Գորիսի քննչական բաժինն առևանգման մեղադրանքով քրեական գործեր է հարուցել քաղաքի չորս բնակիչների նկատմամբ։
Քննության արդյունքում պարզվել է, որ 1998թ. ծնված երիտասարդը երկու անգամ՝ 2020թ. դեկտեմբերի 18-ին և 2021թ. հունվարի 18-ին, մի խումբ անձանց հետ նախնական պայմանավորվածությամբ առևանգել է 2000թ. ծնված աղջկան:
Նախ 2020-ի դեկտեմբերի 18-ին տղան ընկերների հետ «OPEL ASTRA»-ով հետապնդել է աղջկան, հետո հարկադրաբար նստացրել մեքենան ու տեղափոխել Սյունիքի մարզի բնակավայրերից մեկը։ Աղջկա` իրեն չառևանգելու, տուն վերադարձնելու խնդրանքներն անտեսվել են։ Ավելի ուշ աղջիկը ծնողի հետ վերադարձել է տուն:
Այնուհետև՝ առևանգումից հետո շուրջ մեկ ամիս անց, աղջկանից կրկին մերժում ստանալով, 2021թ. հունվարի 18-ին երիտասարդն իր երկու բարեկամների հետ է նախապես պայմանավորվել՝ ամուսնության նպատակով աղջկան առևանգելու շուրջ: 2021թ. հունվարի 18-ին` ժամը 11:00-ի սահմաններում, ավտոմեքենայով հետապնդել են ընկերուհու հետ համալսարան գնացող աղջկան, ապա փողոցում մի կողմ են քաշել աղջկա ընկերուհուն ու նորից փախցրել աղջկան։
22-ամյա երիտասարդին, նրա երկու ընկերներին և բարեկամներից մեկին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի (մարդուն առևանգելը) 2-րդ մասի 1-ին կետով:
Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ երիտասարդի մյուս բարեկամին վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ: