Home / Հայաստան / Հայաստանի և Թուրքիայի ԱԳՆ ղեկավարները ջան էին ասում, ջան լսում

Հայաստանի և Թուրքիայի ԱԳՆ ղեկավարները ջան էին ասում, ջան լսում

«Սա պատմական այց է»․ ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը այսպես է որակել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի՝ Թուրքիա կատարած այցը։

Անկարայում մեկնարկել է Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումը: Առանձնազրույցից հետո Արարատ Միրզոյանն ու Մևլութ Չավուշօղլուն հանդես են եկել հայտարարություններով։

հարաբերություններ ու սահմաններ

Միրզոյանը վերահաստատել է Թուրքիայի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորման ու սահմանի բացման հարցում Հայաստանի պատրաստակամությունը:

«Մեր այսօրվա հանդիպումը պայմանավորված է բազում կյանքեր խլած աղետով, սակայն այս դժվարին պահին գտնվելով Թուրքիայում, ևս մեկ անգամ ցանկանում եմ վերահաստատել տարածաշրջանում խաղաղություն կառուցելու, և մասնավորապես Թուրքիայի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորման, դիվանագիտական հարաբերությունների հաստատման ու Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի ամբողջական բացման հարցում Հայաստանի պատրաստակամությունը և ձգտումը: Այսօր մենք քննարկել ենք այս գործընթացին վերաբերվող որոշակի դետալներ, ունենք համաձայնություն համատեղ ջանքերով վերանորոգել Անիի կամուրջը, ինչպես նաև հոգ տանել համապատասխան ենթակառուցվածքների մասին՝ սահմանի ամբողջական բացմանն ընդառաջ», – ասել է Հայաստանի արտգործնախարարը:

Անիի կամուրջը գտնվում է հայ-թուրքական սահմանին՝ Ախուրյան գետի վրա։

Հանդիպման ընթացքում նախարարները անդրադարձել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող աշխատանքներին:

«Հարավային կովկասում շարունակվում է հարաբերությունների նորմալացման գործընթացը: Համոզված ենք, որ այս օրերին տեղի ունեցած համագործակցությունը նպաստելու է այս գործընթացին: Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև նորմալացման գործընթացները, կարծում եմ, նպաստելու են մեր տարածաշրջանում կայունության և բարօրության հաստատմանը:

Մեր երեք երկրներն իրենց անկեղծ քայլերով կարող են հարատև կայունություն բերել կովկասյան տարածաշրջանում», – ասել է Թուրքիայի արտգործնախարարը:

Պայմանավորվել ենք արագացնել ցամաքային հաղորդակցության բացման աշխատանքները՝ ասել է Չավուշօղլուն։

«Երկու կողմերն էլ սահմանային անցակետերի մոտ ճանապարհների և կամուրջների վերլուծության և ստուգման արդյունքներն ունեն։ Աշխատանքներ են տարվում, քայլեր կան, որոնք մենք կձեռնարկենք դեպի սահմանային անցակետ տանող ճանապարհների հարցով։ Պայմանավորվել ենք արագացնել այդ ամենը», – ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը։

Չավուշօղլուն հիշեցրել է, որ տվյալ երթուղին պատմական «Մետաքսի ճանապարհն» է, և դրա վերականգնումը կարևոր նշանակություն կունենա:

երկրաշարժեր

Նմանօրինակ բնական աղետներն ու դրանց ծավալները դուրս են գալիս պետության սահմաններից, ընգծել է Միրզոյանը։ 

«Իմ ժողովրդի պատմության ամենադառը էջերից մեկը 1988 թվականի Սպիտակի կործանիչ երկրաշարժն էր, և այսօր մեզ համար խորթ չէ այն վիշտը, որն այցելել է Թուրքիայի հազարավոր ընտանիքներ: Նմանօրինակ բնական աղետներն ու դրանց ծավալները դուրս են գալիս պետության սահմաններից՝ դառնալով համամարդկային ողբերգություններ: Եվ աշխարհը դրանք հաղթահարելու համար պետք է գործի միասնական ճակատով: Ես հավատացած եմ, որ միջազգային հանրությունը մոլորակի որևէ կետում տեղի ունեցող որևէ հումանիտար ճգնաժամի պարագայում չպետք է անտարբեր մնա», – ասել է ՀՀ ԱԳ նախարարը: 

Հայաստանն այս դժվարին օրերին մեզ իր մարդասիրական ձեռքն է ուղղել և ցույց է տվել համերաշխություն և համագործակցություն՝ հայտարարել է Մևլութ Չավուշօղլուն՝ շնորհակալություն հայտնելով ուղարկված մարդասիրական ու փրկարարական օգնության համար։

«Դժբախտաբար, Հայաստանը ևս գտնվում է սեյսմիկ գոտում: Բոլորիս հիշողության մեջ մնում է 1988 թվականին Սպիտակի աղետալի երկրաշարժը, որի ժամանակ Թուրքիան ևս օգնություն էր ուղարկել Հայաստանին: Հայաստանը 1999 թվականին մեր երկրում տեղի ունեցած երկրաշարժի ժամանակ ևս մարդասիրական օգնություն էր ուղարկել», – հիշել է Թուրքիայի արտգործնախարարը:

Արարատ Միրզոյանը այցի ընթացքում հանդիպելու է երկրաշարժից տուժած Ադիյաման քաղաքում որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնող Հայաստանի փրկարարական խմբին:

Հիշեցնենք՝ ՀՀ արտգործնախարարը Թուրքիա է մեկնել այսօր։ Նրա գլխավորած պատվիրակության կազմում է նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման բանակցություններում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ, Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը: 

Միրզոյանն իր պաշտոնավարման ընթացքում երկրորդ անգամ է այցելում Թուրքիա։ 2022 թվականի մարտին նա մասնակցել էր Անթալիայում կազմակերպված դիվանագիտական ֆորումին, որտեղ փակ հանդիպում էր ունեցել Չավուշօղլուի հետ։