Home / Բանակ / Գերությունից վերադարձած սպան դուրս եկավ կալանքից

Գերությունից վերադարձած սպան դուրս եկավ կալանքից

Ադրբեջանական գերությունից վերադարձած և կալանավորված վերջին զինծառայողը՝ սպա Արման Խաչատրյանն, ազատ է արձակվել։ Տեղեկությունը հաստատել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը:

Խաչատրյանն ազատ է արձակվել մարտի 28-ին․ նրա կալանավորման ժամկետը լրացել է ամսի 23-ին, նախաքննական մարմինն այն երկարաձգելու միջնորդությամբ դիմել է դատարան, դատարանը միջնորդությունը մերժել է։

Խաչատրյանը կալանքի տակ է մնացել երեք ամիս: Նա գերեվարվել էր 2021 թվականի նոյեմբերի 16-ին՝ Սյունիքում տեղի ունեցած սահմանային մարտերի ժամանակ։ Դեկտեմբերի 29-ին վերադարձել էր գերությունից, դեկտեմբերի 31-ին՝ 7 ծառայակիցների հետ միասին կալանավորվել:

Գերությունից վերադարձածներին Քննչական կոմիտեն մեղադրում է զինվորական կանոնակարգի խախտման և մարտական դիրքը հանձնելու մեջ։ Պաշտոնական պարզաբանումը հետևյալն է․ «2021 թվականի նոյեմբերի 16-ին,  երեք զինծառայողները՝ ՀՀ ՊՆ N զորամասի գումարտակի հրամանատարի պաշտոնակատար՝ մայոր Գ.Գ.-ն, նույն գումարտակի հրամանատարի տեղակալ, դիրքի ավագ՝ մայոր Ն.Ե.-ն և պայմանագրային զինծառայող, դիտորդ՝ շարքային Ս.Մ.-ն, խախտել են մարտական հերթապահության կազմակերպման և իրականացման կանոնադրությամբ սահմանված կանոնները, ինչի հետևանքով Ադրբեջանի ԶՈՒ-երը ներխուժել են Հայաստանի տարածք, դիրքում մնացած զինծառայողները գերեվարվել են, հրամանատարական դիտակետ հանդիսացող մարտական դիրքն անցել է հակառակորդին, մարտական դիրքում գտնվող 21 զինծառայողներից 13-ը գերեվարվել են, նրանցից երկուսի՝ Տարոն Ջիվանի Սահակյանի և Արսեն Սենիկի Գասպարյանի դիերը 2021թ. նոյեմբերի 17-ին և 19-ին փոխանցվել են հայկական կողմին»։

Զինծառայողները մեղադրանքը չեն ընդունում։ Ըստ նրանց, մարտերից երկու օր առաջ իրենք արդեն շրջափակման մեջ են ընկել, ինչի մասին տեղեկացրել են նաև վերադասներին, բայց որևէ օգնություն չի հասել։

Քրգործով ընդհանուր առմամբ անցնում է 8 զինծառայող, որոնցից 6-ը՝ գերությունից վերադարձած։