Մոսկվան ողջունում է Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, որը սկսվել է ռուսական կողմի աջակցությամբ՝ Թուրքիայի արտգործնախարարի հետ բանակցություններից հետո հայատարարել է Սերգեյ Լավրովը։
Մևլութ Չավուշօղլուի հրավերով Ռուսաստանի արտգործնախարարը նախօրեին ժամանել էր Անկարա։ Ռուսական կողմի հաղորդագրությունում նանապես նշվում էր՝ արտգործնախարարները, ի թիվս այլի, պլանավորում են մանրամասն քննարկել «Անդրկովկասում համագործակցությունը խորացնմանը, այդ թվում՝ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների վերականգնմանը, կոմունիկացիաների և տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակմանը, տարածաշրջանի հետկոնֆլիկտային վերականգնմանը վերաբերող հարցեր»։
Թուրք գործընկերոջ հետ այսօր տեղի ունեցած դռնփակ բանակցություններից հետո Լավրովը ընդգծել է՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև բոլոր հարցերի շուրջ ձեռք են բերվել եռակողմ պայմանավորվածություններ, որոնք առ այսօր մնում են երկու երկրների հարաբերությունների կարգավորման հիմքում: Ռուս դիվանագետը կրկին հայտարարել է, թե արտաքին որոշ ուժեր փորձում են խոչընդոտել սրան։
«Հուսով ենք, որ մեր ոչ տարածաշրջանային գործընկերները չեն միջամտի այս գործընթացին, այլ կուղղորդեն կողմերին եռակողմ համաձայնագրերի խստորեն իրականացմանը», – նշել է Լավրովը։
Չավուշօղլուն տեղեկացրել է, որ երեկ և այսօր Լավրովի հետ քննարկել են Հարավային Կովկասին, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերություններին, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր: Հանդիպման մանրամասները չեն հանրայնացվել։
Թուրք դիվանագետը միայն շեշտել է՝ Անկարան ցանկանում է, որ Ադրբեջանը և Հայաստանը համապարփակ խաղաղության համաձայնագիր ստորագրեն։
Ավելի ուշ Ռուսաստանի արտգործնախարարը հանդիպելու է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ։ Ուկրաինայից, Հարավային Կովկասից, միջազգային և տարածաշրջանային այլ հրատապ հարցերից բացի այցի ընթացքում Լավրովը մտադիր է քննարկել նաև համատեղ ռազմավարական ծրագրերը՝ «Թուրքական հոսք» գազատարի շահագործումը, «Ակկույու» ատոմակայանի շինարարության ընթացքը․ ատոմակայանը Թուրքիայում Ռուսաստանն է կառուցում։
Ի տարբերություն ՆԱՏՕ-ի անդամ մյուս երկրների՝ Ուկրաինա ներխուժելու պատճառով Թուրքիան չի սահմանափակել համագործակցությունը Ռուսաստանի հետ և չի միացել արևմտյան պատժամիջոցներին։ Անցած տարի գարնանը Անակարան ստանձնել է Կիևի և Մոսկվայի միջև միջնորդի դերը․ +ռուս-ուկրաինական բանակցային գործընթացը արդեն մոտ մեկ տարի է սառեցված է։
Մարգարան, ամեն դեպքում, կնախապատրաստվի
2023-ի փետրվարին՝ Թուրքիա կատարած իր այցից հետո, Հայաստանի արտգործնախարարը հայտարարել էր, թե որոշում կա արագացնել հայ-թուրքական երկխոսության և սահմանների վերջնական բացման նպատակով տեղի ունեցող գործընթացը։
Թուրքիայի հարավում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերից հետո Հայաստանը (դեպի Թուրքիային ամենակարճ ավտոճանապարհով՝ 1993-ից փակված Մարգարայի կամրջով) 100 տոննա մարդասիրական բեռ էր ուղարկել հարևան երկիր։ Արարատ Միրզոյանը մեկնել էր Ադիյաման, ուր ավելի վաղ գործուղվել էր հայ փրկարարների 27 հոգանոց խումբը։
Այցից հետո արտգործնախարարը տեղեկացրել էր․ «Մինչև զբոսաշրջային սեզոնի մեկնարկը նաև կաշխատենք ավարտին հասցնել 3-րդ երկրների քաղաքացիների համար և մեր երկու երկրների դիվանագիտական անձնագրեր ունեցող քաղաքացիների համար ցամաքային սահմանի հատումը»։
Թե ի՞նչ ընթացք է հետագայում տրվել այս պայմանավորվածություններին՝ պարզ չէ։
Նախօրեին հայտարարվել էր, Հայաստանի ՊԵԿ-ը Թուրքիայի հետ սահմանային «Մարգարա» անցմակետի հնարավոր վերագործարկման համար նախապատրաստական աշխատանքներ է սկսել։ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը պարզաբանել էր՝ փորձում են այնպես անել, որ անցակետի հնարավոր գործարկման դեպքում մաքսային ընթացակարգերը սահուն կերպով իրականացվեն: