Home / Հայաստան / Սիրիան և Թուրքիան օգնության կարիք ունեն. զոհերի թիվը աճում է

Սիրիան և Թուրքիան օգնության կարիք ունեն. զոհերի թիվը աճում է

Հայաստանը փրկարարական ջոկատներ է ուղարկում Թուրքիա և Սիրիա՝ «աջակցելու ավերիչ երկրաշարժի հետևանքով տուժած շրջաններում իրականացվող որոնողափրկարարական աշխատանքներին», գրել է արտգործնախարարության խոսնակ Վահան Հունանյանը։

20։26 —Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռեջեփ Էրդողանի հետ:

Հայաստանի կառավարության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահը «շնորհակալություն է հայտնել զորակցության համար և նշել, որ Թուրքիայի կառավարությունը բարձր է գնահատում Հայաստանի աջակցությունը՝ կարևորելով այդ քայլը նաև երկու երկրների միջև հետագա երկխոսության խորացման տեսանկյունից»։

19-29 — Փետրվարի 6-ի գիշերը հարավ-արևելյան Թուրքիայում տեղի է ունեցել երկրի պատմության մեջ ամենաավերիչ երկրաշարժերից մեկը, որը հսկայական վնասներ է հասցրել նաև հարևան Սիրիային։ 7․7-7․8 մագնիտուդ ուժգնությամբ առաջին ստորգետնյա ցնցումից հետո ավելի քան 300 հետցնցումներ են գրանցվել, այդ թվում՝ կենտրոնական Թուրքիայում։ Դրանցից ամենաուժգինը՝ 7․6 մագնիտուդով, տեղի է ունեցել երեկ՝ կեսօրից հետո։ Հետցնցումներից մի քանիսը գերզանցել են 5․6 մագնիտուդը (պատկերացնելու համար՝ 88 թվի Սպիտակի երկրաշարժը 6․8 մագնիտուդ ուժգնություն ուներ)։  

տե՛ս Երկրաշարժ Թուրքիայում և Սիրիայում (թարմացվող)

Ավերիչ երկրաշարժերի շղթան հազարավոր կյանքեր է խլել․ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով որոնողափրկարական աշխատանքները խիստ բարդացված են, տեղական ԶԼՄ-ները գրում են, որ փլատակների տակ մնացած մարդիկ արդեն նաև ցրտից են մահանում։

Սիրիայի հետ սահմանակից և լեռնային շրջանները նաև դժվարանցանելի են․ սոցցանցերի օգտատերերն ահազանգում են, որ այնտեղ մնացած մարդկանց օգնություն չի հասնում։

Միայն Թուրքիայում ավելի քան 5700 շենք է փլուզվել։ ԱՀԿ-ի գնահատմամբ՝ երկրաշարժից (այն կամ այն կերպ) տուժել է շուրջ 23 միլիոն մարդ։

Փետրվարի 7-ի առավոտյան տվյալներով, երկու երկրներում զոհերի թիվը հասել է 5 հազարի, ավելի քան 25 հազար մարդ վիրավոր է։

Թուրքիայի՝ ցնցումներից տուժած 10 նահանգներում արտակարգ դրություն են հայտարարել։ Դեռ երեկ տագնապի ամենաբարձր աստիճան էր հայտարարվել․ Անկարան հայցել էր միջազգային հանրության աջակցությունը։

Եկրաշարժից մի քանի խոշոր հրդեհներ են բռնկվել, այդ թվում՝ Իսկենդերունի նավահանգստում։

https://twitter.com/Doranimated/status/1622765674887102465

Ավելի քան 15 միլիոն մարդ, այդ թվում՝ տարեցների և հաշմանդամների ինտերնատների բնակիչները, գիշերն անց են կացրել փողոցում՝ մինուսային ջերմաստիճանի պայմաններում։ Մարդկանց մի մասը մնացել է վրանային ճամբարներում, մի մասը՝ մզկիթներում, մեքենաներում, հասարակական վայրերում, պարզապես փողոցում։

https://twitter.com/YellowmanEffect/status/1622841371190067200

Եկրաշարժից տուժած բնակավայրերի հիվանդանոցները լեփ լեցուն են։ Որոշ շրջաններում վնասվել են ասֆալտապատ ճանապարհները․ հաղորդակցությունները խափանված են։

Աշխարհի տարբեր ծայրերից փրկարարական ջոկատներ են ժամանում՝ որոնողական աշխատանքներին միանալու համար։

Հաստատված տվյալներով, Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժից 7 հայ է զոհվել։ Սիրիայում մահացածներից երկուսը մայր և որդի էին․ ընտանիքի հորն ու դստերը հաջողվել է հանել փլատակներից ու հիվանդանոց հասցնել։ Մյուս երկու զոհերի ինքնության մասին առայժմ տեղեկություն չկա։ Թուրքիայի Մալաթիա քաղաքում երկրաշարժը հայազգի ամուսինների կյանքը խլեց, ավելի ուշ հիվանդանոցում մահացավ նրանց մանկահասակ երեխան։

https://twitter.com/epressam/status/1622566317738844161

Հետցնցումները դեռևս շարունակվում են։