Home / Համայնքներ / Ինքնաբավ գյուղերի բնակիչները փակել են Սեւանի մայրուղին

Ինքնաբավ գյուղերի բնակիչները փակել են Սեւանի մայրուղին

Ծովագյուղ և Սեմյոնովկա համայնքների բնակիչները երկկողմանի փակել են Երևան-Սևան մայրուղին և հանդիպում են պահանջում տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի հետ։ Պատճառը համայնքների խոշորացումն է, որի արդյունքում Ծովագյուղն ու Սեմյոնովկան միացվել էին Սևան համայնքին։ Երկու գյուղերի բնակիչները դեմ էին արտահայտվել դեռևս անցյալ տարի՝ բոյկոտելով դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրությունները։ Ցուցարարները պահանջում են, որ երկու գյուղերը չմիացվեն Սևանին և պնդում, որ Ծովագյուղն ու Սեմյոնովկան ինքնաբավ են։ Գյուղացիների պնդմամբ՝ մեկ ամիս առաջ Ծովագյուղի ղեկավարին խոստացել են 10 օրվա ընթացքում լուծել հարցը, սակայն մինչ օրս չի լուծվել։ 

Ծովագյուղի բնակիչներից մեկը News.am-ի լրագրողների հետ զրույցում պատմել է, որ գյուղացիները մեկ ամիս առաջ ևս փակել էին ճանապարհը, սակայն գյուղապետը խնդրել էր այն բացել՝ պնդելով, թե իրեն ասել էին, որ 10 օրից հարցը կլուծվի։ Հարցն այդպես էլ չէր լուծվել։  Բնակիչներն ասում են, որ ուզում են հասկանալ՝ գյուղապե՞տն է իրենց խաբել, թե՞ գյուղապետին են խաբել։

Լրագրողների հետ զրույցում գյուղերի մի քանի բնակիչներ պնդում էին, որ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը «խոսք է տվել իրենց ու խոստումը չի կատարում», բողոքում կառավարության «առհամարհանքից» իրենց նկատմամբ։ Ցուցարարները շեշտում էին նաև, որ կառավարությունն ու մասնավորապես Գնել Սանոսյանն անտեսում են դետեմբերի 5-ի ՏԻՄ ընտրությունների իրենց բոյկոտը, որի ընթացքում երկու գյուղերի ոչի մի բնակիչ չէր գնացել ընտրության։

«Մենք կառավարությանը դեմ չենք։ Մենք ունենք մեծ համայնք։ Մեր համայնքով կարողանում ենք մեր նյութական հարցերը լուծել, բայց մենք չենք ուզում մեր նյութականը տանել տալ հարևաններին։ Էդ ոչ մի բնակիչ էլ չի ուզի։ Բա հիմա ի՞նչ պատահեց, որ [մեկ] ամիս հետո, մեզ առհամարհելով, ոչ մեկը չի գալիս ․․․ », –  ասում է Ծովագյուղի բնակիչը։

Գյուղացիները վրդովված էին նաև, որ Գեղարքունիքի մարզպետը ևս չի եկել նրանց հետ հանդիպման՝ չնայած ճանապարհի փակ լինելուն։

«Եթե 100 000 դրամ փող է առնում մեր Սևանը, Ծովագյուղն առնում է 97 000 դրամ։ 3000 դրամի համար կարելի՞ է միացնել», – ասում էր Ծովագյուղի մեկ այլ բնակիչ՝ նշելով, որ իրենց պահանջն է, որ Ծովագյուղն ու Սեմյոնովկան լինեն մեկ գյուղ, այլ ոչ թե միանան Սևանին։

«Մեր գյուղը իրա բյուջոեվ կարում ա իրան պահի, եթե պետք ա՝ կարա մի 30-40%-ով Սևանին էլ օգնություն տա», – շարունակում էր տղամարդը՝ պնդելով, որ մանկապարտեզը, ճանապարհներն ու լուսավորությունը գյուղի փողոցներում անվճար էին հենց (արդեն նախկին) գյուղապետի շնորհիվ։

Ցույցի հետևանքով առաջացած խցանման մեջ գտնվող քաղաքացիներից մեկը փորձեց խնդրել, որ ցույցը տեղափոխվի։ Խնդրանքը մերժվեց և ցույցը շարունակվեց։

441 գյուղերի և քաղաքների միավորմամբ նախատեսվում է ստանալ 38 նոր՝ էլ ավելի խոշորացված համայնք։ Միավորման «փնջային մոդելը»՝ գործարկված դեռ 2016 թվականից, այժմ փոխարինվում է «շրջանային» մոդելով, հիմնականում՝ սովետական շրջանների նմանությամբ։ Այժմ խոշորանում են անգամ արդեն խոշորացված համայնքները։ Գյուղերը վերածվում են «բնակավայրերի», ընտրովի գյուղապետերին փոխարինում են նշանակովի վարչական ղեկավարները, բազմաբնակավայր նոր համայնքների ավագանիները ընտրվում են կուսակցական ցուցակներով․․․

«Վարչատարածքային բաժանման մասին» և հարակից օրենքներում փոփոխությունները հրատապ կարգով քննարկվել և ընդունվել են անցյալ տարվա սեպտեմբերի 24-ին։ Հայաստանն, արդյունքում, դառնում է 79 համայնքն՝ Երևանը ներառյալ։ Հարյուրավոր գյուղեր միավորելով՝ միավորում ենք նաև ռեսուրսները։ Պաշտոնյաները խոսում են կենտրոնացման մասին, որը ապակենտրոնացում է բերելու։ Ի՞նչ է դա նշանակում՝ առանձնապես հասկանալի չէ։

Նախարարներին և պատգամավորներին երկրորդելով՝ մարզպետարանների աշխատակիցները համայնքնապետերի հետ փակ և բաց հանդիպումներին, խոսում են ծախսերի օպտիմալացման, ծառայությունների համակարգման, համայնքների համաչափ զարգացման վերահաս ապագայի մասին։ Ինչպես է սա իրագործվելու՝ տեղում, կարծես, այդքան էլ չեն պատկերացնում։