Ձուկը գլխից ա փտում, ասում է Շիրակամուտ գյուղում մեզ հանդիպած միջին տարիքի տղամարդը, երբ մենք հարցնում ենք համայնքների խոշորացման մասին։ Եվ անմիջապես պարզաբանում է․ «Եթե ուզում են խնայողություն անեն, թող վերևների ծախսերը կրճատեն, ոչ թե գյուղապետարանի աշխատողներին կամ դպրոցի դասատուներին կրճատեն ու դրանով փող շահեն»։
Խոշորացում․ Շիրակամուտ
Խոշորացման մասին Շիրակամուտում լսել են, բայց շատերը հստակ չգիտեն՝ արդյոք խոշորանալու են Սպիտակի թունելից դեպի Շիրակի մարզ տանող ճանապարհի 12 գյուղերը, թե 6-ը միայն։ Լսել են նաև, որ կենտրոնը լինելու է Շիրակամուտը (նախկինում՝ Նալբանդ), որը 1988 թվականի երկրաշարժի էպիկենտրոնն է եղել։ Եվ այստեղ ամենազարմանալի հայտարարությունն ենք լսում՝ մեր զրուցակիցն ասում է, որ ինքն էլ է դեմ խոշորացմանը։ Նախկինում այլ տեղերում, օրինակ, Դիլիջանում, խոշորացման ծրագրի մասին դրական էին արտահայտվում այն համայնքները, որոնց միացնում են մնացածին։
«Գիտեմ՝ գյուղին դա կարող է օգուտ լինել, կաշխուժանա կյանքը, կարող ա դպրոցը միավորեն այստեղ։ Բայց ուրիշ գյուղերում ապրողներն էլ են մարդ։ Խնկոյանը՝ Խնկո Ապոր գյուղը, ստեղից 15 կմ մոտավորապես, տռասից երևի մի 5 կմ։ Էդ վերջին հատվածում նորմալ ճանապարհ չկա։ Դպրոցն ընդեղ կփակվի։ Եթե ավտոբուս էլ լինի, շատերը իրենց փոքր էրեխեքին չեն ուղարկի ստեղ դպրոց։
Լուծումն էլ ինչն ա՝ գյուղը թողեն, Ռուսաստան գնան։ Գյուղապետարանում, դպրոցում գոնե մի քանի մարդ աշխատում ա, էլի էդ ընտանիքները մնում են։ Էդ էլ կկրճատեն։
Էնտեղ մարդ չի մնացել (պաշտոնական տվյալներով՝ 289 մարդ-խմբ․), էդ խոշորացումից հետո էդ մի գյուղը պրծավ, կարաք հանեք քարտեզից», – ասում է տղամարդը։
Մտնում ենք գյուղապետարան, սենյակներից մեկում մեկ տասնյակից ավել տղամարդիկ են հավաքված։ Երևանից լրագրողներին սկզբում չեն վստահում, հարցնում են՝ որ լրատվամիջոցից ենք, ինչու ենք հանկարծ որոշել Շիրակամուտ գալ։ Լսելով խոշորացման մասին՝ տղամարդկանցից մեկը սկսում է վրդովվել։ Ուզում են մի երկու կոպեկ խնայել, էլի գյուղացուն են կպնում, պնդում է նա։ Ու ևս մեկ դեպք, երբ Շիրակամուտի բնակիչը դեմ է խոշորացմանը։ Մեր զրուցակիցը բացատրում է՝ իրենց համայնքի վարչական հողերը, ի տարբերություն մայրուղու մյուս կողմում գտնվող գյուղերի՝ շատ քիչ են, մշակելը ձեռնտու չէ, ստացվում է, որ Շիրակամուտի համար իրավիճակը կարող է փոխվել դեպի լավը․ և, այնուամենայնիվ, նա չի ցանկանում լսել անգամ խոշորացման մասին։ Եվ նույնն է ասում՝ մյուս գյուղերը շատ կտուժեն, անդառնալի վնասներ կկրեն․ «Կամ դու ասա եղբայր, ինչ որ մի բարեփոխում էս երկրում լավ բանով ավարտվե՞լ է։ Մի բան մինչև էսօր արե՞լ են ժողովորդի համար։ Չեմ հավատում ես էդ ծրագրին»։
Գյուղապետարանից դուրս ենք գալիս, զրույցը փողոցում շարունակում, ու մի տղամարդ էլ ասում է․ «Էդ ամեն ինչը [մարդիկ] ճիշտ են ասում, բայց, բացի էդ, երկու կարևոր հարց կա։ Նախ, լրագրողներ ջան, ինքնակառավարման ձևն ա փոխվում։ Էն գյուղերը մնալու են հետին պլանում։ Մի մասն ուշադրությունից դուրս են գալու։ Դա հաստատ։ Երկրորդը՝ լավ էլ գիտեք, որ հեշտ ա լինում մարդկանց կառավարել։ Կենտրոնացնում են։ Քաղաքական պատճառ ունի։ Դրա համար էլ անում են»։
Նա ասում է, որ արդեն խոշորացված համայնքի գյուղապետին «կնստացնեն» վերևից՝ դե, գիտենք, պետք եղած ժամանակ ընտրություններն ինչպես են լինում։ Ու որ գյուղից լինի համայնքի ղեկավարը, այդ գյուղն էլ շահելու է։ Հիմա, երբ գյուղապետ են ընտրում, միջամտությունն ավելի քիչ է, փոքր գյուղերի դեպքում դա ավելի շատ «ներսի» հարց է։ Խոշորացման դեպքում այդ հնարավորությունից էլ զրկվելու են։
Շիրակամուտի գյուղապետ Աշոտ Երանոսյանի սենյակում ենք։ Նա 4 ամիս է ղեկավարում համայնքը․ ավելի վաղ մեր զրուցակիցները դրական էին խոսում անկուսակցական Երանոսյանի մասին։ Խոշորացման մասին հարցին պատասխանելիս զգուշավոր է։ Ասում է՝ բյուջեն կենտրոնացնելու դեպքում դրական տեղաշարժ կարող է լինել, ավելի մեծ ծրագրեր կիրականացվեն, սուբվենցիաներ կստանան։ Այնուամենայնիվ, դեռ հստակ չի կարող ասել, թե գործընթացներն ինչպես կզարգանան։ Երանոսյանի խոսքով՝ միևնույն է կարևոր է՝ ինչպես ավագանին կաշխատի և արդյոք գյուղապետը թույլ կտա ավագանուն որոշումների կայացմանն ակտիվ մասնակցություն ցուցաբերել։
Հաջորդ օրը դարձյալ գյուղում ենք։ Նույն հարցով մոտենում ենք փողոցներից մեկի ծայրում կանգնած տղամարդկանց մի խմբի։
Թեմայից տեղյակ են, բայց լավատեսություն չկա, գեթ մեկ մարդ չի հավատում դրական փոփոխությունների։ Աշխատատեղ չկա, ասում են, մարդկանց հույսը Ռուսաստան գնալն է։
Գյուղի կեսից ավելը «խոպանիստ են», սպասում են ամեն առիթի Ռուսաստանում տարբերակ գտնելուն ու մեկնելուն։
«Եթե խոշորացումը որևէ ձեռնարկության, ֆաբրիկայի ստեղծման չի բերելու, աշխատատեղ չի բերելու, դա ոչ մեկին պետք չի։ Իսկ ուրիշ տեղ մի բան արե՞լ են էդ ուղղությամբ։ Չեն արել։ Անհույս գործ ա։ Ասում են՝ խոշորացման դեպքում կարող են կոոպերատիվներ ստեղծել, համատեղ աշխատենք։ Ասեմ՝ ոչ մեկ չի խանգարում հիմա էլ կոոպերատիվ ստեղծել ու աշխատել, առանց խոշորացման», – ասում է միջին տարիքի մի տղամարդ։
Խոշորացում․ Կաթնաջուր
Հարևան Կաթնաջուր գյուղում, որը խոշորացման դեպքում համայնքի կենտրոն չի լինելու, էլ ավելի վատ են վերաբերվում ծրագրին։
Ինչպես և Շիրակամուտում, տղամարդիկ գյուղապետարանի սենյակներից մեկում են հավաքվել, զրույց են անում, շաշկի և շախմատ խաղում։ Խոշորացման մասին տեղյակ են․ կաթնաջրեցիներից մեկը հերթով հակափաստարկներ է բերում՝ ներկա պայմաններում իրենք կարող են գյուղապետի հետ լեզու գտնել՝ արագ կազմակերպել ճանապարհների մաքրումը, հարկ եղած դեպքում ջրատարի նորոգումը, իսկ եթե կենտրոնն այլ տեղ տանեն՝ իրենց լսող էլ չի լինի։
«Գյուղը քչերից ա, որ բոլոր հարկերը հավաքում ա՝ հողի հարկ, ջրի հարկ։ Ստացվում ա՝ խոշորացման դեպքում մեր բյուջեից պիտի պահենք էն համայնքները, որոնք իրենց հարկերը չեն հավաքում», – նշում է տղամարդը։
Ավելի աղքատ համայնքների ոտքի կանգնելն արդեն իսկ դժվար է, իսկ Կանթնաջրին ծրագիրը շատ կվնասի։
Ինչպես և Շիրակամուտում, այստեղ էլ վստահ են՝ խոշորացման դեպքում գյուղն արագ տեմպերով սկսելու է դատարկվել։
Դպրոցի տեղափոխումն էլ ավելի է սարսափեցնում մարդկանց, անգամ Շիրակամուտ, որը շատ հեռու չէ, երեխաներին ուղարկելը մեծ խնդիր կլինի։
Մեր զրուցակիցներից մեկն էլ մեզ է հարց ուղղում․ «Դուք գիտե՞ք, որ Տավուշում, օրինակ, խոշորացում է եղել։ Մի լավ բան կարո՞ղ եք ասել, որ էնտեղ եղել է։ Կարա՞ք մի դրական առաջընթաց արձանագրեք։ Գիտեմ էնտեղի վիճակը, տեղյակ եմ։ Մի լավ բան մարդկանցից լսե՞լ եք»։
Կենտրոնացման բացասական օրինակ են բերում։ Տարածաշրջանի համայնքներին սպասարկող բուժկենտրոնը եղել է Մեծ Պառնի գյուղում՝ «սարի գլխին»։ Շտապօգնությունն այնտեղից երկար է գալիս, շատ հաճախ մեքենաներն անսարք են․ «Մինչև գալիս էին, մարդը մեռնում էր»։
Բողոքների առաջին ալիքը, երբ մարդիկ իրար հերթ չտալով, զայրացած խոսում էին, անցնում է, և կաթնաջուրցիները սկսում են ավելի հանգիստ պնդել իրենց կարծիքը։
«Մեր գյուղն իրա բյուջեով որոշ հարցեր լուծում ա։ Ճանապարհ ա, բան ա սարքում ենք։ Չեմ ասում, ամբողջ գյուղի ճանապարհները պիտի սարքած լինի, բայց էլի մի բան անում ենք, ոչինչ։ Բայց եթե [որոշում կայացնողը] գնաց էնտեղ, պիտի մոռանանք…. Ես 53 տարեկան եմ, 18 հազար դոլար վարկ ունեմ։ Հիմա ուզում եք Ադրբեջանին միացրեք մեր գյուղը, ուզում եք Վրաստանին, ուզում եք հանեք, տարեք, ոնց կամ, նենց էլ մնալու եմ»։
Բողոքի հետ մեկտեղ հուսահատություն կա։ Մարդիկ չեն հավատում, որ որևէ բան կփոխվի, ընդգծում են, որ իրենց կարծիքը միևնույն է չեն հարցում․
– Դուք լավ գիտեք, որ սա Եվրամիության ծրագիրն ա։ Եվրամիությունը ֆինանսավորել ա, փողը վերցրել են ու անելու են, չեն լսելու մեզ։ Ինձնից էլ լավ գիտեք։
– Ես մի բան գիտեմ, մարդկանց չեն լսելու։ Ուզում ա դուք գաք, մենք ինչ ուզում ա ասենք՝ լավ ասենք, վատ ասենք, կառավարությունը, ոնց պետք ա, անելու ա։
֊ Կարճ ասած՝ իրենք ուզում են գյուղացուց էն մի երկու կտոր հողն էլ վերցնեն, գյուղացին էլ իրենց մոտ ստրուկ աշխատի։
Երբ արդեն շարժվում էինք դեպի դուռը, մեր զրուցակիցներից մեկը խոշորացման ծրագրի բացասական լինելու մասին վերջին ապացույցն է բերում․ «Եթե գոնե մի քիչ լավ բան լիներ, Հ1-ով սաղ օրը մենակ դրա մասին կասեին»։