Երևան-Գյումրի խճուղուց սկիզբ առնող մոտ 9 կմ երկարությամբ ճանապարհը, որը տանում է դեպի Հայրենյաց, Հայկասար, Տուֆաշեն գյուղեր, անմխիթար վիճակում է. այն չի նորոգվել 1982 թվականից ի վեր, և դարձել է համար մեկ խնդիրը գյուղացիների համար:
Տուֆաշեն գյուղի գյուղապետ Արտակ Եգորյանը Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ ճանապարհն այնքան է վատացել, որ այս տարի արդեն տաքսիները, շտապօգնության մեքենաները չեն մտնում գյուղ:
«Եթե Արթիկից մեր գյուղ 7 կմ է, տաքսին ժամանակին ուզում էր 700 դրամ, հիմա 2000 դրամով էլ չեն քշում: Ասում են՝ չենք փչացնի մեր ավտոն, ծախսի տակ ընկնենք»,- ասել է գյուղապետը:
Հայրենյաց գյուղի համայնքապետ Գևորգ Մարտիրոսյանն էլ մեր թղթակցին ասել է, որ համայնքներն իրենց ուժերի ներածին չափով փոսալցումներ են անում, սակայն դա չի օգնում, ասֆալտապատում է պետք: Մարտիոսյանի խոսքով՝ անցյալ տարի մարզպետարանից իրենց խոստացել են, որ ճանապարհը կնորոգեն Եվրամիության աջակցությամբ՝ համայնքների խոշորացման ծրագրի շրջանակներում:
Տուֆաշենի գյուղապետի խոսքով, սակայն, համայնքները բոլորն էլ դեմ են խոշորացմանը: «Եթե ճանապարհը պետք է կառուցեն, որ կողմ քվերակենք խոշորացմանը, ապա ավելի լավ է չսարքեն, մնանք այսպես իզոլացված: Մարդիկ այդ կարծիքին են, բոլորն էլ»,- ասել է Եգորյանը:
Նրա խոսքով՝ համայնքի բնակիչները հարցը բազմիցս բարձրացրել են Շիրակի մարզպետարան և Կառավարություն նամակներ ուղարկելով:
«Անցյալ տարի մենք՝ երեք գյուղերի համայնքապետերս, դիմեցինք Սերժ Սարգսյանին: Ստացանք պատասխան, որ միջոցներ առայժմ չկան»,- ասել է համայնքապետը:
Հայրենյացի գյուղացիները հարցը բարձրացել են նաև երեկ, երբ իրենց գյուղի եկեղեցու բացման արարողությանը մասնակցելու համար գյուղ էր ժամանել Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը: Ինչպես հաղորդում է Aravot.am-ը՝ մարզպետը ասել է, որ «բողոքելու օր չէ», հետո խոստացել է ճանապարհը վերանորոգել երկու ամսվա ընթացքում:
Լուսաանկարը՝ tsayg.am