Պաշտոնական Երևանն ակնկալում է առաջիկա իսկ ամիսներին կյանքի կոչել հայ-թուրքական վերջին բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ երրորդ երկրների քաղաքացիների համար բացել ցամաքային սահմանը և մեկնարկել Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումները։
Թե սահմանի կոնկրետ ո՞ր հատվածն է բացվելու և ո՞վ է հսկելու այնտեղ տեղադրված անցակետերը՝ պարզ չէ։ Բանակցություններում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը տրամաբանական է համարում, որ գործի սովորական սահմանային ռեժիմ՝ անձնագրային անցակետով, մաքսային վարչարարությամբ։
«Բոլոր տեխնիկական դետալները պետք է քննարկվեն երկու երկրների գերատեսչությունների հմապատասխան ներկայացուցիչների միջև», – «Ազատության» եթերում ասել է Ռուբինյանը՝ հավելելով՝ նախապատրաստական երկկողմանի գործընթաց դեռևս չկա, բայց շուտով մեկնարկելու է։
Հայ-թուրքական սահմանին ականազերծման աշխատանքներ են սկսվել
«Մինչ Կարսի բնակիչները սպասում են «Դողուքափը» սահմանային անցկակետի բացմանը, Հայաստան-Թուրքիա սահմանին ականազերծման աշխատանքներ են սկսվել», – վկայակոչելով թուրքական «GazeteKars» լրատվական կայքը՝ գրել է ErmeniHaber-ը։
Աղբյուրի համաձայն՝ ականազերծման աշխատանքներն արդեն 20 օր է, ինչ ընթանում են Կարսի Աքյաքա շրջանի Իբիշ գյուղի տարածքում։
Վերոնշյալի մասին պաշտոնական աղբյուրներից տեղեկատվություն առայժմ չկա:
Հայ-թուրքական սահմանի մեծ մասն անցնում է Արաքս և Ախուրյան գետերի երկայնքով, փոքր մասը՝ Ամասիայի լեռներով (Շիրակի մարզ): Մինչև սահմանի շրջափակումը (Ղարաբաղյան առաջին պատերազմի տարիներին) գործել է երկու սահմանային անցակետ՝ Ալիջան-Մարգարա՝ Արաքսի վրա (Արմավիրի մարզ) և Դողուքափը-Ախուրիկ՝ Շիրակի մարզ, որտեղով անցնում է դեռ ցարական ժամանակներում կառուցված և պարապուրդի մատնված Կարս-Գյումրի երկաթգիծը:
Թուրքիան առաջարկում է հանդիպումները տեղափոխել Անկարա կամ Երևան, Հայաստանը՝ բացել սահմանը դիվանագիտական անձնագիր ունեցողների համար
Հղվելով թուրքական դիվանագիտական աղբյուրներին՝ ռուսական «Ռիա Նովոստի» պետական գործակալությունն հուլիսի 12-ին գրել էր, որ Թուրքիան առաջարկում է հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումն անցկացնել Երևանում կամ Անկարայում։
Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն անտրամաբանական էր համարել, որ Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը երրորդ երկրներում՝ Ռուսաստանում և Ավստրիայում են հանդիպում։ Նա ենթադրել էր, թե Հայաստանը պատրաստ չէ հյուրընկալող ձևաչափով հանդիպումների՝ ներքին ճնշման պատճառով։
«Մենք արել ենք առաջարկ՝ ցամաքային սահմանը բացել դիվանագիտական անձնագիր կրող անձանց համար։ Կարծում եմ՝ շատ տրամաբանական կլինի, եթե այդ առաջարկն ընդունվի, և դրան զուգահեռ, օրինակ, հանդիպումներ տեղի ունենան Հայստանում կամ Թուրքիայում», – մեկնաբանել է Ռուբեն Ռուբինյանը:
Հայաստանը պատրաստ է «հենց վաղը» բացել Թուրքիայի հետ սահմանները
Հայաստանի հատուկ ներկայացուցիչը շեշտել է՝ Երևանը պատրաստ է նաև հետագա քայլերին։
«Հայաստանը պատրաստ է հենց վաղը ունենալ բաց սահմաններ Թուրքիայի հետ և ունենալ դիվանագիտական հարաբերություններ Թուրքիայի հետ։ Հենց վա՛ղը: ․․․Դրա իրագործումը կախված է Թուրքիայի քաղաքական կամքից այս պահին, որովհետև Հայաստանն ակնհայտորեն այդ քաղաքական կամքն ունի», – ասել է Ռուբինյանը։
Ավելի քան մեկ տասնամյակ Հայաստանի և Թուքրայի ղեկավարների միջև ուղիղ շփումներ չեն եղել․ Էրդողան-Փաշինյանը առաջին հեռախոսազրույցը տեղի է ունեցել հուլիսի 11-ին։ Ըստ պաշտոնական հաղորդագրության, կողմերը խոսել են հարաբերությունների կարգավորման երկկողմ գործընթացի, տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման մասին։ Քննարկել են նաև հուլիսի 1-ին ձեռք բերված պայմանավորվածությունների ընթացքը։
Ռուբեն Ռուբինյանի խոսքով՝ հեռախոսազրույցը կայացել է առանց այլ երկրների միջնորդության։