Home / Հայաստան / Երկրաշարժ Թուրքիայում և Սիրիայում. Հայաստանը պատրաստ է օգնել (թարմացվող)

Երկրաշարժ Թուրքիայում և Սիրիայում. Հայաստանը պատրաստ է օգնել (թարմացվող)

փետրվարի 7, ժ․ 11։30 — Երկրաշարժի զոհերի թիվը Թուրքիայում հասել է 3381, վիրավորներինը՝ 20436-ի։ Սիրիայում զոհերի թիվն այս պահի դրությամբ 1444 է։ Միայն Թուրքիայում մոտ 6000 շենք է փլուզվել։

Ավելի քան 15 միլիոն մարդ գիշերել է փողոցում։ Որոնողական աշխատանքները դեռ շարունակվում են։

Ամփոփված տվյալների համաձայն, երեկ գիշերը (7.7-7.8 մագնիտուդ)և օրվա մեջ (7.6 մագնիտուդ) տեղի ունեցած երկու ավերիչ երկրաշարժերից հետո առնվազն 185 հետցնցում է գրանցվել, որոնցից ամենաուժգինները՝ 5, 6 և 6․6 մագնիտուդով։

Մալաթիայում զոհված հայ ամուսինների մանկահասակ երեխաներից մեկը հիվանդանոցում մահացել է։

15։20 — Առկա տվյալներով, երկրաշարժի հետևանքով Սիրիայում 4, Թուրքիայում 2 հայ է զոհվել՝ տեղեկացրել են Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից։ Մալաթիայում զոհվածները ամուսիններ են։

14։48 — Քիչ առաջ Թուրքիայի հարավում նոր՝ 7․7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել․ Դիարբեքիրում նոր շենքեր են փլուզվում, շենքերից մեկի փլուզման պահը հայտնվել է տեղական հեռուստաալիքների ուղիղ եթերում։

Գազիանթեփում ասֆալտապատ փողոցներին ճաքեր են հայտնվել։ Ստորգետնյա նոր ցնցումը զգացվել է թուրքական Սամսունում, Ադանայում, Չորումում և մի շարք այլ քաղաքներում, Սիրիայում՝ Դամասկոսում, Լատակիայում։ Թուրքական տելեգրամ-ալիքները գրում են նաև կենտրոնական Թուրքիայում ուժգին հետցնցումների մասին։

https://twitter.com/epressam/status/1622555719319912448

14։00 — Թուրքիայի հարավ-արևելքում՝ Սիրիայի հետ սահմանին, գիշերը հզոր երկրաշարժ է գրանցվել։ Թուրքիայի արտակարգ իրավիճակների ծառայությունը նշել է, որ 7․4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի էպիկենտրոնը Քահրամանմարաշ մարզի Պազարջիկ շրջանում էր։ Եկրաշարժը տեղական ժամանակով ժամը 04։17-ին է եղել։ Ստորգետնյա ցնցումները զգացվել են նաև հարևան Սիրիայում և մի քանի այլ երկրներում։ Տասնյակ քաղաքներ փլատակների տակ են, կան հայրուրավոր զոհեր։

EMSC-ի և ԱՄՆ Երկրաբանական ծատայության տվյալներով, երկրաշարժի ուժգնությունը կազմել է 7․8 մագնիտուդ։ Սեյսմիկ տեսանկյունից այն գնահատվում է որպես «ավերիչ»։

Երկրաշարժից հետո առնվազն 42 հետցնցում է գրանցվել (որոշ տվյալներով՝ 66), դրանցից ամենաուժգինը՝ 6․6 մագնիտուդով։ Պատկերացնելու համար նշենք, որ 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի ուժգնությունը կազմել է 6․8 մագնիտուդ։

Ստորգետնյա ցնցումները զգացվել են Թուրքիայում՝ Ադանա, Անկարա, Անթալիա, Գազիանթեպ, Կայսերիում, Մերսին, Թրաբզոն, Շանլըուրֆա նահանգներում, նաև Սիրիայում, Լիբանանում, Իրաքում, Եգիպտոսում, Հունաստանում, Կիպրոսում։ Թուրքիայի և Սիրիայի մի շարք քաղաքներ ավերված են։

Իտալիայում հայտարարել էին ցունամիի բարձր վատնագի մասին, ավելի ուշ ահազանգը հետ է կանչվել։

հարյուրավոր զոհեր

Զոհերի թիվը Թուրքիայում հասել է 912-ի՝ հայտարարել է նախագահ Ռեջեփ Էրդողանը։ Ավելի քան 5 հազար վիրավոր կա։

Սիրիայում առնվազն 237 մարդ է զոհվել, առնվազն 639-ը վիրավոր են՝ հաղորդել է տեղական ԱՆ-ն։ Զոհեր կան Հալեպում, Լաթաքիայում, Համայում, Տարտուսում։

Այս պահի դրությամբ առկա տեղեկատվությունների համաձայն՝ երկրաշարժի հետևանքով Սիրիայի Հալեպ քաղաքում զոհվածների թվում են ազգությամբ երկու հայ, որոնցից մեկը՝ երկքաղաքացի (Սիրիայի և Հայաստանի), գրել է Հայաստանի արտգործնախարարությունը․ «Աշխատանքներ են տարվում նաև Թուրքիայում տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիների առկայության մասին տեղեկատվություն ստանալու ուղղությամբ»։

փլատակների տակ

Պաշտոնական տվյալների համաձայն, Թուրքիայում առնվազն 1710 շենք է փլվել։ Համացանցում շրջանառվող տեսանյութերում ամբողջությամբ ավիրված կվարտալներ են երևում․ փլված շինությունների առնվազն մի մասը բազմահարկ/բազմաբնակարան շենքեր են։

«Անադոլուն» գրում է, որ երկրաշարժից հետո Թուրքիայի որոշ շրջաններում հրեհվել են գրասենյակային և արտադրական տարածքները։ Հաթայի մարզում գազատար է պայթել, ավիրվել է նաև տեղական օդանավակայանի թռիչքուղին։ Քահրամանմարաշի և Գազիանթեպի օդանավակայանները դադարեցրել են քաղաքացիական չվերթները։

Երկրաշարժի հետևանքով քանվել է նաև Գազիանթեփի պատմական ամրոցը։ Սիրիայում վնասվել է Հալեպի միջնաբերդը։

Ստամբուլում թողարկվող «Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը տեղեկացրել է, որ երկրաշարժի հետևանքով Թուրքյաի Իսքենդերունի շրջանում վնասվել է նաև հայկական Սրբոց Քառասուն Մանուկ եկեղեցին։ «Տեղի միակ հայկական գյուղից՝ Վաքըֆլից լուրերը նույնպես մտահոգիչ չեն»,- հավելել է Գոչունյանը։ 

տագնապ

Թուրքիայում ամենաբարձր մակարդակի տագնապ է հայտարարվել․ երկրի իշխանությունները աջակցություն են հայցել միջազգային հանրությունից։

Որոնողական և փրկարարական աշխատանքները շարունակվում են․ դրանցում ներգրավվել է նաև թուրքական բանակի օդուժը։ Հազարավոր կամավորներ Ստամբուլից տեղափոխվել են աղետի գոտի։

Փրկարարական աշպատանքներում է ներառվել նաև Սիրիայի ՊՆ-ն։

СNN-ը նշում է, որ փրկարարական օպերացիայի վրա կարող են ազդել նաև եղանակային պայմանները․ Գազիանթեփում, օրինակ, ջերմաստիճանի անկում, անձրև և ձյուն է սպասվում։

«Սպիտակ սաղավարտներ» սիրիական բարեգործական կազմակերպությունը Սիրիայի հյուսիս-արևմուտքը «աղետի գոտի» է անվանել։ Կազմակերպության տվյալներով, այնտեղ հարյուրավոր զոհեր և վիրավորներ կան։

վերջին տարիների ամենաավերիչ երկրաշարժը

Սա, ըստ ամենայնի, վերջին տարիների ամենաավերիչ երկրաշարժերից մեկն է։

Կանդիլի թուրքական աստղադիտարանը, որը զբաղվում է նաև երկրաշարժերի ուսումնասիրությամբ, հայտարարել է, որ սա ամենաուժգին ստորգետնյա ցնցումն է 1999 թվականի օգոստոսի 17-ին Իզմիթում տեղի ունեցած երկրաշարժից հետո։ Պաշտոնական տվյալներով, այն ժամանակ ավելի քան 17 հազար մարդ էր զոհվել։ Վիրավորների թիվը գերազանցում էր 44 հազարը։

ԱՄՆ երկրաբանական ծառայությունը նշել է, որ Քահրամանմարաշի երկրաշարժը երկրում վերջին 100 տարիներին տեղի ունեցած ամենաուժգին ցնցումներից մեկն է։ Ամերիկացի երկրաբաններն այն համեմատել են Արևելյան Թուրքիայում 1939 թվականին տեղի ունեցած երկրաշարժի հետ, որը առնվազն 30 հազար մարդու կյանք էր խլել։

ցավակցություններ

Օգնություն ցուցաբերելու պատրաստակամություն հայտնած պետությունների թվում է նաեւ Հայաստանը:

«Վշտացած եմ Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի լուրից, որը հանգեցրել է բազմաթիվ մարդկային կյանքերի կորուստի։ Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին, իսկ վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում։ Հայաստանը պատրաստ է օգնություն ցուցաբերելու», – թվիթերում գրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։