ԵՄ խորհուրդն այսօր համաձայնություն է ձեռք բերել Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելություն ստեղծելու մասին:
Ըստ հաղորդագրության՝ առաքելության նպատակն է նպաստել Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունությանը, տեղում վստահության ձևավորմանը և ապահովել ԵՄ կողմից աջակցվող Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ջանքերին նպաստող միջավայր:
«ԵՄ առաքելության հաստատումը Հայաստանում ազդարարում է Հարավային Կովկասում ԵՄ-ի ներգրավվածության նոր փուլը։ ԵՄ-ն շարունակելու է աջակցել լարվածության լիցքաթափման ջանքերին, և աշխատել երկու կողմերի հետ՝ տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման վերջնական նպատակով», – հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների պատասխանատու Ժոզեպ Բորելը։
Ի պատասխան Հայաստանի դիմումի՝ ԵՄ առաքելությունը կանոնավոր պարեկություն կիրականացնի և կզեկուցի իրավիճակի մասին, ինչը կամրապնդի ԵՄ-ի ըմբռնումը տեղում իրավիճակի վերաբերյալ։ Առաքելությունը նաև կնպաստի միջնորդական ջանքերին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի գլխավորած գործընթացի շրջանակներում։
Առաքելությունը կունենա 2 տարվա մանդատ և կենտրոնակայանը կլինի Հայաստանում։
Հիշեցնենք՝ անցյալ շաբաթ հայկական մամուլում լուրեր էին շրջանառվում, որ Եվրամիությունը մտադիր է մեկ ամսից դիտորդական նոր առաքելություն ուղարկել Հայաստան։ Ի տարբերություն հոկտեմբերին ուղարկված 40 հոգանոց խմբի, որը տեղակայվել էր հայ-ադրբեջանական սահմանին, այս անգամ եվրոպացի դիտորդների 200 հոգանոց խումբը պարեկություն է անելու Հայաստանի ողջ տարածքում և նախորդ անգամվա նման լինելու է անզեն։
Բաքուն, ի տարբերություն նախորդ առաքելության, այս մեկին հավանություն չի տվել: Ադրբեջանի նախագահը քննադատել էր նախաձեռնությունն ու պնդել, թե եվրոպացիներն իրենց խաբել են: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն էլ, իր հերթին, հայտարարել էր, որ «չնայած ՀԱՊԿ առաքելությունը պատրաստ է, հայկական կողմը նախընտրում է պայմանավորվել Եվրամիության հետ, և եթե չլինի Ադրբեջանի համաձայնությունը, ԵՄ առաքելության տեղակայումը կարող է հակառակ ազդեցությունն ունենալ»։