Ազգային ժողովում այսօր քննարկվել է համայնքների խոշորացման ծրագիրը։ Այն արդեն իրականացվել է 3 մարզերում, այժմ ՀՀ կառավարությունը նախատեսում է ավելի քան 100 բնակավայրեր միավորել 13 համայնքներում։
Քննարկման ընթացքում ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը նշել է, որ ծրագրով նախատեսվում է միավորել այնպիսի համայնքներ, որոնք արդեն կազմավորված են և ունեն իրենց բնորոշ առանձնահատկությունները․ «Նոյեմբերյանում միացվում է 2 համայնք, որոնցից յուրաքանչյուրն ունի 3000 կամ 4000 բնակչություն։ Այս համայնքներն արդեն ունեն իրենց ինքնակառավարման համակարգը և այս միացումը ոչնչացնում է ինքնակառավարումը։ Ախր, ի՞նչ խղճով եք 3000, 4000 բնակիչ ունեցող համայնքները տանում խոշորացման։ Սրանք արդեն կազմավորված համայնք են՝ իրենց մշակույթով և ամեն ինչով։ Գոնե միացնեիք նրանց, որոնք որպես համայնք չեն գործում»։
Պատգամավորի խոսքով՝ այս ծրագրով խախտվում է նաև Սահմանադրությունը։
«Սահմանադրությունում պարզ գրված է, որ հանրային շահից ելնելով կարող են միանալ և առանձնանալ համայնքները, և ԱԺ-ն պարտավոր է լսել այդ համայնքների կարծիքը, իսկ համայնքները կողմ չեն։ Սա ինքնակառավարմանն ու մարդկանց իրավուքներին դեմ գնացող միջոցառում է, որի հետևանքով քաղաքացին հեռանում է կառավարման վահանակից»։