«Այդ օրը եկանք դպրոց, ադրբեջանցի աշակերտներից ու ուսուցիչներից մարդ չկար, դպրոցի տնօրեն Ալի Ալասկյարովին հարցրինք՝ ո՞ւր են, ասաց, որ բոլորը ավտոբուսներով փախել են Հայաստանից»,- պատմում է Գուգարքի շրջանի (այժմյան Լոռու մարզ) Շահումյան գյուղի ինտերնացիոնալ դպրոցի տնօրենի դաստիարակության գծով տեղակալ Ռիմա Սարգսյանը:
1988թ. փետրվարի 26-ն էր. Սումգայիթի դեպքերից երկու օր առաջ:
«Վախի մթնոլորտ էր թե՛ ադրբեջանցիների, թե՛ հայերի մոտ: Գյուղերի հայերը շատ էին վախենում, որ ադրբեջանցիները խմելու ջուրը կթունավորեն»,- հիշում է այդ ժամանակ Գուգարքի Վահագնի կոլտնտեսության նախագահ Ստեփան Այվազյանը, ով 1989թ. նախագահում էր Գուգարքի շրջանային ագրոարդյունաբերական միավորումը:
Սումգայիթի դեպքերից հետո Գուգարքի շրջանում առաջին քայլերից մեկն եղավ այն, որ ռազմավարական աշխատավայրերի՝ (ջրմուղ-կոյուղի) ազգությամբ ադրբեջանցի պահակներն ազատվեցին աշխատանքից:
Կիրովականի այդ ժամանակվա դատախազ Գրիգորի Շահվերդյանի անձնական արխիվում պահպանված փաստաթղթերում նշված է, որ ընդհանուր առմամբ Գուգարքի շրջանում 1988թ. մարտից մինչև նոյեմբեր աշխատանքից ազատվել է 624 ադրբեջանցի:
Ղարաբաղ կոմիտեի նախկին անդամ Արթուր Սաքունցը նշում է, որ այն ժամանակ իրենք կոմիտեի անդամներով գիշեր-ցերեկ հսկում էին, որ քաղաքում պրովակացիաներ չլինեն երկու կողմից էլ: Բայց, միևնույն է, ոչ միշտ էր դա հաջողվում:
«Երբ Արջուտ գյուղից ադրբեջանցիներին գիշերը տեղափոխում էին մեքենաներով, լինում էին դեպքեր, երբ հայերը հարձակվում էին մեքենաների շարասյան վրա»,- պատմում է Արթուր Սաքունցը:
10.07.1989թ. դրությամբ «Ազգամիջյան հանցագործությունները Կիրովականում» խորագրով փաստաթղթում նշված են 42 հանցագործության դեպքեր. 1988թ. մարտից սկսած գրանցվել են հարձակումներ ադրբեջանցիների տների վրա, ծեծի և կողոպուտի դեպքեր: Ադրբեջանցիների համար անհանգիստ էր ոչ միայն տանը, այլև աշխատավայրում. գրանցվել են գործընկերների կողմից ծեծի, ինչպես նաև աշխատանքից անպատճառ ազատման դեպքեր: Ադրբեջանցիներին հեշտ կարելի էր գտնել շուկայում, քանի որ շուկայի վաճառողների մեծ մասն էին կազմում. եղել են դեպքեր, երբ ծեծի են ենթարկվել շուկայի ադրբեջանցի վաճառողներ, որոնցից նույնիսկ առևանգվել են որոշակի ապրանքներ, ինչպիսիք են մորթի, ընտանի թռչուններ:
«Ես ունեի Վանաձորում բնակվող ադրբեջանցիների հասցեները և նրանց բոլորին տեղյակ էի պահել, որ եթե խնդիր լինի, մեզ հետ կապվեն: Մի օր զանգեցին Կուլիևների ընտանիքից, որ անհայտ անձիք դուռը ուզում են ջարդել: Միայնակ հասա այդ տուն, տեսնեմ կացնով ջարդում են դուռը, կարողացա առաջն առնել»,- պատմում է Կիրովականի նախկին դատախազ Գրիգորի Շահվերդյանը, ով միայն հիմա է զարմանում, որ այդ ժամանակ առանց վախի կարողանում էր արձագանքել նման դեպքերին:
Ըստ նրա՝ Վանաձորում գրանցվեց սպանության 7 դեպք: Ամենահայտնի պատմությունը Թելման Հուսեինովի սպանությունն էր: «1988թ. նոյեմբերի 27-ին, ժամը 22.00-ի սահմաններում սիրուհու Իրինա Պ.-ի տանը դանակով և կացնով սպանվել է Թելման Հուսեինովը: Տեղի քննչական մարմինների ջանքերով հանցագործությունը բացահայտված և կալանավորվել են անչափահասներ Հուսիկ Մարությանը և Տիգրան Էվինյանը»,- նշված է դատախազի արխիվում:
Նախկին դատախազ Գրիգորի Շահվերդյանը խոստովանում է, որ դատախազությունը հայտնվել էր իրավամբ ծանր դրության մեջ. «Ով ասես, հրացան ուներ: Ոչ միայն ազգամիջյան, ընդհանրապես բռնությունների թիվն էր աճել: Մի այլ դեպք էլ Շահումյան գյուղում եղավ: Զանգեցին ինձ, որ բնակիչները ոտքերով խփելով մի ադրբեջանցու (Քասիմ Ք.) սարից գլորելով գցում են ներքև: Երբ հասանք, սկսեցինք պաշտպանել այդ մարդուն: Իմ մի կողմից միլիցիան էր, մյուս կողմից՝ ազգային անվտանգությունը, ձախ կողմից ցանկապատի ցանց էր. ժողովուրդն անցավ այդ կողմը ու մեզ վրա հարձակվեց: Ասում են, որ ուշաթափվել եմ, և ինձ տարել են այդտեղից»:
Գրիգորի Շահվերդյան
Հատված Գրիգորի Շահվերդյանի արխիվից. «Նոյեմբերի 28-ին, ժամը 23.00-ի սահմաններում Կիրովական քաղաքի բնակիչներ Մարտուն Փոհրադյանը և Գառնիկ Տոնոյանը մարմնական վնասվածքներ հասցնելով Գյուլիս և Զեչնար Վալիևներին, պահանջել են բնակարանն ազատել՝ հայերին տալու համար: Կալանավորվել են, քրեական գործը գտնվում է դատարանում»:
Քաղաքն ամբողջությամբ լցված էր Սումգայիթի ջարդերից փախած հայերով, որոնք բառացիորեն ոչինչ չունեին. ոչ տուն, ոչ հագուստ, ոչ գումար: Մարդկանց դա ևս վրդովեցնում էր. «Թե ինչո՞ւ պետք է հայերը դրսում մնան, իսկ ադրբեջանցիները բնակարաններում շարունակեն ապրել»: Այդ վրդովմունքն ապացուցում են բազմաթիվ գրանցված դեպքերը, երբ հայերը բառացիորեն դուրս էին անում ադրբեջանցիներին, որպեսզի նրանց տանը տեղավորեն Ադրբեջանից փախած հայերին:
1989թ. փետրվարին Հայկական ՍՍՀ դատախազին ներկայացրած զեկուցագրում Գրիգորի Շահվերդյանը գրում է. «Նոյեմբերի 26-28 դեպքերից հետո իրենց բնակավայրերը ժամանակավորապես թողել է 37 ընտանիք, որոնցից վերադարձել են 26-ը, իսկ մյուսները, ըստ երևույթին, երկրաշարժից հետո չվերադարձան: Նոյեմբերի 18-30-ին ադրբեջանական ՍՍՀ-ից փախստական հայերի կողմից ինքնագլուխ զբաղեցրել են ադրբեջանցիների բնակարաններ: Դատախազության որոշումներով և միլիցիայի ուժերով բնակարանները վերադարձվել են տերերին»:
ՆՈՅԵՄԲԵՐԻ 26-28 ԴԵՊՔԵՐ
Գուգարքում առանց այն էլ մեծ լարվածությունը հասավ իր գագաթնակետին Ադրբեջանի Կիրովաբադի դեպքերից (նոյեմբերի 21-26.1988թ.) հետո: Հիմնական գործողությունները եղան Շահումյան գյուղում (Վարդանլուի մոտ):
Պաշտոնական տվյալներով այդ ժամանակ սպանվել է 11 ադրբեջանցի: Այդ դեպքը մեծ արձագանք գտավ ոչ միայն Հայաստանում, այլ նաև նրա սահմաններից դուրս. Մոսկվայից հետաքննական ավելի քան 100 հոգանոց խումբ էր եկել Հայաստան, որպեսզի բացահայտեն մեղավորներին: Մեծաթիվ սանկցիաներ իրականացվեցին. Գուգարքի կենտկոմի բյուրոն քննարկեց, ու Գուգարքի առաջին քարտուղար Լավրենտի Բաղդասարյանը և գործկոմի նախագահ Սամվել Ղազարյանը ազատվեցին աշխատանքից, աշխատանքից ազատվեց նաև Շահումյանի ողջ ոստիկանությունը:
«Ադրբեջանցիների այդ դեպքը, համընդհանուր վախը, այդքանին էլ գումարվեց երկրաշարժը: Նման խուճապ չէր եղել Գուգարքում», – հիշում է Ստեփան Այվազյանը:
Ստեփան Այվազյան
Ինչպես մյուս ադրբեջանական գյուղերի, այնպես էլ Շահումյանի մուտքը փակված էր ուղեփակոցով և հսկվում էր ռուսական զինվորների կողմից:
«Գյուղում այդ ժամանակ իսկականից կռիվ էր գնում, զինված էին թե՛ ադրբեջանցիները, թե՛ մերոնք: Մեր դպրոցի աշակերտներից միայն մի 9-րդ դասարանի ադրբեջանցի տղա է սպանվել: Նա զենքը ձեռքին սարի գլխից կրակում էր գյուղացիների վրա, շատ դիպուկ էր կրակում և շատերին վիրավորեց, մինչև սարի հետևից մերոնք մոտեցան իրեն ու գլորեցին ձորը»,- պատմում է Շահումյան գյուղի ինտերնացիոնալ դպրոցի տնօրենի դաստիարակության գծով տեղակալ Ռիմա Սարգսյանը:
«Շահումյան գյուղից Սամվել Վ.-ն երեխուն գցեց ձորը. բոլորի խղճի վրա դա ազդեց, երեխեն կրակում էր, բայց դե երեխա էր: Անտառներում հայերի մի խումբ կրակելով քշել են ադրբեջանցիներին, որոնք մյուս կողմից դուրս եկան Մարգահովիտ ու հեռացան»,- հիշում է Ստեփան Այվազյանը:
Վարդանլուի բնակիչ, ազամարտիկ Սամվել Ս.-ն ևս անմասն չի մնացել այս դեպքերին. «Շահումյանի ադրբեջանցիները մարտական զենքով զինված բարձրացել էին սարեր, մենք էլ ջոկատ կազմեցինք ու բարձրացանք սարեր: Այն ժամանակ հրացաններ եմ առել, նույնիսկ «թուրքերից»: Ու կարողացանք իրենց «լարել»: Ես գյուղ չեմ մտել, ես կռվել եմ սարերում զինված թուրքերի դեմ»:
Սամվել Ս․
Մոսկվայից ժամանած դատախազները և քննիչները երկու ամիս հետապնդումից հետո կարողացել են բռնել Սամվելին, սակայն չորս հարցաքննությունների արդյունքում չկարողացան ոչ մի կերպ ապացուցել նրա մեղքն այդ գործում:
Շահումյան գյուղի ինտերնացիոնալ դպրոցի ուսուցչուհի Զարվարդ Բեկչյանը հիշում է այդ օրերը. «Քաղաքից (Վանաձոր) տղաները զինված գալիս էին, մեքենաների պատուհաններից կրակում»:
«Պետական մասշտաբով ոչինչ չի կազմակերպվել, պարզապես եղել են ինքնագլուխ խմբեր Վանաձորից: Էդիկ Մարտիրոսյանի (Ճաճոյի Էդո) գլխավորությամբ գնում էին Շահումյան գյուղ: Դիակները հրկիզելու դեպքերը պայմանավորված են եղել, որ չճանաչեն, թե ովքեր են: Ոստիկանները դիակները հայտնաբերեցին, որից հետո բացվեցին քրեական գործեր Շահումյանի դեպքերի հետ կապված, որոնք փաստորեն համարվել են սադիզմ»,- նշում է Ստեփան Այվազյանը:
«Երկու հոգու են վառել մեզ մոտ. մի ադրբեջանցի կրակելով փախավ, եկավ դեպի դպրոց, հենց դպրոցի կողքին՝ ավտոտնակների մոտ, հայերը հասան, վառեցին», – պատմում է Շահումյանի դպրոցի փոխտնօրեն Ռիմա Սարգսյանը՝ ցույց տալով այդ տարածքները (լուսանկարում):
Շահումյանի դեպքերը վերջնականապես չպարզվեցին, թեև որոշ մարդկանց բանտարկեցին մի քանի ամսից մինչև մի քանի տարի: Արթուր Սաքունցը նշեց, որ Ղարաբաղ կոմիտեն ձերբակալված էր 1988թ. դեկտեմբերից, իրեն հունվարին կանչեցին հարցաքննության Մոսկվայի դատախազությունում Շահումյանի դեպքերի հետ կապված, թե արդյոք իր հանրահավաքներին Ղարաբաղ կոմիտեն չէ՞, որ հրահրել է նման բռնության. «Քննիչ Վիկտոր Իվանիչն ինձ ասաց, որ շուտով այս գործը փակվելու է, կոմիտեն էլ ազատ է արձակվելու: Մայիսին կոմիտեի անդամներն ազատ արձակվեցին, գործն էլ փակվեց: Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ ամեն ինչ կարգավորվում և ղեկավարվում էր Մոսկվայի կողմից»:
1989թ.-ին Գուգարքի շրջանի ադրբեջանցիներից շատերը վերադարձան իրենց բնակարանները վաճառելու, երկրաշարժից կորցրած բնակարանների հատուցումը ստանալու համար: Սակայն երբ բոլոր գործարքները ավարտվեցին, նրանք բոլորն էլ հեռացան իրենց երբեմնի հայրենիքից:
Մանե Պապյան