ՀՀ Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ՝ 58 կողմ, 21 դեմ ձայներով ընդունել է «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին և տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքում փոփոխությունների մասին օրենքների նախագծերը» (Համայնքների խոշորացում)։ Մի շարք պատգամավորներ, սակայն, առաջարկել են հետաձգել այս որոշման նախագծի քվեարկությունը, քանի որ այն ունի մի շարք թերի կողմեր։
«Ես առաջարկում եմ հետաձգել այս որոշման նախագծի քվեարկությունը, քանի որ այս փուլում խոշորացումը արդարացված չէ․ մենք փոքր համայնքներին հակադրում ենք մեծ համայնքները։ Օրինակ՝ Կողբը և Բերդավանը (Տավուշի մարզ ֊ խմբ․), կամ Մեղրու տարածաշրջանի (Սյունիքի մարզ֊խմբ․) 15 համայնքներ միավորում ենք։ Մեղրու տարածաշրջանն ունի ստարտեգիական դիրք, բայց ստեղծում ենք 1 համայնքային իշխանություն։ Սա աննախադեպ բան է, որ մեծ տարածքի վրա մեկ համայնք ենք ունենում», -ասել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ նշելով, որ ինքը դեմ է քվեարկելու նման նախագծին։
Ի պատասխան՝ ԱԺ փոխխոսնակ, իշխող ՀՀԿ֊ի անդամ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ դեռ երեկ ինքը նույնպես մտահոգություն էր հայտնել Կողմբի և Բերդավանի միացման հետ կապված։ Վերջինիս հավաստմամբ՝ Կառավարության, տվյալ գյուղերի գյուղապետերի և համայնքի բնակիչնների հետ քննարկման արդյունքում՝ որոշում է ընդունվել Բերդավանը և Կողբը չմիացնել․ «Բերդավանը միանալու է Նոյեմբերյան համայնքին»։
Իր ելույթում ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովիկ Մարգարյանը նույնպես նշել, որ դեմ է քվեարկելու նախագծին։ Վերջինիս խոսքով՝ անընդունելի է, որ հաշվի չեն առնում տվյալ համայնքների բնակիչների կարծիքները։ Մարգարյանն առաջարկել է միայն օրենքի նախագծում փոփոխություններ անելուց հետո հարցը դնել քվեարկության։
ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյաը նույնպես պնդել է, որ սխալ քայլ է համայնքների խոշարացումը․ «Նույնիսկ եթե 10 մարդ լինի, գյուղը պետք է պահել։ Չի կարելի 2 կոպեկի համար բռնել, համայնքը վերացնել»։
Բագրատյանի ելույթից հետո բուռն բանավեճ է սկսել վերջինիս և ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանի (լուսանկարում) միջև, երբ վերջինս իր ելույթում հայտարարել է․ «Խոսում են ամեն ինչից, բացի բուն օրենքից»:
Այդ արտահայտությունը բարկացրել է Բագրատյանին և նա սկսել է տեղից դժգոհել․ «Զզվցրիք արդեն»։ Այվազյանը պահանջել է, որ ՀԱԿ խմբակցության պատգամավորը լռի։
«Հանգիստ նստի՛ տեղդ, նստի՛ տեղդ, ա՜յ քեզ բան, վունդերքինդ․․․ էս «ազվերին» կերածներին հանգստացրեք հա, թե չէ ես կհանգստացնեմ», -ասել է Այվազյանը։
«Հանգստացրու, տենամ», ֊ պատասխանել է Բագրատյանը, որից հետո Այվազյանն ասել է՝ արի, հլը, և դուրս է եկել դահլիճից։ Այվազյանին փորձել են հանգստացնել ՀՀԿ֊ական մյուս պատգամավորները․ «Վարդա՛ն, արա՛, հետ արի, ամոթ ա»: