Home / Բանտ / Ինչի է Ռուսաստանը պատժում ամենառուսամետ արցախցիներին. պաշտոնական

Ինչի է Ռուսաստանը պատժում ամենառուսամետ արցախցիներին. պաշտոնական

Ադրբեջանը շարունակաբար սրում է իրադրությունը, Լաչինի միջանցքում և Լեռնային Ղարաբաղում անհրաժեշտ է «միջազգային լայն մանդատ կրող ներկայություն»՝ հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ստեղծված իրավիճակի ողջ պատասխանատվությունը Ռուսաստանի Դաշնության վրա է՝ ավելի վաղ նշել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ հավելելով՝ «այսօր մենք տեսնում ենք», որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստեղված անվտանգային ճարտարապետությունը «ամբողջովին փլուզվում է»։

Ապրիլի 23-ին Բաքուն փակել է Հայաստան-Ղարաբաղ սահմանին գտնվող Հակարիի կամուրջը, որը Լաչինի միջանցքում է`ռուս խաղաղապահների վերահսկողության գոտում։ Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը այնտեղ անցակետ է տեղադրել։ Ստեփանակերտը և Հայաստանը դիմել են Ռուսաստանին։ Մի քանի օր տևած անարդյունք բանակցություններից հետո ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, որ պաշտոնանկ է անում խաղաղապահ առաքելության հրամանատար, գեներալ Անդրեյ Վոլկովին և փոխարինում նրան Սերգեյ Շոյգուի խորհրդական, գեներալ Ալեքսանդր Լենցովով։ Միջազգային հանրությունը բազմաթիվ «մտահոգություններ» է հայտնել։

տե՛ս Ադրբեջանական անցակետ՝ «ռուսական» Լաչինի միջանցքում

Երևանի դիրքորոշումը

Եթե Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը մինչ այժմ փակ էր կեղծ բնապահպանական ակցիայի պատրվակով, հիմա այն պաշտոնապես փակվել է Ադրբեջանի կողմից՝ կառավարության այսօրվա նիստին ընդգծել է Փաշինյանը։ Հայաստանի վարչապետը Բաքվի գործողությունները գնահատում է որպես սադրիչ քայլ, որը միտված է լարվածությունը սրելուն, հումանիտար ճգնաժամը խորացնելուն և ԼՂ հայության էթնիկ զտմանը։

Իրադրությունը կարգավորելու հայկական կողմի դիրքորոշումը, ըստ վարչապետի, հետևյալն է․

— Ռուսաստանի խաղաղապահ զորախումը պետք է վերահսկողության տակ պահի Լաչինի միջանցքը և ապահովի միջանցքի բնականոն գործունեությունը։ Ռուսաստանից բացի որևէ մեկը Լաչինի միջանցքում վերահսկողություն չպետք է իրականացնի, Ադրբեջանն էլ պետք է չխոչընդոտի միջանցքով ազատ երթևեկությունը՝ այնպես, ինչպես նախատեսված է 2020թ․ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ։

— Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքներն ու անվտանգությունը պետք է դառնան Ստեփանակերտի և Բաքվի միջև բանակցությունների առարկա՝ միջազգային ֆորմատի շրջանակներում։

Ադրբեջանի ջանքերը Լեռնային Ղարաբաղը վերածելու հայության նոր կառափնարանի պետք է կասեցվեն՝ հավելել է գործադիրի ղեկավարը․ «Սրա միակ հուսալի ճանապարհը միջազգային լայն մանդատ կրող ներկայությունն է Լեռնային Ղարաբաղում։ Որպես առաջին քայլ անհրաժեշտ է Լաչինի միջանցք և ԼՂ միջազգային փաստահավաք հրատապ առաքելության գործողումը»։

տե՛ս Ղարաբաղը ապահայաֆիկացվում է

ԱԽ քարտուղարը հիշում է 1914-ը

«Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Լաչինի միջանցքը պատկանում է Ռուսաստանի Դաշնությանը և այնտեղ գտնվում են ռուս խաղաղապահները։ Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ՝ Ադրբեջանի ստորագրությամբ, Լաչինի միջանցքը ամբողջովին հանձնվել է ՌԴ-ին։ Այս պահին Լաչինի միջանցքում տեղի ունեցող բոլոր իրադարձությունների պատասխանատվությունը կրում է Ռուսաստանը», – Հանրային հեռուստաընկերության հետ զրույցում հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Պետրոս Ղազարյան — ․․․Իրենք ասում են՝ «մենք բանակցում ենք»․․․

Արմեն Գրիգորյան — Եթե հնարավոր է բանակցություններով լուծել՝ բոլորս երջանիկ կլինենք։ Իսկ եթե այդ ճանապարհով հարցերը չեն լուծվո՞ւմ։ Պետք է գործողություններ հետևեն։

տե՛ս Ղարաբաղի հայերի նոր հույսը Շոյգուի խորհրդական գեներալն է

ՊՂ — Եթե չի լուծվում, նրանք մեղավոր նշանակում են ձե՛զ։

ԱԳ — Մեղավորները նշանակովի չեն։ Կա օբյեկտիվ իրականություն․․․Կա պատասխանատվություն, և պատասխանատվությունը հստակ է՝ նաև թղթով։

․․․

ԱԳ — [Կիրակի օրը շփափակված] Հակարիի կամրջի ձախ կողմում գտնվում է ռուսական ռազաբազան։ Հենց ռազմաբազայի դիմաց տեղի են ունենում նման իրադարձություններ [Ադրբեջանը անցակետ է դնում]։ Բոլորի մոտ հարց է առաջանում՝ ինչպես է սա տեղի ունենում։ Ադրբեջանը արդեն կարողանում է այդպիսի քայլեր նաև կատարե՞լ, թե՞ սա այլ պայմանավորվածությունների, այլ խնդիրների հարց է։ Այդ հարցերի պատասխանը դեռ չկա։

ՊՂ — Սա արդեն 7-րդ, 8-րդ նման դեպքն է․․․

ԱԳ — Մենք բազմաթիվ անգամ ՌԴ մեր գործընկերներին հարցրել ենք՝ ինչի՞ է այս իրավիճակը տեղի ունենում։ 7-8 անգամից ավելի շատ է տեղի ունեցել։ Խծաբերդ, Փարուխ, Լաչինի միջանցքի սկզբից դեկտեմբերից շրջափակում, հիմա նաև կամրջի մոտ շրջափակում․․․ Սրանք այլևս դեպքեր չեն, իրողություններ են, որոնք շարունակական են։

2020 թվականի պատերազմից հետո ՌԴ խաղաղապահները ԼՂ բնակչությանը՝ մարդկանց, որոնք գտնվում էին Հայաստանում, երաշխիքներ են տվել, որ անվտանգություն են ապահովելու։ ԼՂ բնակիչները վերադարձել են, ժողովուրդը վերադարձել է նաև այդ երաշխիքները հաշվի առնելով։ Բայց գետնի վրա այդ երաշխիքները այս պահին չեն աշխատում։ Այս պահին էթնիկ զտման վտանգը գնալով առարկայական է դառնում։

ՊՂ — Կարո՞ղ ենք ասել, որ 20 թվականի անվտանգային ճարտարապետության սողացող վերափոխում է գնում։

ԱԳ — Միանշանակ։ Իհարկե, նոյեմբերի 9-ի փաստաթղթից մեր հանրության մեծ մասը գոհ չէ, բայց դա իրավիճակը արձանագրող փաստաթուղթ էր, որը բազմաթիվ երաշխիքներ էր ստեղծել՝ Լաչինի միջանցքը, արձանագրումը Լեռնային Ղարաբաղի, շփման գծի արձանագրումը․․․ Այսօր մենք տեսնում ենք, որ այդ համակարգը ամբողջովին փլուզվում է։

ՊՂ — Ընդդիմությունը երկու թեզ ունի։ Նրանք ասում են, որ սրա պատասխանատուն Ռուսաստանը չէ, այլ ձեր իշխանությունն է։ Նաև ասում են, որ Ռուսաստանի նման վարքագծի պատասխանատուն և մեղավորը նույնպես դուք եք, որովհետև դուք, կարճ ասած, «խաղեր եք տվել» Ռուսաստանի թիկունքում Արևմուտքի հետ․․․ Եվ քանի որ դուք եք իշխանության, Ռուսաստանը արձակում է Ադրբեջանի ձեռքերը և պատժում հայ ժողովրդին, որը ունի ձեր նման իշխանությունը։

ԱԳ — Եթե նրանք այդպես են մտածում, ուրեմն Ռուսաստանի Դաշնությանը վերաբերում են որպես ոչ լուրջ պետություն․․․

ՊՂ — Ըստ ընդդիմության, երկրի քաղաքականության վեկտորը ձեր օրոք հակառուսական է։

ԱԳ — Հակառուսակա՛ն չէ։ Ռուսաստանը ունի այստեղ ռազմավարական շահեր և պետք է հետապնդի իր ռազմավարական շահերը։ Հայաստանին ներկայացվող այդպիսի մեղադրանքներ կեղծ թեզեր են, որոնք մասին կարելի է շատ խոսել։ Բայց եկեք մյուս տեսանկյունից նայենք։ Միակ ուժը, որ ներկա է Լեռնային Ղարաբաղում, Ռուսաստանի Դաշնությունն է։ Ղարաբաղի և՛ իշխանությունը, և՛ բնակչությունը ամբողջությամբ պրոռուսական է։ Ինչի՞ են Լեռնային Ղարաբաղի բնակչությանը պատժում։ Լեռնային Ղարաբաղում հակառուսականություն չկար գոնե մինչև վերջերս․․․ Իսկ միգուցե Ռուսաստանի գործողություններն են արձագանքի պատճառ հանդիսանո՞ւմ։

Հայաստանը 2018 թվականից հետո որևէ արտաքին քաղաքական փոփոխություն չի կատարել, շարունակել է այն արտաքին քաղաքականությունը, որը եղել է մինչև 2018 թվականը։ Արդյունքում ստացել է 2020 թվականի պատերազմ։ Ռուսաստանի Դաշնությունը իր ռազմավարական շահերն է հետապնդում՝ անկախ նրանից, թե ինչպիսի իշխանություն է այստեղ։ Ռազմավարական շահերից է՝ ներկա լինել Լեռնային Ղարաբաղում․․․

ՊՂ — Եթե դա Ռուսաստանի ռազմավարական շահերից է, ինչո՞ւ են Լաչինը հանձնում Ադրբեջանին․․․ Ինչո՞ւ են այնպես անում, որ էքզիստենցիալ խնդիր դառնա։ Եթե վաղը Արցախը չլինի հայկական, նրանք այնտեղ չեն լինի։ Ինչո՞ւ են իրենք իրենց դեմ բաներ անում։

ԱԳ — ․․․Նրանք կարող են մե՛զ [հակառուսականության] մեղադրանքներ ներկայացնել, բայց Լեռնային Ղարաբաղին որևէ մեկը նման մեղադրանքներ չի կարող ներկայացնել։ Լեռնային Ղարաբաղում միակ ներկայությունը ռուսական ներկայությունն է՝ ո՛չ արևմտյան դեսպանատներ կան, ո՛չ արևնտյան ՀԿ-ներ կան, ո՛չ դիտորդներ։ Այնտեղ չկա ոչինչ, բացի Ռուսաստանի ներկայությունից։

ՊՂ — Գուցե պատժում են ձե՞զ։

ԱԳ — ․․․Իհարկե, մեզ պատժել են։ Սեպտեմբերի պատերազմը և այլ գործողություններ՝ դրանք էլ էին պատժիչ գործողություններ․․․

ՊՂ — Եկեք բաց խոսենք։ Ռուսաստանը Արցախը հանձնո՞ւմ է Ադրբեջանին։ Այսինքն՝ գնում է տարածաշրջանի՞ց։

ԱԳ — Այդ հարցի պատասխանը մենք կուզենայինք լսել Ռուսաստանի Դաշնությունից։ Եթե նրանք մնում են տարածաշրջանում, նրանց գործողությունները պետք է այլ տրամաբանություն ունենային․․․

ՊՂ — Ես բազմիցս զրուցել եմ նրանց փորձագետների հետ։ Ասում են՝ ճիշտ եք քննադատում, բայց մենք այսքանը կարանք, գիտեք՝ այլ կռվի մեջ ենք, էքզիստենցիալ․․․ Ռուսաստանը պետություն է, որը այսօր սեփական տարածքները, որոնք հռչակել է իրենը, չի կարողանում պաշտպանել։ Գիտեք՝ Խերսոնը, որը իրենք հայտարարել են Ռուսաստանի մաս, բայց այսօր այնտեղ իրենք չեն․․․ Այսինքն, իրենք ունեն այսօր լրջագույն խնդիրներ․․․

տե՛ս Անցակետ Լաչինում․ Ռուսաստանին ուղղված գանգատներ կան, բայց այլընտրանք չկա

ԱԳ — Այդ պետությունը չի կարողացե՞լ գոնե մի 2-3 կամ 5 տարվա ռազմավարական պլանավորում կատարել, և 2020 թվականին չփորձի ստատուս քվոն Ղարաբաղում փոխել․․․ Այն, որ ստատուս քվո են փոխել, խաղաղապահներով ներկայացվել են այնտեղ և այնուհետև գնացել այլ գործողությունների․․․ Սա նման է 1914 թվականին որոշակի չափով․․․

ՊՂ — Բայց, պարոն Գրիգորյան, Ղարաբաղը ավելի շատ մե՛զ է պետք է, քան Ռուսաստանին։ Ի՞նչ է անում Հայաստանի իշխանությունը։

ԱԳ — ․․․Հայաստանի Հանրապետությունը բոլոր ջանքերը գործադրում է, որպեսզի Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության մեխանիզմներ ստեղվեն, իրավունքների պաշտպանության մեխանիզմներ ստեղծվեն և հայերը ապրեն Լեռնային Ղարաբաղում։ Մենք հասկանում ենք, որ այս պահին կա խորը ճգնաժամ, մեծ խնդիրներ կան։ Բայց Հայաստանը իր կարողությունները հաշվի առնելով փորձում է լուծումներ գտնել։

ՊՂ — Տպավորություն է, որ Ադրբեջանը ուժի միջոցով հասնում է խաղաղության պայմանագրի իր նախապայմանների իրականացմանը, իսկ մենք զուգահեռ բողոքում ենք Ռուսաստանից։

ԱԳ — Այդ խնդիրները փոխկապակցված են․․․ Այո, Ադրբեջանը փորձում է ուժի միջոցով հասնել դրան, և բազմաթիվ նպատակներ է իր առջև դրել։ Հայաստանը՝ գտնվելով շատ ծանր վիճակում, երբ անվտանգային առկա մեխանիզմները, որոնք իբրև պետք է մեզ պաշտպանեին, չեն աշխատում, փորձում է անվտանգության նոր երաշխիքներ գտնել․․․

․․․

ՊՂ — ․․․Տեսանք՝ եկան ԵՄ դիտորները։ Ընդդիմությունը նկատում է, որ դա փուչիկ է, Ղարաբաղում, ինչպես դուք ասացիք, ռուսներից բացի մարդ չկա․․․ Ռուսաստանը վա՞տ է անում։ Վատ է անում։ Բայց այլընտրանք չկա՛։ Իսկ եթե այլընտրանք չկա, ավելի լա՞վ չէ Արևմուտքին դուրս մղել, ավելի պրոռուսական լինել և գոնե փորձել այդ վատի մեջ հնարավոր լավը պոկել, որովհետև եթե մենք մի հատ էլ ատամ ցույց տանք, այդ վատը կդառնա ավելի վատ։

ԱԳ — ․․․Եթե հիշում եք՝ 2013 թվականին Հայաստանը միացել է ԵԱՏՄ-ին, գլխավոր պատճառներից մեկը այն էր, որ Արցախում անվտանգություն ունենանք։ Վառ օրինակ է։ Երեք տարի հետո լինում է ապրիլյան պատերազմը, 6 տարի հետո՝ 44-օրյա պատերազմը։ Սա պատասխանն է ձեր հարցին։