Ադրբեջանն անցած շաբաթ Ղարաբաղի իշխանություններին առաջարկությունների փաթեթ է ներկայացրել, որը ընդունելի չի եղել Ստեփանակերտի համար: «Ազատության» ադրբեջանական ծաայությանն այս մասին ասել է փորձագետ Ֆարիդ Շաֆիևը՝ Ադրբեջանի նախագահի հրամանագրով Բաքվում հիմնադրված Միջազգային հարաբերությունների վերլուծական կենտրոնի նախագահը:
Ըստ Շաֆիևի, Բաքուն պահանջել է, որ Արցախում հանքերի շահագործումը դադարեցվի, և վերահսկողության մեխանիզմ ստեղծվի Լաչինի միջանցքով բեռների փոխադրման համար:
«Մենք ապացույցներ ունենք, որ ականներ են տեղափոխվել մեր տարածք, և Լաչինի ճանապարհը օգտագործվել է ոչ մարդասիրական նպատակներով: Խոսքը նախևառաջ հայ զինծառայողների մասին է, որոնք երբեմն երթևեկում են քաղաքացիական հագուստներով, քաղաքացիական մեքենաներով ու ռազմամթերք տեղափոխում», – ասել է նա:
Բաքուն առարկությունների մասին անցած շաբաթ նաև Ռուսաստանի արտգործնախարարն է խոսել՝ ադրբեջանցի գործընկերոջ հետ հեռախոսազրույցից հետո: «Ադրբեջանցիները տվյալներ են ներկայացրել, թե հայկական կողմը Լաչինի միջանցքով ականներ է տեղափոխել։ Հիմա մեր զինվորականները ուսումնասիրում են այդ տվյալները», – հայտարարել է Լավրովը՝ ընգծելով՝ ղարաբաղյան իշխանությունների ներկայացուցիչները վերջերս Լաչինի հարցով հանդիպել են Ադրբեջանի ներկայացուցիչների հետ, ճանապարհի բացման հարցը շուտով կլուծվի։
Լավրովը շեշտել է նաև՝ ռուս խաղաղապահներն շարժը վերահսկելու բոլոր լծակներն ունեն․ «Մենք շատ պարզ բան ենք առաջարկել․ խաղաղապահ առաքելությունը, որը Ռուսաստանն ուղարկել է, եռակողմ հայտարարության համաձայն՝ օժտված է շարժը վերահսկելու լիազորություններով։ Եվ այդ առաքելությունն ունի բոլոր հնարավորությունները ստուգելու՝ արդյոք տրանսպորտային միջոցներում արգելված, ոչ հումանիտար ու քաղաքացիական նշանակության իրեր կան», – նշել է ՌԴ արտգործնախարարը։
Հանքերի հետ կապված տարաձայնություններին ռուս պաշտոնյան այս անգամ չի էլ անդրադարձել։
Դեկտեմբերի 12-ից՝ Ղարաբաղը Հայաստանին կապող ճանապարհի շրջափակման առաջին իսկ օրվանից, Ստեփանակերտը հայտարում է, թե բնապահպանական և հանքարդյունաբերական հարցերը պատրվակ են, որն Ադրբեջանն օգտագործում է, մի կողմից, Լաչինի միջանքը վերահսկողության տակ առնելու, մյուս կողմից՝ Ղարաբաղի հայերի համար անտանելի պայմաններ ստեղծելու և նրանց հեռացումը ապահովելու համար։
Նախքան հանքարյդունաբերական խնդիրների երևան գալը՝ Բաքուն պարբերաբար խոսում էր այսպես կոչված ականների տեղափոխության մասին․ Երևանն ու Ստեփանակերտը այս մեղադրանքները հերքում էին։ Ռուս խաղաղապահների և Ադրբեջանի ներկայացուցիչների բանակցություններից հետո՝ նախքան շրջափակումը, Մոսկվան հայտարարել էր, թե ռուսական անցակետերում տեխնիկական վերահսկման հատուկ սարքեր կտեղադրվեն և, ըստ Ղարաբաղի ԱԱԾ-ի, հավաստիացրել էր, որ միջանցքում ադրբեջանական հենակետ չի լինելու։
Ադրբեջանի պահանջներն Արցախի համար անընդունելի են՝ դեռևս հունվարի 19-ին հայտարարել էր Ղարաբաղի խորհրդարանի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը, ըստ որի՝ եթե Ստեփանակերտը այսօր զիջի, հետագայում Բաքուն նորանոր պահանջներ է ներկայացնելու։
Հունվարի 18-ին՝ Ղարաբաղի ու Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից հետո, նախագահ Արայիկ Հարությունյանը Անվտանգության խորհրդի նիստ էր հրավիրել, որին մասնակցել են նաև ղարաբաղյան օրենսդիրները։ Ղարաբաղ-Ադրբեջան շփումների մանրամասները նրանք չեն հրապարակվել։
Հայաստանյան լրատվամիջոցները՝ հղվելով իրենց աղբյուրներին, պնդում էին, որ ադրբեջանցիները պահանջել են դադարեցնել Կաշենի և Դրմբոնի հանքավայրերի շահագործումը, միջանցքի ռուսական անցակետում տեղադրել ռենտգեն-սկաներ սարք և ապահովել այնտեղ մեկ ադրբեջանցու ներկայությունը։ Ըստ շրջանառվող լուրերի, նրանք նաև ամիսներ առաջ ռուսական քաղաքացիությունից հրաժարված և Ղարաբաղի պետնախարարի պաշտոնը ստանձնած Ռուբեն Վարդանյանի հրաժարականն են պահանջել․ ավելի վաղ Բաքուն հայտարարել էր, թե չի պատրաստվում «Մոսկվայից ուղարկված Վարդանյանի» հետ։
Պահանջները Ստեփանակերտի կողմից մերժվել են։ Ղարաբաղը այժմ պարբերաբար հիշեցնում է՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն Լաչինի միջանցքը պետք է վերահսկվի բացառապես ռուսական խաղաղապահ զորախմբի կողմից։
hard talk
Ռուբեն Վարդանյանը, որն այս օրերին ոչ միայն ճգնաժամային իրավիճակը համակարգող, այլև հրապարակային հայտարարություններ անող հիմնական ղարաբաղյան պաշտոնյան է, նախօրեին BBC-ի Hard Talk-ին տված հացազրույցում հավաստիացրել է, որ Ստեփանակերտը պատրաստ է բանակցությունների՝ պայմանով, որ «ադրբեջանական կողմից լինի ընկալում, որ սա բանակցություն է երկու կողմի միջև»:
Մենք ակնկալում ենք, որ կապրենք կողք կողքի, բայց առանձին տարածքով, առանձին պետություններով, առանձին օրենսդրական դաշտով՝ հավելել է Ղարաբաղի պետնախարարը։
Լրագրողի դիտարկմանը, թե 2020-ի պատերազմից հետո, թվում է, Արցախի հայերի համար իրատեսական երկու ելք է մնացել՝ կամ քաղաքական համաձայնության հասնել Ադրբեջանի հետ, կամ թողնել-հեռանալ, Վարդանյանը պատասխանել է՝ մենք Ադրբեջանի կազմում մնալու որևէ հնարավորություն չենք տեսնում:
«Արցախի ժողովուրդը 1988-ին որոշել է, որ չի ուզում լինել Ադրբեջանի մաս: Նրանք պայքարել են իրենց ազատության համար և ամեն ինչ արել իրավական ճանապարհով: Եվ մենք հիմա շատ հստակ հարց ենք տալիս աշխարհին`մենք ինքնորոշման իրավունք չունե՞նք, հատկապես մի երկրում, որը ոտնահարում է իր իսկ ժողովրդի բոլոր հիմնարար իրավունքները: Ինչպես մենք կարող ենք ապրել մի երկրում, որտեղ Ադրբեջանի Հանրապետության գոյության 104 տարիների ընթացքում արդեն 44 տարի միևնույն ընտանիքն է իշխում», – հայտարարել է պաշտոնյան:
Դեկտեմբերի 12-ից ի վեր Ղարաբաղը շրջափակման մեջ է։ Արդեն մի քանի օր է՝ գազամատակարարումն ամբողջությամբ խափանված է, շաբաթներ շարունակ Հայաստանից հոսանք չի մատակարարվում, Ստեփանակերտում և շրջաններում 6-ժամյա հովհարային անջատումներ են, առաջնային անհրաժեշտության սնունդն արդեն կտրոններով են վաճառում։
տե՛ս նաև
Հիմա էլ ինտերնետը․ Արցախում ապրելն անհնար են դարձնում
Ինչ են շնչում Ղարաբաղի չինովնիկները․ ընդդիմադիրի անդրադարձը
Ռուսը չլինի՝ մենք չենք լինի․ Ռ․ Վարդանյանը՝ ղարաբաղցիների անունից
Հայերին վտարում են Ղարաբաղից
Փակ Լաչինը կարող է էլ ավելի փակ լինել
Ղարաբաղի բլոկադան կարող է պատերազմով ավարտվել
30 տարի անց Ղարաբաղի հայերը կրկին փողոցում են՝ փնտրում են ռուս գեներալին
Արցախցի երեխաների նվերները դեռ տեղ չեն հասել
Ղարաբաղի հայեր․ մեզ վտարում են, թողեք ուղիղ բանակցենք
Միջանցք փակելը նաև ոսկու մասին է
Բաքվի «բնասիրությունը» էթնիկ զտման է նմանվում