Տավուշի մարզի Հաղարծին համայնքի գյուղապետ Սարգիս Պողոսյանը ենթադրում է, որ համայնքների խոշորացման ծրագիրը, որի վերաբերյալ հանրաքվե պետք է անցկացվի մայիսի 17-ին, կարող է առնչություն ունենալ գործարար Ռուբեն Վարդանյանի ճոպանուղու բիզնեսի հետ, քանի որ խոշորացումը ներառում է նաև Սյունիքի մարզի Տաթևի և Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանների մի քանի գյուղեր։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։ Հաղարծինն, իր հերթին, միանալու է Դիլիջան համայնքին։
«Կոնկրետ բան չեն ասում, մենակ ասում են՝ լավ ա լինելու։ Իբր մեծ ներդրումներ են լինելու․ ասֆալտ են անելու, մեքենաներ են տալու, բայց թե ում են տալու, ինչ մեքենաներ են տալու և ինչ նպատակով, ոչ ոք չգիտի։ Մի հարցնող լինի՝ էս թեքության վրա մեր գյուղացին ասֆալտն ի՞նչ ա անում։ Չէ՞ որ նա ավելի ավելի կարևոր խնդրի առաջ ա կանգնած՝ աշխատանք չունի։ Եղած աշխատատեղերն էլ խոշորացումից հետո կփակվեն, և մարդիկ կսկսեն մտածել գյուղը լքելու մասին», ֊ ասել է Պողոսյանը։
Թերթի տեղեկություններով՝ համայնքների խոշորացման ծրագիրը կյանքի կոչելու համար ավելի քան 1 մլրդ դոլար ներդրում է արվելու։ Գյուղացիները համոզված են, որ, վնասից բացի, իրենք դրանից որևէ օգուտ չեն քաղելու։
«Լսել ենք՝ Դիլիջանում ինչ֊որ խոշոր ծրագիր են անելու։ Բայց քանի որ քաղաքն իր մասշտաբներով ու բնակչության թվով չի համապատասխանում ներկայացված պահանջներին, Դիլիջանն արհեստականորեն մեծացնում են։ Թե ում համար ա դա արվում՝ չգիտենք։ Մենակ գիտենք, որ մեր լուծն էլի մենք ենք քաշելու։ Ամենասովորական մի օրինակ բերեմ․ մեր գյուղից մինչև Դիլիջան 9 կմ ա։ Այսինքն, մի տեղեկանք ստանալու համար ես պիտի 300 դրամ ճանապարհածախս տամ, օր կորցնեմ, որ հասնեմ Դիլիջան, ու դեռ հայտնի չի՝ էդ օրն ինձ կարա՞ն տեղեկանք տան, թե՞ կասեն՝ գնա, էգուց արի» ֊ ասել է Հաղարծինի գյուղամիջում հավաքված տղամարդկանցից մեկը։
Թերթը նշում է, որ հաղարծինցիները որոշել են մայիսի 17-ին «ոչ» ասել համայնքների խոշորացման ծրագրին, բայց վստահ չեն, որ իրենց կարծիքը հաշվի են առնելու։
Համայնքի բնակիչները վստահ են՝ եթե «վերևներում այդպես են որոշել», ուրեմն անելու են՝ անկախ իրենց դիրքորոշումից։
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում