Home / Բանակ / Ղեկավարության աչքի առաջ ծեծել են Տեղի ավագանու հարցեր տվող անդամին

Ղեկավարության աչքի առաջ ծեծել են Տեղի ավագանու հարցեր տվող անդամին

Տեղ համայնքի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության անդամ Մասիս Զեյնալյանը պնդում է՝ երեկ համայնքապետարանի մշակույթի տանը աշխարհազորի մասնակցությամբ տեղի ունեցած հանդիպմանը իրեն ծեծի են ենթարկել։

«Ջարդեցին երկու ատամս ու պռոշս, բերանս չեմ կարում առայժմ բացեմ», – «Ազատությանն» ասել է ավագանու ընդդիմադիր անդամը։

Պատճառն, ըստ Զեյնալյանի, իր տված հարցն է եղել՝ «օրենքի ո՞ր կետով են ուզում աշխարհազորին փոխարինել Տեղ համայնքի բնակիչներով և մարդկանց սահման տանել, եթե Պաշտպանության նախարարությունը ռազմական դրություն չի հայտարարել»։

Մասիս Զեյնալյանի խոսքով, ծեծկռտուքին ներկա են եղել Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցն ու Սյունիքի աշխարհազորի շտաբի պետ Կարո Ավանեսյանը։ Ծեծռտուքին նրանք չեն էլ փորձել միջամտել։ 

Երեկվա հավաքն, ըստ ավագանու ընդդիմադիր անդամի, կազմակերպել է պաշտպանության նախարարի խորհրդական, Սյունիքի նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը՝ Տեղի գործող համայնքապետի քեռին։

«Ես հարց բարձրացրեցի, ասեցի՝ «ռազմական դրություն կա՞, ի՞նչ կա, որ մարդ ես էլի, իմանաս քո էրեխին պահես, ինչ անես», ու մեկ էլ լսում եմ գոռգռոցներ, իրար քաշքշում ենք՝ համյանքի ղեկավարը նստած, շտաբի պետը նստած։ Ես շտաբի պետին էլ, համայնքի ղեկավարին էլ ասել եմ՝ ձեր Մելիքսեթ Պողոսյանին էլ ասեք, ծեծողներին էլ հետը, դուք եք իրանց տեղը, ծեծողները մեղք չունեն, դուք եք իրենց հրահանգել», – ասել է Զեյնալյանը։

Masis-Zeynalyan1
ավագանու անդամ Մասիս Զեյնալյանը

Թե քանի հոգով են իրեն ծեծի ենթարկել, ավագանու ընդդիմադիր անդամը չգիտի, ասում է՝ «էդ պահին չի նստել, մարդ հաշվել»։ Հարցին՝ ծեծողները երիտասարդնե՞ր էին, Զեյնալյանը պատասխանել է․ «Այո՛, հանցավոր աշխարհազորից»։

«Ես ունեմ 9 շունչ, անցած տարի գնացել եմ Ռուսաստան, որ իմ տունը պահեմ։ Ես ի վիճակի չեմ գնամ պոստ պահեմ։ Ես պիտի աշխատեմ, որ իմ 9 շունչը՝ մեկ ուսանող, մեկ զինվոր պահեմ։ Ես ուղղակի զարմանում եմ՝ 44-օրյա պատերազմի մասնակից, մի քանի օր առաջվա էսկալացիայի մասնակից, զինվորի ծնող, բա դուք մշակույթի տանն ինձ էս վիճակն եք գցում, բա առաջնագծում ինչ կգցեք», – ասել է ավագանու անդամը։

Աշխարհազորայինների կողմից իրեն ծեծի ենթարկելու փաստով դիմել է Պաշտպանության նախարարությանը, Կառավարությանը և Սյունիքի մարզպետարանին։ Զեյնալյանը վստահ է՝ իր ծեծը նախապես պլանավորված է եղել, քանի որ ինքը հաճախ է հարցազրույցներ տալիս և պատմում Տեղում ստեղծված իրավճակի մասին։

bd773e06f79a158580c3a5c12cba7d44
Տեղի համայնքապետ Դավիթ Ղուլունցը

Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը, մինչդեռ, հայտարարում է, թե տեղյակ չէ ծեծկռտուքից, մշակույթի տան միջոցառմանն էլ չի մասնակցել․ «Ես ծեծ չեմ տեսել, ես ոչ մի բանից տեղյակ չեմ»։

Ռադիոկայանի ճշտող հարցին պաշտոնյան այսպես է պատասխանել․ «Ես հինգ անգամ քեզ ասում եմ՝ տեղյակ չեմ, դու նորից ասում ես՝ երկու ատամ ա։ Երկու ատամ ա կամ մի ատամ ա, եթե ես ասում եմ, որ տեղյակ չեմ, հայերե՞ն չեմ ասում, ռուսերեն ասեմ, որ հասկանա՞ք, կոպիտ ասած»։

թարմացում — Նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանն էլ հերքել է միջադեպին իր առնչությունը։ Միաժամանակ հայտարարել, թե Տեղի բնակիչները «հերթով պիտի գնան» սահման պահելու․ «Տեղեցին 35 տարի է՝ սահմանն է պահում, հերթով պիտի գնան, ես այդ անախորժության մասին տեղյակ չեմ: Ինչեր ասել է, սուտ է»:

Հայաստանի ԱԱԾ-ն մարտի վերջին հայտարարել էր, որ Լաչինի միջանցքի նոր երթուղու երկայնքով տեղակայվելիս ադրբեջանական կողմը 5 կետերում հայկական սահմանից առաջ է տեղակայվել։ Ըստ տեղացիների, պայմանավորված ժամկետից շուտ ռուս խաղաղապահները լքել են այնտեղի դիրքերը, ինչից անմիջապես հետո այնտեղ դիրքավորվել է Ադրբեջանի զինուժը։

Չնայած ընթացող բանակցություններին՝ ադրբեջանցիներն առ այսօր գտնվում են Տեղ գյուղին հարող տարածքում, խրամատավորվել են։ Մոտակայքում են դիրքավորվում նաև հայկական ստորաբաժանումները։

Ապրիլի 11-ին այստեղ ինտենսիվ փոխհրաձգություն է եղել, որի հետևանքով հայկական կողմից 4 զինծառայող զոհվել է, 6-ը՝ վիրավորվել։ Բաքուն հաղորդել է 3 զոհերի մասին։