Home / Բանակ / Բաքվից վտանգ կա, ՀԱՊԿ-ն է հեռանում, խոսում է Փաշինյանը

Բաքվից վտանգ կա, ՀԱՊԿ-ն է հեռանում, խոսում է Փաշինյանը

Էսկալացիայի հավանականությունը և՛ Հայաստանի սահմանի երկայնքով, և՛ Լեռնային Ղարաբաղում շատ մեծ է, Ադրբեջանը փոխանցել է խաղաղության պայմանագրի իր առաջարկները, Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս չի գալիս, ՀԱՊԿ-ն է Հայաստանից դուրս գալիս։ Այս և այլ թեմաների մասին է խոսել վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 14-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ։

Էսկալացիայի վտանգ

Վարչապետի կարծիքով՝ շատ մեծ է էսկալացիայի հավանականությունը և՛ Հայաստանի սահմանի երկայնքով, և՛ Լեռնային Ղարաբաղում։

«Իմ եզրակացությունն Ադրբեջանի ավելի ու ավելի ագրեսիվ դարձող հռետորաբանությունից է և, իհարկե, կան որոշակի այլ տվյալներ», – ասել է Փաշինյանը։

2022 թվականի հոկտեմբերին Պրահայում նախնական պայմանավորվածությունն այն էր, որ ԵՄ դիտորդներ պետք է լինեն սահմանի կամ շփման գծի երկու կողմերից՝ և՛ Հայաստանից, և՛ Ադրբեջանից։ Վարչապետի խոսքերով՝ Ադրբեջանի նախագահը համաձայնություն էր տվել այդ գաղափարին Ֆրանսիայի նախագահի և Եվրամիության խորհրդի նախագահի ներկայությամբ, սակայն ավելի ուշ, ինչպես արդեն հայտնի դարձավ, հրաժարվեց այդ տարբերակից։

«Ես կարծում եմ, որ միջազգային հանրությունը պետք է արձանագրի, որ, այո, շատ մեծ է նոր էսկալացիայի վտանգ, և կարծում եմ, որ այս առումով առավել ևս հաշվի առնելով Լաչինի միջանցքի փակ լինելը և Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի առկայությունը, նաև էթնիկ զտումներ իրականացնելու Ադրբեջանի ակնհայտ նախապատրաստությունները, մեր դիրքորոշումը շարունակում է մնալ այն, որ շատ պատեհ կլինի, որ Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ ուղարկվի միջազգային փաստահավաք առաքելություն», – ասել է վարչապետը։

Խաղաղության պայմանագիր

Հայաստանն օրերս Ադրբեջանից առաջարկ է ստացել խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ իր առաջարկների վերաբերյալ, հայտարարել է Փաշինյանը՝ հիշեցնելով, որ փետրվարի կեսերին Հայաստանը խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ հերթական արձագանքն էր փոխանցել Ադրբեջանին: 

Որոշակի առաջընթաց կա, բայց կան նաև ֆունդամենտալ խնդիրներ, ընդգծել է վարչապետը։

«Մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը փորձում է խաղաղության հնարավոր պայմանագրի միջոցով Հայաստանի Հանրապետության նկատմամբ տարածքային նկրտումներ ձևակերպել, ինչը, բնականաբար, կարմիր գիծ է մեզ համար: 

Մենք տեսնում ենք, որ այդ տեքստի առաջարկներով Լեռնային Ղարաբաղում ցեղասպանություն կամ էթնիկ զտումներ իրականացնելու մանդատ ձեռք բերել, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության ստորագրությամբ: Դա, բնականաբար, նույնպես կարմիր գիծ է մեզ համար: 

Մենք տեսնում ենք նաև, որ Ադրբեջանը հետապնդում է այնպիսի գիծ, որ մենք պայմանագրի կատարման երաշխիքների համակարգ չունենանք, ինչը նույնպես կարմիր գիծ է մեզ համար: Որովհետև մենք այսօր ունենք ստորագրված և հրապարակված փաստաթուղթ, որը չի կատարվում: Խոսքը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մասին է: Այդ հայտարարության համար Լաչինի միջանցքը որևէ կերպ փակ չպետք է լիներ, իսկ Լաչինի միջանցքը փակ է: Հետևաբար, սա ավելի է ընդգծում Հայաստանի զգայունությունը այն հարցում, որ որևէ փաստաթուղթ, որը կստորագրվի, պետք է ունենա իրականացման երաշխիքներ, ցանկալի է միջազգային երաշխիքներ», – ասել է Փաշինյանը:

Ավելի ուշ վարչապետը հայտարարել է․

«Ի՞նչ է ասում Ադրբեջանը. ասում է պատերազմում հաղթել եմ, էս ի՞նչ բանակցություններ եք վարում, առաջարկներ եք անում, հաղթել եմ, թուղթ եմ ուղարկում, 5 սկզբունքներս ուղարկել եմ, ստորագրեք, իսկ եթե  2023 թվականին չստորագրեք, ես լայնածավալ հարձակում եմ սկսում: Հիմա մեր լրագրողները, հասկանալով այս իրավիճակը, հարցնում են՝ հիմա կարող է՞ գնաք և ստորագրեք թղթեր, որոնք կապիտուլյացիա են Հայաստանի համար: Ես ասում եմ՝ ոչ»:

ՀԱՊԿ

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս չի գալիս, ՀԱՊԿ-ն է Հայաստանից դուրս գալիս, ասել է Փաշինյանը՝ անդրադառնալով Հայաստանի՝ ՀԱՊԿ գլխավոր քարուղարի տեղակալի իր քվոտայից հրաժարվելու որոշման վերաբերյալ հարցին:

Փաշինյանի խոսքերով՝ 2022 թվականին ՀԱՊԿ նախագահը Հայաստան այցի ընթացքում իրեն ասել է, որ ՀԱՊԿ-ում մտավախություն կա, թե ՀՀ-ն դուրս կգա կազմակերպությունից:

«Իմ գնահատականն այն է, որ ՀԱՊԿ-ը, ցանկանալով թե չցանկանալով, դուրս է գալիս Հայաստանի Հանրապետությունից: Եվ դա մեզ անհանգստացնում է: Ինչ տեղի է ունեցել, մենք ոչինչ չենք թաքցրել: Մենք հաճույքով կստանձնենք ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնը, եթե այդ պաշտոնի ստանձմամբ չստացվի, որ մենք մեր ժողովրդին սխալ ուղերձ ենք հղում, եթե դա նշանակի ՀՀ անվտանգության ապահովման ևս մեկ գործոն ապահովել: Եթե դա սա չի նշանակելու, ապա մենք նման քայլ անելու իմաստ չենք տեսնում՝ առնվազն մեր ժողովրդի հետ ազնիվ լինելու տրամաբանությունից», – ասել է վարչապետը:

Բաքու-Ստեփանակերտ

Փաշինյանն ընդգծում է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության և իրավունքների հարցը պետք է դիտարկվի միջազգային մեխանիզմներով՝ Բաքու-Ստեփանակերտ հարթության մեջ:

«Մենք ասել ենք և ասում ենք, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցը մեզ համար չափազանց կարևոր է, դա մեր առանցքային նպատակներից մեկն է: Մեր ընկալումը հետևյալն է, որ ճիշտ կլինի, որ այդ հարցի հետապնդողը, առաջնային մանդատառուն, ինչպես և կա իրականում, լինի Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը: Այս դիրքորոշման համար կան և օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ: Մենք կարծում ենք, որ այդ խոսակցությունը պետք է տեղի ունենա Բաքվի և Ստեփանակերտի միջև»,- ասաց վարչապետը:

Փաշինյանի խոսքով՝ ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության շրջանակը ԼՂ ժողովուրդը և կառավարությունը պետք է որոշեն:

Հարցին, թե էսկալացիայի դեպքում որն է լինելու Հայաստանի դերը, Փաշինյանը պատասխանել է․

«Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ԼՂ անվտանգության նոր ճարտարապետություն է ստեղծվել: Դա ստեղծվել է ՌԴ նախագահի հրամանագրով, Ռուսաստանի դաշնային խորհրդի կայացրած որոշմամբ, որոնք հրապարակային փաստաթղթեր են:

Այո՛, Ռուսաստանի Դաշնությունն է ստանձնել ԼՂ անվտանգության երաշխավորի դերակատարումը և՛ եռակողմ հայտարարությամբ, և՛ քաղաքական մակարդակում: Այդ դերակատարումը պետք է կատարի ՌԴ-ն»: