Սյունիքի նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդին՝ Կարեն Պողոսյանը, ազատ է արձակվել, հայտնում է Քննչական կոմիտեն։ Վերջինս մեղադրվում էր սպանության փորձի մեջ։
Ըստ հաղորդման՝ դատարանը չի երկարաձգել նրա կալանքի ժամկետը։ Որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրությունը չհեռանալու մասին։
Կարեն Պողոսյանն անցնում է հուլիսի 14-ի գիշերը Գորիսում տեղի ունեցած հրաձգության գործով։ Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ Սյունիքի նախկին մարզպետներ Մելիքսեթ Պողոսյանի և Սուրիկ Խաչատրյանի («Լիսկա») բարեկամների միջև ծագած «վեճից» հետո այդ գիշեր հրազենային և ծակած-կտրած վնասվածքներով հիվանդանոց էին տեղափոխվել Մելիքսեթ Պողոսյանի որդու ընկերը՝ Հ․ Վարդանյանը, և Սուրիկ Խաչատրյանի աներորդին՝ Մ․ Բարսեղյանը։ Միջադեպին, ըստ մամուլի, մասնակցում էին նաև նախկին պաշտոնյաների որդիները։
Կարեն Պողոսյանի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել դեռևս անցյալ տարվա հուլիսի 22-ին, իսկ սեպտեմբերի 23-ին արդեն նա ինքնակամ ներկայացել էր Քննչական կոմիտե և ձերբակալվել։