2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Հայաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել Թուրքիա

Հայաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել երկրաշարժից տուժած Թուրքիային, հայտնել է արտգործնախարարության խոսնակ Վահան Հունանյանը: Ըստ Կոստանյանի՝ բեռնատարներն անցել են Արմավիրի մարզում գտնվող Մարգարայի կամրջով։ Սա Հայաստանը Թուրքիային կապող ամենակարճ ճանապարհն է, որը 1993-ի շրջափակումից ի վեր փաստացի չի գործում։ «Բացի 28 հոգանոց փրկարարական թիմից և տեխնիկական սարքավորումներից, երկրաշարժից անմիջապես հետո հայ ժողովրդի կողմից 5 բեռնատարներ՝ լցված 100 տոննա պարենի, դեղորայքի, ջրի և շտապ օգնության այլ փաթեթներով, անցնել են Ալիջանի սահմանային դարպասով և մեկնել Ադըյաման։ Շնորհակալություն, Հայաստան», - գրել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը։ Հիշեցնենք՝ փետրվարի 7-ին Հայաստանը նաև փրկարարական ջոկատներ էր ուղարկել Թուրքիա՝ աջակցելու իրականացվող որոնողափրկարարական աշխատանքներին։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցի ժամանակ, շնորհակալություն էր հայտնել «զորակցության համար և նշել, որ Թուրքիայի կառավարությունը բարձր է գնահատում Հայաստանի աջակցությունը՝ կարևորելով այդ քայլը նաև երկու երկրների միջև հետագա երկխոսության խորացման տեսանկյունից»։ Փետրվարի 6-ին Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի ու ցնցումների զոհերի թիվը, վերջին տվյալներով, անցել է 20 հազարը, ավելի քան 80 հազար մարդ վիրավոր է։