Նոյեմբերի 16-ի սահմանային մարտերի մասնակից, վաշտի հրամանատար Արման Խաչատրյանն ազատ կարձակվի 5 օր անց՝ մեկ ամիս կալանավորված մնալուց հետո։
«Ազատության» հետ զրույցում նրա փաստաբանը հայտնել է, որ դատարանը մերժել է կալանքը ևս մեկ ամսով երկարաձգելու մասին դատախազության միջնորդությունը։
Հրամանատարը մեղադրվում է զինվորական կանոնակարգի խախտման մեջ, որի հետևանքով՝ ըստ Քննչական կոմիտեում հարուցված քրեական գործի, ադրբեջանական կողմը վերցրել է մարտական դիրքը և գերեվարել այնտեղ գտնվող զինծառայողներին։
Փաստաբանը պատմել է, որ ըստ զինվորականների՝ իրենք մարտերից երկու օր առաջ արդեն ընկել էին շրջափակման մեջ․ այդ մասին տեղեկացված են եղել վերադասները, սակայն զինծառայողներին որևէ օգնություն չի հասել։
«Մեղադրյալ են նրանք, որոնք այդ թվում նաև սպաներ են եղել, տեղում են որոշումներ կայացրել, իրենց կյանքը վտանգելով են որոշումներ կայացրել և նաև շարքային կազմի ներկայացուցիչներին են պատասխանատվության կանչում: Բայց այն մարդիկ, ովքեր այս իրավիճակի համար պատասխանատու են, առաջին, ռազմական առումով, երկրորդ, ոչ պակաս կարևոր ռազմաքաղաքական առումով, երկրի ռազմաքաղաքկան ղեկավարությունը, որևէ մեկը պատասխանատվության, բնականաբար, չի կանչվել: Այն պայմաններում, երբ ո՛չ օգնական ուժեր էին գալիս, ո՛չ քանակական առումով որևէ շանս կար, դա արդյոք բարոյակա՞ն է: Իմ պատկերացմամբ՝ սա քաղաքական որոշում է, որի էությանը հանգում է հետևյալին՝ պատասխանատվությունը թողնել փոքր մարդկանց վրա»,- ասել է պաշտպանը:
Հիշեցնենք՝ նոյեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են գործել Հայաստանի արևելյան սահմանագոտում տեղակայված հայկական դիրքերի վրա։ Տեղային մարտերը շարունակվել են մինչև ժամը 18։30 և դադարել ռուսական կողմի միջնորդությամբ։ Մարտերի ընթացքում զոհվել էր 5 զինվորական, 32-ը գերեվարվել էին՝ նրանցից մեկը դեռ չի հայրենադարձվել։ Վերադարձած զինծառայողներից 6-ը կալանավորվել են։ Վերջիններիս գործն արդեն դատարանում է։