հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Բնապահպանություն / Կապիտալիզացնել Սևանը․ բնապահպանները պայքարելու են լիճը Կարեն Կարապետյանից փրկելու համար

Կապիտալիզացնել Սևանը․ բնապահպանները պայքարելու են լիճը Կարեն Կարապետյանից փրկելու համար

Կառավարությունը ցանկանում է Սևանա լճից թույլատրելիից մոտ 160 տոկոսով ավել ջուր բաց թողնել առաջիկա երեք տարիներին։ Գործադիրն այս մասին հայտարարել է անցյալ շաբաթ, իսկ մի քանի օր հետո այդ որոշմանը օրինական ուժ տալու համար որոշում է կայացվել հուլիսի 4֊ին Ազգային ժողովի արտահերթ նիստ հրավիրել։ Այս հապճեպ քայլերը խիստ անհանգստացրել են բնապահպաններին։

«Կարեն Կարապետյանը դառնալով վարչապետ ասաց, որ բնությունը պետք է կապիտալիզացնել։ Մեր բոլոր դժբախտությունները գալիս են դրանից», ֊ նոր Կառավարության քաղաքականությունը քննադատելով՝ այսօր «S.O.S Սևան» շարժման մեկնարկին «Էկոլուր» կազմակերպությունում հայտարարել է բնապահպան Նազելի Վարդանյանը։

«Էկոլուր»֊ում սկսվել է ստորագրահավաք՝ Սևանը փրկելու համար։ Բնապահպանները պատրաստվում են բողոքի ակցիաներ անել նաև Ազգային Ժողովի մոտ։

Նրանք նշել են, որ Սևանից հանվող ջրի 170 մլն մ3 սահմանից ավել ջուր վերցնելու ծրագիր արդեն 4֊րդ անգամ է փորձ արվում օրինականացնել։ Նման ծրագիր իշխանությունը առաջարկել է 2008, 2012, 2014 թվականներին։

«Բայց այս ծրագիրը ամենաանհիմն է»,֊ ասել է «Էկոլուր»֊ի նախագահ Ինգա Զառաֆյանը՝ ընդծելով, որ Բնապահպանության նախարարությունը բացասական եզրակացություն է տվել նախագծին, որևէ հանրային լսումներ չեն անցկացվել, ծրագիրը փորձաքննության չի ենթարկել նախագահին կից գործող Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի կողմից։

Ըստ առաջարկվող ծրագրի՝ Սևանի ջրով կլուծվի Արարատյան դաշտի երեք ամայացող համայքների ոռոգման հարցը և ջրամբարները կլցվեն։

«Կառավարությունը 38 միլիոն վարկ էր վերցրել այդ խնդիրները լուծելու համար Արաքսից ջուր վերցնելու նպատակով։ Ո՞ւր է գնացել այդ 38 միլիոն վարկը»,֊ հարցնում է Զառաֆյանը։

Համաձայն Կառավարության օրինագծի, Սևանից ավելի շատ ջուր վերցնելը հնարավորություն կտա Սևան-Հրազդան դերիվացիոն համակարգի ՀԷԿ-երում լրացուցիչ արտադրել ևս շուրջ 97 մլն կՎտ.ժամ էլեկտրաէներգիա։ Զառաֆյանը նկատում է, որ համաձայն ջրային օրենսգրքի՝ ջուրը կարող է էներգիա ստանալու նպատակով օգտագործվել ամենավերջին դեպքում։

Բնապահպանները համոզված են, որ իշխանությունը շահագռգռված չեն Սևանի մակարդակի բարձրացմամբ։

«Ո՞վ ունի առանձնատներ Սևանի ափին։ Նույն մարդիկ, ովքեր հուլիսի 4-ին կողմ են քվեարկելու այս ծրագրին։ Ազգային պարկ էլ չկա, ամբողջը սեփականաշնորհել են»,֊ ասել է Սևան ազգային պարկի նախագծի հեղինակ Գագիկ Սուխուդյանը։

Քննարկմանը մասնակցում էին նաև Սևանի լճի ավազանի բնակավայրերի բնակիչները։ Գավառի բնակիչ, բնապահպան Լիանա Ասոյանը նույնպես ընդգծել է, որ իրենք Կառավարության որոշումից են իմացել ծրագրի մասին, ոչ մի հարնային լսում չի արվել մինչ այդ։

«Իսկ ինչո՞ւ է Արարատյան դաշտի 70 տոկոսը ցամաքել․ որևէ մեկը պատասխան չի տվել»,֊ նկատել է նա։

Նշենք, որ, համաձայն մամուլի հրապարակումների, Արարատյան դաշտում ջրի աղբյուրների ցամաքման պատճառներից մեկն արհեստական ձկնաբուծարաններն են։