Այսօր առավոտյան Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ գյուղերի բնակիչները հավաքվել են Նոյեմբերյանի քաղաքապետարանի առջև ու փակել միջպետական ճանապարհը: Այս մասին հայտնում է Armtimes.com կայքը՝ նշելով, որ բնակիչները այդ կերպ իրենց դժգոհությունն են հայտնել համայնքների խոշորացման ծրագրից։ Նրանք, առաջին հերթին, պահանջել են այդ ծրագիրն իրենց հետ քննարկել:
«Այսօր Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը պետք է Տավուշի մարզպետարանում հանդիպում անցկացներ գյուղապետերի հետ: Մենք հավաքվեցինք՝ մոտ 300 մարդ, տարբեր գյուղերից: Ճանապարհը փակեցինք: Մենք կարծում ենք, որ պետք է այդ քննարկումը գյուղերում անցկացնեն՝ գյուղացիների մասնակցությամբ: Քիչ առաջ մարզպետի անունից հայտարարեցին, որ այդ հանդիպումը հետաձգվում է մինչև վաղը: Մոտ մեկ ժամ բանակցություններ էին ընթանում, մենք պահանջում ենք, որ հանդիպումը լինի որևէ սահմանամերձ գյուղում: Քիչ առաջ մարզպետի անունից մեզ տեղեկացրին, որ քննարկումը կանցկացվի վաղը, առավոտյան 10:00-ին Ոսկեպար գյուղում: Որոշեցինք ճանապարհը բացել»,- կայքի հետ զրույցում ասել է բողոքի ակցիայի մասնակիցներից Արման Մելիքյանը։
Բնակիչները պնդել են, որ հանդիպումը որևէ գյուղում կազմակերպելը առավել նպատակահարմար է, քանի որ մարզպետարանը որոշ գյուղերից 50-60 կիլոմետր հեռու է, բացի այդ, մարզպետարանում գյուղացիները չեն տեղավորվի և հետևաբար բոլոր ցանկացողները չեն կարող մասնակցել քննարկմանը:
Մելիքյանը Armtimes.com-ին հայտնել է, որ իրենք դեմ են համայնքների խոշոռացմանը և այդ որոշումը ընդունվել է առանց իրենց տեղյակ պահելու և առանց որևէ հանրային քննարկման։
Նշենք, որ ՀՀ կառավարությունը համայնքների խոշորացման ծրագիրը սկսել է իրականացնել նախորդ տարի 3 մարզերում։ Հանրաքվեի մասնակից բնակավայրերից մի քնաիսը դեմ են եղել համայնքների խոշորացմանը։ Չնայած դրան, նրանց կարծիքը հաշվի չէր առնվելու անգամ այն դեպքում, եթե բոլորը համայնքները դեմ քվեարկեին ծրագրին։ Մինչև հանրաքվեի անցկացվելը հայտարարվել էր, որ այն ընդամենը խորհրդատվական նշանակություն ունի։