Home / Հայաստան / Բաքվի հետ բարիշելու հերթական փուլը, Թուրքիան մի քիչ բաց է, Արցախը՝ փակ

Բաքվի հետ բարիշելու հերթական փուլը, Թուրքիան մի քիչ բաց է, Արցախը՝ փակ

Երեկ Հայաստանն ավարտել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախագծի հերթական փուլի աշխատանքները և առաջարկները փոխանցել ադրբեջանական կողմին՝ կառավարության այսօրվա նիստին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Փաստաթուղթը փոխանցվել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին։

«Մենք նախագծի վրա աշխատում ենք հետևյալ տրամաբանությամբ՝ ստանալ մի փաստաթուղթ, որը ցանկացած պահի պատրաստ ենք ստորագրել։ Հասկանալի է, իհարկե, որ այդ փաստաթուղթը պիտի ընդունելի լինի Ադրբեջանի համար։ Հույս ունենք, որ արդեն երեք փուլ բանակցությունների արդյունքում նկատված որոշակի առաջընթացը հնարավոր կլինի զարգացնել», – նշել է գործադիրի ղեկավարը։

Հայաստանի տեսլականը, ըստ նրա, հետևյալն է՝ փաստաթուղթը պետք է պարունակի պայմանավորվածությունների այնպիսի տրամաբանություն, հակակշիռների ու զսպումների այնպիսի գործուն համակարգ, որ բացառի տևական և կայուն խաղաղության խաթարման որևէ սցենար։

«Փաստաթղթի ստորագրումը ոչ թե պիտի վերակերպվի պատերազմի՝ արդեն խաղաղության պայմանագրի հիման վրա (սա աբսուրդ է հնչում, բայց կարող է լինել նաև այսպիսի սցենար) այլ ընդհակառակը՝ իսկապես նշանակի տևական խաղաղություն», – հավելել է Փաշինյանը՝ շեշտելով այսպիսի պայմանագիրը օր առաջ ստորագրելու կառավարության և անձամ իր հանձնառությունը։

Բաքուն և Երևանն արդեն ավելի քան 5 ամիս աշխատում են պայմանագրի տեքստի վրա՝ պարբերաբար այն լրամշակելով և միմյանց փոխանցելով։

Օրեր առաջ Անվտանգության խորհրդի քարտուղար Արման Գրիգորյանը նշել էր, թե խաղաղության պայմանագրի տեքստում Ղարաբաղի մասին հիշատակում կա, բայց այդ փաստաթուղթը վերջնական չէ։ Հայաստանը, ըստ Գրիգորյանի, կողմ է, որ միջազգային տեսանելի մեխանիզմի շրջանակում քննարկումներ տեղի ունենան Ստեփանակերտի և Բաքվի միջև, և շարունակում է աշխատել միջազգային գործընկերների հետ, որպեսզի այդ մեխանիզմը կայանա (ամրագրվի խաղաղության պայմանագրով կամ որևէ այլ միջազգային ֆորմատով)։ Բաքուն մինչև այժմ այս գաղփարը մերժել է։

արագացնել հայ-թուրքական երկխոսությունը

Որոշում կա արագացնել հայ-թուրքական երկխոսության և սահմանների վերջնական բացման նպատակով տեղի ունեցող գործընթացը, անրդադառնալով Թուրքիա կատարած իր այցին և արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ բանակցություններին՝ կառավարության նիստին ասել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

Միրզոյանը երեկ Թուրքիայում էր։ Թուրք գործընկերոջ հետ հանդիպմանը նա վերահաստատել է հարաբերությունները կարգավորելու Հայաստանի պատրաստակամությունը, Թուրքիայի արտգործնախարարն իր հերթին շնորհակալություն է հայտնել օգնության համար՝ շեշտելով՝ այս ծանր պահին Հայաստանը գործում է որպես եղբայրական երկիր։

Հայաստանը (Թուրքիային կապող ամենակարճ ավտոճանապարհով՝ 1993-ից փակված Մարգարայի կամրջով) փետրվարի 11-ին 100 տոննա մարդասիրական բեռ է ուղարկել փետրվարի 6-ի ավերիչ երկրաշարժերից տուժած Ադիյաման քաղաք։ Հենց այս քաղաքում էր աշխատում նաև հայ փրկարարների 27 հոգանոց խումբը։

Միրզոյանն այսօր տեղեկացրել է, որ հայ փրակարարները ևս վերադառնալու են ցամաքային ճանապարհով։

«Մինչև զբոսաշրջային սեզոնի մեկնարկը նաև կաշխատենք ավարտին հասցնել 3-րդ երկրների քաղաքացիների համար և մեր երկու երկրների դիվանագիտական անձնագրեր ունեցող քաղաքացիների համար ցամաքային սահմանի հատումը», – հավելել է Հայաստանի արտգործնապարարը։

Առաջիկայում արտգործնախարարը պլանավորում է այցելել նաև Սիրիա՝ կառավարության նիստի ժամանակ տեղեկացրել է Փաշինյանը։

«Եթե Սիրիայի մեր գործընկերները դեմ չլինեն, առաջիկայում մենք նման այց կկազմակերպենք», – նշել է վարչապետը՝ շեշտելով՝ հնարավորության չափով պետք է Երևանը հաղորդակցության մեջ լինի և՛ Սիրիայի, և՛ Թուրքիայի կառավարությունների հետ՝ հասկանալու համար, թե ինչ աջակցություն կարող է ցուցաբերել․ «Մենք չենք կարող անհաղորդ լինել այդ աղետի հաղթահարման գործում մեր հարևաններին աջակցելու հարցում»։

Ղարաբաղում ճգնաժամ է

Արդեն 66-րդ օրն է՝ Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհը շրջափակված է։

Նախօրեին Ադրբեջանը բացել, իսկ երկու ժամ անց՝ կրկին փակել Լեռնային Ղարաբաղ մտնող գազատար խողովակը․ գազատարի մի հատվածը 2020-ից հետո անցնում է ադրբեջանական կողմի վերահսկողության տակ գտնվող տարածքով, Բաքուն խողովակի վրա փական է դրել, շրջափակումից հետո Հայաստանից Ղարաբաղ գազի մատակարարումը պարբերաբար անջատվում է, հետո՝ կարճատև վերականգվում և նորից անջատվում։ Ձմեռվա ցրտին մարդիկ մնում են առանց ջեռուցման հնարավորություն։ Գազով ջեռուցվող ուսումնական հաստատությունները չեն գործում։ Ղարաբաղում մեքենաների մեծ մասը գազով են աշխատում․ գազամատակարարման խափանման պատճառով նաև լցակայանները չեն աշխատում։

Հունվարի 9-ից՝ արդեն ավելի քան մեկ ամիս, արգելափակված է նաև դեպի Ղարաբաղ հոսանքի մատակարարումը․ Լաչինի մոտով անցնող բարձրավոլտ էլեկտրագիծը, հավանաբար, վթարվել է, Ադրբեջանը առ այսօր խոչընդոտում է վերանորոգմանը։ Ղարաբաղով մեկ հովհարային անջատումներ են՝ օրական 6-ժամյա գրաֆիկով։

Փաշինյանը շեշտել է՝ հումանիտար ճգնաժամը սրվում է, զուգահեռաբար նաև բնապահպանական ճգնաժամ է զարգանում․ բլոկադայի տակ մնացած մարդիկ բնակարանները տաքացնելու և տարրական կենցաղային կարիքներ հոգալու համար ստիպված են փայտ օգտագործել, ինչի համար անտառներ են հատվում։

«Լաչինի միջանցքի շրջափակման բնապահպանական մոտիվները մտացածին են և Ադրբեջանի գործողություններն ունեն մի նպատակ՝ ավարտին հասցնել Լեռնային Ղարաբաղի հայությանն էթնիկ զտման ենթարկելու քաղաքականությունը», – եզրակացրել է վարչապետը։

տե՛ս

Փողի մենամարտը գլխավոր արցախցիներին հասցրեց Մոսկվա
Բաքվի «մեկ ադրբեջանցին», Ռուբենի պայքարը, Ռուսաստանի խոստումը
Ի՞նչ անել, երբ «ոչինչ հնարավոր չէ անել, իսկ վերևը ուրիշ բազառ ա»

Միջանցք փակելը նաև ոսկու մասին է

Ինչ են շնչում Ղարաբաղի չինովնիկները․ ընդդիմադիրի անդրադարձը

Ռուսը չլինի՝ մենք չենք լինի․ Ռ․ Վարդանյանը՝ ղարաբաղցիների անունից
Փակ Լաչինը կարող է էլ ավելի փակ լինել

Քրտինք է լինելու, արյուն է թափվելու. ինչ է առաջարկում Ռուբեն Վարդանյանը
Հայերին վտարում են Ղարաբաղից

30 տարի անց Ղարաբաղի հայերը կրկին փողոցում են՝ փնտրում են ռուս գեներալին
Արցախցի երեխաների նվերները դեռ տեղ չեն հասել
Ղարաբաղի հայեր․ մեզ վտարում են, թողեք ուղիղ բանակցենք