Ֆրանսիայի ավելի քան 200 քաղաքներում հունվարի 19-ից բողոքի ցույցեր են։ Շուրջ 1,2 միլիոն մարդ դուրս է եկել փողոց՝ կենսաթոշակային տարիքը 62-ից 64 տարեկան դարձնելու դեմ պայքարի։
Փարիզում 80 հազարանոց հանրահավաքներ են, ցուցարարները փողոցներ են փակում։ Մետրոն գործում է մի շարք սահմանափակումներով։
Մայրաքաղաքում ուժայինների և ցուցարարների միջև հատուկենտ բախումներ են եղել, որոնց հետևանքով 38 մարդ է բերման ենթարկվել՝ գրում է BBC-ն։
People in France went on a nationwide strike to protest the government’s plans to raise the retirement age by 2 years to 64pic.twitter.com/QsftZxbrsY
— Fifty Shades of Whey (@davenewworld_2) January 19, 2023
CGT արհմիության (Աշխատանքի համընդհանուր կոնֆեդերացիա) ղեկավար Ֆիլիպ Մարտինեզի խոսքերով, ցուցարարների իրական թիվն անցնում է 2 միլիոնի սահմանը։ Արհմիությունների հազվադեպ համաձայնությունը այս հարցում, ըստ նրա, ցույց է տալիս խնդրի լրջությունը։ CGT ղեկավարը թոշակային տարիքի փոփոխությունը անարդար, դոգմատիկ և գաղափարախոսական է համարում։
Փակվել են բազմաթիվ դպրոցներ, երկրում աշխատող կազմակերպությունների մեծ մասը դադարեցրել է գործունեությունը։ Խանգարվել է նաև նավթարդյունաբերական գործարանների աշխատանքը, ինչի հետևանքով տուժել է երկրի էներգետիկ արտադրողականությունը։
Ցույցերին միացել և 24-ժամյա գործադուլ են հայտարարել ուսուցիչները, գնացքների վարորդները, գործարանների և սպասարկման ոլորտի աշխատողները, գրում է The Guardian-ը։
Ֆրանսիայի կրթության նախարարության տվյալներով, գործադուլին միացել են տարրական դպրոցների ուսուցիչների 40%-ը և միջնակարգ դպրոցների ուսուցիչների 30%-ը, մինչդեռ արհմիությունները պնդում են, որ իրական թվերը մոտ են 70%-ին։
Փարիզի հանրապետության հրապարակից (Place de la République) սկիզբ առած ցուցարարների ամենազանգվածային երթին, ըստ մամուլի հաղորդումների, 400 հազար մարդ է միացել։
https://twitter.com/Thms_rnn/status/1616079450713751554
Իրենց հաջողությամբ ոգեշնչված՝ արհմիությունները հունվարի 31-ին ևս մեկ զանգվածային ցույցերի օր են հայտարարել։
Մակրոնը հանրապետականների աջակցության կարիքն ունի
Կենսաթոշակային տարիքի փոփոխման ծրագրի հիմնական հեղինակը՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ով ցույցերի ժամանակ գտնվում էր Բարսելոնում, բողոքի ակցիան «արդար և պատասխանատու» է անվանել։ Միաժամանակ նա ասել է, որ օրհասական խնդրի առջև է կանգնած։
Ըստ նոր նախագծի, ոչ միայն թոշակի անցնելու տարիքն է մեծանում, այլև 2027 թվականից Ֆրանսիայում ամբողջական թոշակ ստանալու համար մարդիկ ստիպված կլինեն աշխատել 43 տարի՝ ներկայիս 42-ի փոխարեն։
Ֆրանսիական կառավարության կողմից ողջունված այս ծրագիրը ներմուծվում է երկրի կենսաթոշակային համակարգը պաշտպանելու համար, սակայն բնակչության մեծամասնությունը համաձայն չէ․ IFOP կազմակերպության հարցման համաձայն, քաղաքացիների 68%-ը նախագծին դեմ է արտահայտվել։
Նախագիծը քննադատել են երկրի բոլոր արհմիությունները՝ այդ թվում այսպես կոչված «ռեֆորմիստական» արհմիությունները, որոնք կառավարությունը հույս ուներ իր կողմը քաշել՝ գրում է BBC-ն։ Դեմ են արտահայտվել նաև պարլամենտի ձախ թևի և աջ արմատական ընդդիմությունները։ Այսպիսով, քանի որ նախագահի կուսակցությունը Ազգային ժողովի մեծամասնությունը չի կազմում, Մակրոնը ստիպված է հույսը դնել պահպանողական «հանրապետական» կուսակցության շուրջ 60 պատգամավորների աջակցության վրա։
Վարչապետը մարդկանց ավելի երկար աշխատեցնելու որոշումը արդարացրել է վկայակոչելով «միջսերնդային սոլիդարության» սկզբունքը։
Նախագծի հետևանքները մեղմելու նպատակով նա խոստացել է ավելի բարձր նվազագույն երաշխավորված կենսաթոշակ։ Բացի այդ, նրա խոսքերով, կհեշտացվի ավելի վաղ թոշակի անցնելը վտանգավոր կամ ծանր ֆիզիկական աշխատանքներում ներգրավվածների համար և կխրախուսվի տարեցների աշխատանքի վերադառնալը։
Ընդդիմությունը վիճում է, որ տեխնիկապես այս պահին համակարգի միջոցները բավարարում են, և այսպիսով, հրատապ գործելու կարիք չկա և կան ավելի ընդունելի այլընտրանքներ՝ մեծահարուստների թոշակի կրճատումը, օրինակ։ Բացի դա, նոր նախագծի ծանրությունը, ըստ ընդդիմության, ընկնելու է աղքատների վրա։ Այս մարդիկ հակված են աշխատանքն ավելի վաղ սկսելու և հետևաբար 62 տարեկանում, հիմնականում, ամբողջական թոշակ ստանալու իրավունք են ձեռք բերում։ Նոր նախագծի հետևանքով այս մարդիկ ստիպված կլինեն երկու տարի ավել աշխատել՝ առանց հավելյալ օգուտի։
2019-ին խանգարեց կորոնավիրուսը
Շատ քիչ ֆրանսիացիներ են, որ ունեն կապիտալ ներդրումներով պայմանավորված անձնական կենսաթոշակային ծրագրեր։ Քաղաքացիների մեծամասնությունը կենսաթոշակ է ստանոմ միևնույն համընդհանուր հիմնադրամից, որը լրացվում է աշխատողների ամենամսյա ներդրումներով։
Այնուամենայնիվ, կառավարութունը հաղորդում է, որ այս կենսաթոշակային համակարգը փլուզման է մոտենում, քանի որ թոշակի անցնողների թիվը արագորեն մոտենում է աշխատողների թվին։ 50 տարի առաջ ֆրանսիացի ամեն թոշակառուին բաժին էր ընկնում 4 աշխատող, մինչդեռ այսօր այդ թիվը հասել է 1,7-ի և շարունակում է նվազել։
Մակրոնը 2019-ին նույնպես կենսաթոշակային համակարգի բարեփոխման ծրագիր է առաջ բերել, սակայն նահանջել է Քովիդ-19 համավարակի բռնկման ժամանակ։ Ներկայիս՝ երկրորդ բարեփոխման ծրագիրը անցյալ տարի Մակրոնի վերընտրման մանիֆեստի մասն էր։
Ըստ BBC վերլուծաբանների, եթե Մակրոնն այժմ ընդդիմության ազդեցությամբ հրաժարվի նախագծից, դա կարող է նրա երկրորդ նախագահության ժամանակ ցանկացած լուրջ բարեփոխումների ավարտը նշանակել։
Գրեթե բոլոր եվրոպական երկրները քայլեր են ձեռնարկել պաշտոնական կենսաթոշակային տարիքը բարձրացնելու ուղղությամբ․ Գերմանիայում և Իտալայում այն այժմ 67 է, Մեծ Բրիտանիայում 66, իսկ Իսպանիայում 65։