22։00 — Հայաստանի ՊՆ-ն հրապարակել է ապրիլի 11-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհված զինծառայողների անունները․
Արթուր Ավետիսի Սահակյան (ծնվ. 1999թ.)
Մկրտիչ Արմենի Հարությունյան (ծնվ. 1989թ.)
Հենրիկ Վաչագանի Քոչարյան (ծնվ. 1997թ.)
Նարեկ Գագիկի Սարգսյան (ծնվ. 1994թ.)
Վիրավոր 6 զինծառայողներից երեքի վիճակը գնահատվում է բավարար, մյուս երեքինը՝ միջին ծանրության, ծանր և ծայրահեղ ծանր:
20:40 — Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդել է 3 զոհերի մասին։ Վիրավորների թիվը չի նշվել։
20։35 — Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր, գրել է Հայաստանի ՊՆ-ն․ ժամը 20:30-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է։
20։30 — Հայաստանի ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել, որում երևում է, «ինչպես են Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողները, սադրանքի նպատակով, մոտենում ինժեներական աշխատանքներ իրականացնող Հայաստանի ԶՈՒ զինծառայողներին, որից հետո սկսում են կրակ բացել նրանց ուղղությամբ»:
19։00 — Այս պահի դրությամբ փոխհրաձգության ինտենսիվությունն էականորեն նվազել է, հայտնում է ՀՀ ՊՆ-ն:
Հայկական ռազմական գերատեսչությունը հերքել է Վարդենիսի ուղղությամբ գնդակոծության մասին լուրերը․ «Այս պահին Վարդենիսի ուղղությամբ հարաբերականորեն կայուն է»:
Ադրբեջանական լրատվամիջոցներով տարածվող տեղեկությունները, իբր հայկական կողմը կիրառում է իրանական անօդաչու թռչող սարքեր, ըստ ՊՆ-ի, չի համապատասխանում իրականությանը. «ՀՀ ԶՈՒ սպառազինության մեջ իրանական անօդաչու թռչող սարքեր չկան»:
17։55 — Ժամը 17:30-ի սահմաններում Տեղ գյուղի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերը կիրառել են ականանետային միջոցներ, գրել է ՀՀ ՊՆ-ն․ հայկական կողմը «ձեռնարկում է անհրաժեշտ պաշտպանական միջոցներ»։
17։30 — Ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, ադրբեջանական ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայնքի հատվածում ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ, գրել է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։
«Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների։ Նախնական տվյալներով հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ», – ասվում է ՊՆ հաղորդագրության մեջ։
Ադրբեջանի ՊՆ-ն, իր հերթին, հայտարարել է, թե Տեղ գյուղի մերձակայքում հայկական ուժերը «հրաձգային զենքից ակտիվորեն գնդակոծել են Լաչինի ուղղությամբ գտնվող հանդիպակաց ադրբեջանական դիրքերը», ադրբեջանական կողմն ունի զոհեր և վիրավորներ։
Հայաստանի ԱԱԾ-ն մարտի վերջին հայտարարել էր, որ Լաչինի միջանցքի նոր երթուղու երկայնքով տեղակայվելիս ադրբեջանական կողմը 5 կետերում հայկական սահմանից առաջ է տեղակայվել։ Ադրբեջանական զորքերը, ըստ ԱԱԾ-ի, առաջացել են 100-ից 300, ըստ պաշտոնական այլ աղբյուրները՝ մինչև 500 մետր։ Ապրիլի 1-ին հայկական կողմը հաղորդել էր, որ Տեղ-Կոռնիձոր հատվածում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների կողմից իրականացված սահմանի ճշգրտման աշխատանքների արդյունքում «իրավիճակը էականորեն բարելավվել է»։ Տեղի բնակիչները այս տեղեկությունը հերքում էին․ ադրբեջանցիները առ այսօր էլ գտնվում են գյուղին հարող տարածքում։
տե՛ս Երևանն ու Բաքուն «ճշգրտվում» են տեղացիների հողերի հաշվին