Ադրբեջանի նախագահ՝ ապրիլի 18-ի հայտարարությունները Հայաստանի արտգործնախարարությունը խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը տորպեդահարելու Բաքվի քաղաքականության հերթական ցուցադրումն է համարում։
Իլհամ Ալիևն, ըստ պաշտոնական Երևանի, բացահայտ արհամարհանք է ցուցաբերում միջազգային գործընկերների նկատմամբ, որոնց ներկայությամբ և միջնորդությամբ Ադրբեջանը ճանաչել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը և ստանձնել է մի շարք հստակ պարտավորություններ, այդ թվում՝ և´ Ալմաթիի հռչակագրի հիման վրա Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման, և´ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների ու անվտանգության երաշխիքների հասցեագրման համար միջազգային մեխանիզմի ստեղծման շուրջ։
«Ադրբեջանի նախագահն իր հայտարարությամբ բացահայտորեն ընդունում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների նկատմամբ ծրագրավորված ագրեսիա իրականացնելու և օկուպացիայի փաստը, ինչպես նաև անթաքույց կերպով բացահայտում է Լեռնային Ղարաբաղի բնակչությանն էթնիկ զտումների ենթարկելու իր մտադրությունները», – գրել է Հայաստանի արտգործնախարարությունը՝ շարունակելով․ «Ադրբեջանի նախագահը, ում ղեկավարությամբ այդ երկրում տեղի են ունենում մարդու իրավունքների և տարբեր խմբերի իրավունքների կոպտագույն և աղաղակող ինստիտուցիոնալ խախտումներ, բացահայտորեն գոյաբանական սպառնալիքներ է հնչեցնում՝ ուղղված իրենց հայրենիքում բնակվող Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությանը»։
Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից հայ ժողովրդի նկատմամբ հնչեցված ատելության խոսքն, ըստ Երևանի, միտված է խորացնել ադրբեջանական հանրության շրջանում հայ ժողովրդի նկատմամբ տասնամյակներ շարունակ պետականորեն քարոզվող անհանդուրժողականությունը և ատելությունը, ինչի հետևանք են նաև «Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչների կողմից իրականացված պատերազմական հանցագործությունները, էթնիկ հողի վրա ռազմագերիների և պատանդառված քաղաքացիական անձանց արտադատական սպանությունները, դրանք իրականացնող անձանց իսկ կողմից դրանց տեսանկարահանումը և տարածումը՝ իբրև հպարտության առարկա»։
Ապրիլին Սյունիքի մարզում տեղի ունեցած սպանությունը Երևանը գնահատում է որպես այս քաղաքականության հերթական հետևանքը։
«Օրեր առաջ ադրբեջանցի զինծառայողն ապօրինաբար ներխուժել է ՀՀ տարածք և կանխամտածված կերպով դաժան սպանության ենթարկել ՀՀ քաղաքացուն և փորձել այդ մասին, ինչպես նաև բազմաթիվ այլ հայերի՝ քաղաքացիական անձանց, սպանելու իր մտադրության մասին տեղեկացնել ադրբեջանական կողմին։ Համոզված ենք, որ Ադրբեջանի նախագահի նշյալ հայտարարությունից հետո միջազգային հանրության շրջանում կասկած անգամ չի կարող հարուցել այս և վերոնշյալ հանցագործությունների՝ պետական մակարդակով կազմակերպված լինելու հանգամանքը», – ասված է Հայաստանի արտաքին գերատեսչության հաղորդագրությունում։
Տարածաշրջանում տարիներ շարունակ կուտակված խնդիրներին կայուն և տևական կարգավորումներ փնտրելու փոխարեն Ադրբեջանը ուժի և ուժի կիրառման սպառնալիքների միջոցով փորձում է առաջ մղել իր առավելապաշտական նկրտումները՝ եզրափակել է Երևանը։
Ալիևը երեկ հարցազրույց էր տվել պետական հեռուստաընկերությանը, որում մասնավորապես հայտարարել էր, որ Ղարաբաղի հայերը «կամ պետք է Ադրբեջանի քաղաքացիություն ընդունեն, կամ բնակության այլ վայր փնտրեն», Երևանը «ուզի-չուզի» ստորագրելու է խաղաղության պայմանագիրը, Ադրբեջանը հզորացնում է իր բանակը, «պետք լինի՝ կապացուցեն» և այլն։ 44-օրյա պատերազմը ներկայացվել էր որպես «մենք ջարդեցինք նրանց գլուխը», հետագա էսկալացիաները հայ-ադրբեջանական սահմանին՝ որպես «Ադրբեջանի դրոշը արդեն ծածանվում է Զանգեզուրի սարերին», «թող չմոռանան», «այդ մարդանմանը դրան չի էլ համարձակվի մոտենալ» և այլն, և այլն։