Մայիսի 17-ին Լոռու, Սյունիքի և Տավուշի մարզերի 22 բնակավայրերում համայնքների խոշորացման վերաբերյալ անցկացվելիք հանրաքվեի արդյունքները կարևոր չեն ծրագիրը կյանքի կոչելու հարցում։ Այսօր ԱԺ֊ում ծրագրերի շուրջ խորհրդարանական լսումների ժամանակ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն ասել է, որ թեև նման հարցով հանրաքվեն պարտադրվում է գործող Սահմանադրությամբ, սակայն վերջնական քաղաքական որոշումն ԱԺ֊ն է ընդունում։
Այն հարցին, թե ինչ է արվելու, եթե մայիսի 17֊ի հանրաքվեին, օրինակ, 50 տոկոսից քիչ մարդ մասնակցի կամ եթե մասնակիցների մեծամասնությունը «դեմ» քվեարկի համայնքի խոշորացման ծրագրին, Տերտերյանն ասել է․ «Հանրության կարծիքը պետք է հաշվի առնվի, բայց այնպես չէ, որ ԱԺ֊ն չի կարող հանրաքվեի արդյունքներին հակասող որոշում կայացնել։ Բնական է, որ ոչ մի ռեֆորմ համընդհանուր համաձայնությամբ չի ընդունվում»։
ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հարց է բարձրացրել՝ այն դեպքում, երբ հանրաքվեն կարևոր չէ, ի՞նչ մեթոդով է չափվելու հանրային շահը։ Պատգամավորը նաև հարցրել է՝ հանրաքվեն անցկացնելը և դրանից հետո դրա արդյունքները հաշվի չառնելը որքանո՞վ է նպաստելու ժողովրդավարությանը։
Տերտերյանը կարծիք է հայտնել, որ հանրաքվեն բարձր լեգիտիմություն ունեցող, սակայն շատ էմոցիոնալ և պակաս ինֆորմատիվ մեթոդ է, քան, ասենք, զրույցները, քննարկումները համայնքներում։
Նա նշել է նաև, որ լավ կլիներ, եթե վարչական բարեփոխումների համար հանրաքվեի պարտադիր լինելը չեղյալ համարվեր։
Պիլոտային ծրագրով Լոռու մարզի Թումանյանի, Մարցի, Քարինջի, Լորուտի, Շամուտի, Աթանի, Ահնիձորի համայքները միավորվելու են Թոմանյանի համայնք անվան տակ, Տավուշի մարզի Դիլիջան, Հազարծին, Թեղուտ, Գոշ, Աղավնավանքի, Խաչարձանի, Հովքի համայնքները՝ Դիլիջան անվան տակ, Սյունիքի մարզի Շինուհայ, Տաթև, Հալիձոր, Հարժիս, Սվարանց, Խոտ, Տանձատափ, Քաշունի համայքները՝ Տաթևի համայնք անվան տակ։
Տերտերյանն ասել է, որ պիլոտային ծրագրի համայնքները պատահական չեն ընտրված․ Դիլիջանը նույնիսկ առանց համայնքային խոշորացման դարձել է զբոսաշրջանային խոշոր կլաստեր, Տաթևը ևս իր բիզնես կենտրոնով կառավարման մի փունջ է դարձել։
Համայնքների խոշորացման ծրագիրը մտահոգություն է առաջացրել գյուղերում։ Մասնավորապես, խոշորացման ենթակա համայնքների բնակիչները նշում են, որ միավորումը լուրջ տրանսպորտային խնդիրներ է առաջացնելու, երբ մեկ փաստաթղթի համար, իրենք ստիպված են լինելու 30-40 կմ հեռու գտնվող համայնքի կենտրոն հասնել։ Գյուղացիներն ընդգծում են, որ խոշորացման հետևանքով լուծարվելու են գյուղապետարանները, ինչը գործազրկության է հանգեցնելու, բացի դա, պարզ չէ՝ ինչպես են բաշխվելու համայնքների հողատարածքները։
Համայնքների խոշորացման ծրագրին քաղաքական ուժերից դեմ է արտահայտվել «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը՝ այն վտանգավոր որակելով։
ՀԱԿ֊ի համոզմամբ, մասնավորապես, այդ համայնքների մեխանիկական միավորմամբ գյուղերը զրկվելու են ինքնուրույնությունից, խախտվելու են բնակավայրերի` սեփական եկամուտները տնօրինելու սկզբունքը և խոչընդոտելու է բնակավայրերում ներդրումների իրականացմանը, վերջնականապես վերացվելու է բնակիչների լիարժեք մասնակցությունը համայնքների կառավարմանը, բնակիչներին առօրյա բազմաթիվ խնդիրների լուծման առումով կանգնեցնելու է մեծ դժվարությունների առջև:
Բացի դա, կուսակցության պնդմամբ, վտանգավոր է այն, որ համայնքային նոր կենտրոնները կարող են կլանել բոլոր ռեսուրսները՝ զարգացման ընդգծված անհամաչափություն առաջացնելով բնակավայրերի միջև: