Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին է ներկայացրել ԱԺ պատգամավոր Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիր:
Սահմանադրության 96-րդ հոդվածի համաձայն՝ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Ազգային ժողովի համաձայնությամբ:
Ըստ դատախազության՝ «Իզմիրլյան» հիվանդանոցի նախկին տնօրենը, քրեական գործով, որպես փորձագետ ընդգրկված լինելով Ա.Ս.-ին ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների համար առաջադրված մեղադրանքների առնչությամբ նշանակված կրկնակի հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության հանձնաժողովի կազմում, 2017 թվականի փետրվարի 8-ին ստորագրել է փորձաքննության ակնհայտ կեղծ եզրակացությունը:
Հիշեցնենք՝ Արմեն Չարչյանը, լինելով «Հայաստան դաշինքի» պատգամավորի թեկնածու, մանդատ էր ստացել ԱԺ-ում 2021 թվականի հուլիսի 22-ին։
Չարչյանը հայտնի է «Իզմիրլյան» հիվանդանոցում տնօրեն լինելու տարիներին իր աշխատակիցներին սպառնալու և արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցել պարտադրելու գործով։
Քրեական գործը հիմնվում էր 2021 թվականի հունիսի 18-ին հրապարակված ձայնագրության վրա, ըստ որի՝ «Իզմիրլյանի» նախկին տնօրենը հանդիպման էր հրավիրել աշխատակիցներին և սպառնացել, որ եթե նրանք չկատարեն իր «պարտադրանքը» և չմասնակցեն արտահերթ խորհրդարանական ընտրություններին, տնօրինությունը կոշտ, «համարժեք» ու նույնիսկ անհամարժեք պատասխան կտա։
Ձայնագրության հանրայնացումից հետո ՀՔԾ-ում քրեական գործ էր հարուցվել, Չարչյանը ձերբակալվել էր, սակայն 15 միլիոն դրամ գրավի ու չհեռանալու մասին ստորագրության դիմաց ավելի ուշ ազատ արձակվել։