Իմքայլական պատգամավորները մտադիր են խմբագրել «Զանգվածային լրատվության մասին» օրենքի դրույթները՝ սահմանափակելով լրատվամիջոցների՝ անանուն աղբյուրներին հղվելու հնարավորությունը։
Անհայտ ծագման աղբյուր են համարվում համացանցային կայքերը, կայքերի կամ հավելվածների օգտահաշիվներն ու ալիքները, որոնց տնօրինողների նույնականացման տվյալները թաքցված են ընթերցողից: Առաջարկվում է ԶԼՄ-ներին արգելել հղվել նման աղբյուրներին։
Նախագծի հեղինակները պնդում են, որ բարեփոխումը որևէ կերպ չի սահմանափակում խոսքի ազատությունը և չի առնչվում աղբյուրի գաղտնիությունը երաշխավորող կարգավորումներին (ԶԼՄ-ների մասին օրենքի 5-րդ հոդվածը, որով ամրագրվում է՝ լրագրողները «պարտավոր չեն բացահայտել տեղեկատվության աղբյուրը»՝ բացառության այն դեպքերի, երբ կա դատարանի համապատասխան որոշում)։
«Լրատվական կայքերին արգելում ենք տեղադրել (դրանով իսկ՝ գովազդել) այն աղբյուրների ակտիվ լինքերը, որոնց ծագումնաբանության մասին մենք գաղափար չունենք։ ․․․Սրա օրինակները մենք տեսել ենք թե՛ պատերազմի (վախի մթնոլորտ ստեղծելու փորձեր), թե՛ Քովիդի ժամանակ (ապատեղեկատվություն վիրուսի մասին, որը ստիպում էր մարդկանց չհավատալ դրա գոյությանը)։ Մենք այնքան շատ ենք օգտագործում այս անհայտ ծագում ունեցող ռեսուրսների անունները, որ մեր քաղաքացիների համար դրանք դառնում են լրատվության ավելի լեգիտիմ և հայտնի աղբյուր, քան իրական լրատվամիջոցներն են», – «Մեդիա կենտրոնի» կազմակերպած առցանց ասուլիսին ասել է նախագծի համահեղինակ Արթուր Հովհաննիսյանը։
Կա նաև պատասխանատվության խնդիր, պնդում է պատգամավոր Հայկ Կոնջորյանը, ով նույնպես համահեղինակների շարքում է։
Լրատվականները՝ հղվելով անանուն տելեգրամ-ալիքներին, կարող են տարածել (և տարածում են) ցանկացած տեսակի ապատեղեկատվություն․ հղումի առկայությունը ֆորմալ առումով ազատում է նրանց պատասխանատվությունից։ Տեղեկությունը (վերա)հրապարակողի կողմից, ըստ էության, չի ստուգվում՝ դրա իսկության խնդիրը դրվում է սկզբնաղբյուրի վրա, որին – հատկապես տելեգրամ-ալիքների պարագայում – հնարավոր չէ նույնականացնել։
«Եթե լրատվամիջոցը ստացել է տվյալ, նա կարող է իր անունից դա գրել և ստանձնել այդ լուրի պատասխանատվությունը, և ասել, որ ստացել է լուրը իր աղբյուրից, որն, օրինակ, խնդրել է չբացահայտել իրեն։ Դա վերաբերում է աղբյուրի գաղտնիության պաշտպանությանը (ԶԼՄ-ների մասին օրենքի 5-րդ հոդված), և մենք դրան չենք դիպչում», – նշել է Կոնջորյանը։
«Երևանի մամուլի ակումբի» նախագահ Բորիս Նավասարդյանի կարծիքով՝ օրենքը, պատասխանատվության առումով, որևէ նոր բան չի առաջարկում։
«Վաղուց ընկալելի կարգավորում կա, որ, եթե աղբյուրը, որի վրա հղվում է լրատվամիջոցը, չի կարող հայտնաբերվել/նույնակացվել, ապա պատասխանատվություն կրում է հենց տարածողը։ Պատասխանատվության առումով որևէ նոր խնդիր այստեղ չենք լուծում», – նշել է Նավասարդյանը։
«Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» նախագահ Շուշան Դոյդոյանը փոփոխությունը նույնսպես համարում է ավելորդ։
Ըստ նրա, քննարկումներից տպավորություն է ստեղծվում, որ բարեփոխման հիմնական նպատակը Տելեգրամի խնդիրը լուծելն է։ «Համաձայն չեմ, որ տելեգրամյան կասկածելի կոնտենտը վերահսկելու միակ ձևը նման արգելք սահմանելն է»։
Ըստ նրա՝ ժամանակից ինֆորմացիոն դաշտի և տեղեկատվության աղբյուրների բազմազանությունը հաշվի առնելով՝ ԶԼՄ-ների վրա նման կենտրոնացումը խելամիտ չի թվում։ Ըստ նրա՝ նման խնդիրը օրենքի կարգավորման դաշտ մտցնելու կարիք առհասարակ չկա։
«Սա հարատև խնդիր է։ Այսօր Տելեգրամն է, վաղը՝ մյուսը։ Ավելի արդյունավետ կլինի՝ խնդիրը թողնել լրագրողական ինքնակարգավորման մեխանիզմների վրա, և նախադեպային իրավունքի շրջանակում հարցի դատական կարգավորմանը»։
Արթուր Հովհաննիսյանը նշեց՝ նախագիծը կոնկրետ տելեգրամյան ալիքների մասին չէ, բայց առաջարկեց «վերադառնալ այն կետին, երբ տելեգրամը չկար» և մտածել՝ սահմանափակվա՞ծ էր արդյոք խոսքի ազատությունը։
Դոյդոյանը հակադարձեց՝ վտանգավոր բովանդակության հետ մեկտեղ պատերազմի ժամանակ մարդիկ կարողացան Տելեգրամի միջոցով ստանալ նաև ճշմարտություն․ «Լրագրողներն իրավունք ունեն օգտագործելու անօրինական ճանապարհով ձեռք բերված տեղեկատվությունը, եթե կշահի հանրությունը։ Սահմանը դժվար է գծել։ Նման կարգավորումները ոսկե միջինը գտնելն անհնար են դարձնում»։