Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը այսօր ամփոփում էր պաշտոնավարման 100 օրը։ Ասուլիսի ընթացքում նա խոսեց «աղետի գոտու» բնակապահովման խնդրի մասին՝ կատարված աշխատանքների, հաշվառման արդյունքերի, ընթացիկ ծրագրերի։ Վերմիշյանը հայտարարեց, որ կառավարությունը մինչև 2020 թվականը պատրաստվում է բնակարանով ապահովել աղետի գոտու բոլոր շահառուներին։ Նրա գնահատմամբ, Սպիտակի երկրաշարժի հետևանքով տնակներում ապրող շահառու ընտանիքների թիվը 453 է, հաշվարկվել է, որ նրանց բնակապահովման ծրագիրը 3 միլիարդ դրամ կպահանջի։
«2020 թվականին վերջնականապես այդ հարցը կփակվի, որպեսզի 21 թվականին աղետի գոտու շահառու հասկացողությունը վերանա,» ― ասել է Վերմիշյանը։
Վերմիշյանը նշեց, որ Կառավարության որոշման համաձայն՝ 2008-2020 թթ․ 5396 ընտանիք պետք է ապահովվեր բնակարանով:
«2008-2017 թթ․ ապահովվել է 4839 ընտանիք, և պետական բյուջեից դրա համար ծախսվել է մոտ 65 միլիարդ դրամ: 2018 թվականին բյուջեից հատկացվել է 460 միլիոն դրամ, և ապահովվել է բնակարանով 44 ընտանիք: 2019 թվականի բյուջեով նախատեսված է 560 միլիոն դրամ և 60 ընտանիք»,- նշեց Վերմիշյանը:
Վերմիշյանի պնդմամբ՝ տնակներում ապրող ոչ բոլոր անձինք կամ ընտանիքներն են շահառուներ, քանի որ նրանց թվում կան նաև անշարժ գույք ունեցողներ:
«Շիրակ կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Վահան Թումասյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ասուլիսի ժամանակ հնչած թվերին․
«Գյումրիում այս պահին մոտ 2500 ընտանիք անօթևան են, նրանցից մոտ 1500-ը կամ շուրջ 5000 մարդ երկրաշարժի հետևանքով ուղղակի անօթևաններ են, նրանց բնակարանով ապահովելու որևէ ծրագիր չկա և հայտնի չէ, թե երբևէ լինելու է:
Բառախաղով կամ լրագրողների՝ աղետի գոտու խնդիրներից ոչ իրազեկ լինելու վրա հույս դնելով, սարսափելի անմարդկային պայմաններում բնակվող մեր հայրենակիցների կացարանային պայմանները չեն փոխվելու,» ― գրել է Թումասյանը։
Ավելի վաղ նա հայտարարել էր, որ աղետի գոտու շահառուների թիվը մի քանի անգամ ավել է, քան նշվում է պաշտոնապես։ Շահառուների մի մասը դեռ նախկին իշխանությունների օրոք չեն ընդգրկվել համապատասխան ցանկում՝ փաստաթղթային խնդիրների հիմքով կամ որովհետև«սեփական տուն են կորցրել, ոչ թե պետական»։