականին, այլ ավելի վաղ՝ 1988-ից, ու ավարտին են հասցվել 1990-ի հուվարի 13-ից 15-ին: Դրանից առաջ տեղի էր ունեցել սումգայիթյան ցեղասպանությունը: Բոլոր ջարդերին մասնակցած ադրբեջանցի հրոսակները ոչ միայն չդատապարտվեցին, այլև ստացան պետական բարձր պաշտոններ ու արժանացան պարգևների», – ասել է բանախոսը:
Նրա հավաստմամբ՝ այսօր էլ ադրբեջանական էլիտայում կան մարդիկ, որոնք մասնակցություն են ունեցել Բաքվի ջարդերին ու որոնց ձեռքերն արյունոտ են:
«Ադրբեջանական իշխանությունները ոչ միայն չեն դատապարտում վերոնշյալ ջարդերը ու դրանց մասնակցած անձանց, այլև խրախուսում են. ի դեմս մարդասպան Սաֆարովի՝ այդ քաղաքականությունը շարունակում է իրականացվել Ադրբեջանում», – նշել էՄելքոնյանը:
Պատմաբանն ընդգծել է, որ շատ կարևոր խնդիր է միջազգային հանրությանը ծանոթացնել հայերի ջարդի հետ կապված բոլոր փաստաթղթերին:
«Նաև պետք է ևս մեկ անգամ հավաստիացնել, որ ԼՂՀ-ի հայ բնակչությունը չի կարող ապրել Ադրբեջանի տիրապետության տակ, քանի որ նրանց սպառնում է Սումգայիթի ու Բաքվի հայերի ճակատագիրը: Պետք է տրամադրել այս պատմական փաստերը ու փաստաթղթերը ու ևս մեկ անգամ հաստատել, որ ԼՂՀ բնակչության ճակատագիրը Ադրբեջանի կազմում բացառված է, ու ԼՂՀ-ն պետք է լինի ազատ ու անկախ պետքություն, քանի որ ունի ինքնորոշման ազատ իրավունք, իսկ պատմությունը ցույց է տվել, որ Ադրբեջանի քաղաքականությունը, ինչպես 20-րդ դարի սկզբում, այնպես էլ 20-րդ դարի վերջում ժողովուրդների ազատ ինքնորոշման իրավունքի հարցում եղել է ցեղասպան», – ասել է բանախոսը:
Նրա խոսքով՝ այսօր էլ Ադրբեջանը շարունակում է ոչ միայն հակահայկական ցեղասպան քաղաքականությունը, այլև Ադրբեջանում ապրող ազգային փոքրմասննությունների՝ թալիշների, այլև բնիկ ժողովուրդների նկատմամբ:
«Այս փաստերը ցույց են տալիս, որ Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը փոքրամասնությունների ու հարևան ժողովուրդների նկատմամբ շարունակվում է ու վտանգ է ամբողջ տարածաշրջանի համար», – ասել է պատմաբանը: