Ռուսական խաղաղապահ զորակազմի նոր հրամանատար Ալեքսանդր Լենցովն արդեն Ղարաբաղում է, այսօրվանից նա պետք է սկսի բանակցությունները ադրբեջանական կողմի հետ՝ Լաչինի միջանցքում տեղադրված անցակետը հանելու շուրջ։ «Ազատության» հետ զրույցում այս մասին տեղեկացրել է Արցախի «Միասնական հայրենիք» կուսակցության ղեկավար, Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը։
Բաբայանը կարծիք է հայտնել, որ ադրբեջանական անցակետի ապամոնտաժումը ռուսական խաղաղապահ զորակազմի նոր հրամանատարի հեղինակության հարցն է լինելու։
տե՛ս Ղարաբաղը ապահայաֆիկացվում է
Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար Անդրեյ Վոլկովի պաշոտնանկության մասին լուրերը պաշտոնական աղբյուրները առայժմ չեն հաստատել։
Վոլկովը գնում է, Լենցովը գալիս է
Արցախի արտգործնախարար Սերգեյ Ղազարյանը չի հերքել լրատվամիջոցներում երեկվանից շրջանառվող տեղեկությունները, համաձայն որոնց՝ գեներալ Վոլկովը, որը վերջին օրերին անարդյունք բանակցություններ էր վարում Լաչինի միջանցքում տեղադրված ադրբեջանական անցակետի ապամոնտաժման շուրջ, հեռացվել է պաշտոնից։ Հայաստանյան մամուլը՝ վկայակոչելով իր անանուն աղբյուրները, գրում է, որ Վոլկովն արդեն վերադարձել է Ռուսաստան։
Նրան այս պաշտոնում փոխարինել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի խորհրդական, 66-ամյա գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լենցովը։ Գեներալ-գնդապետը մինչ այդ Ռուսաստանի զինված ուժերի ցամաքային զորքերի գլխավոր հրամանատարի տեղակալն է եղել, 40 տարվա զինվորական է, ռուսաստանյան աղբյուրների համաձայն՝ (ԽՍՀՄ, հետագայում արդեն ՌԴ ԶՈՒ կազմում) մասնակցել է Աֆղանստանի, Չեչնիայի և Սիրիայի պատերազմներին։
նոր հրամանատարը՝ Լենցով Ալեքսանդր Իվանի
Հայաստանի հանրային հեռուստաընկերության հետ զրույցում Արցախի արտգործնախարարը չի հակադարձել, որ ռուսական զորախմբի հրամանատարական կազմում փոփոխությունը տեղի է ունենում Ղարաբաղը Հայաստանին կապող ճանապարհին՝ ռուսների պատասխանատվության գոտում, վերջին զարգացումների պատճառով։
2020 թվականի նոյեմբերից ի վեր Ղարաբաղում տեղակայված ռուսական զորախումբն արդեն երեք հրամանատար է փոխել․ Վոլկովից առաջ խաղաղապահ առաքելությունը ղեկավարել է Գենադի Անաշկինը, մինչ այդ էլ՝ Ռուստամ Մուրադովը:
վերջնագիծ, սահմանագիծ, համբերության բաժակ
«Դեռ տեղյակ չեմ՝ պաշտոնական արդյոք եղել է այդ նոր նշանակումը, թե չէ, բայց արցախյան կողմը ակնկալում է ռուսական կողմից գործուն քայլեր», – ասել է Ղազարյանը:
Ստեփանակերտը, ըստ նրա, ցանկանում է պարզել , թե որոնք են Բաքվի հետ հարաբերություններում ռուսական կողմի «կարմիր գծերը»։ Ռուսաստանյան զորախումբն առայժմ որևէ բացատրություն չի տվել, թե ինչու չի կանխել Ադրբեջանի կողմից բեռնատարների և ռազմական մեքենաների միջոցով իր վերահսկողության գոտում գտնվող Հակարիի կամրջի փակումը։
տե՛ս Ադրբեջանական անցակետ՝ «ռուսական» Լաչինի միջանցքում
«Մենք տեսնում ենք, որ ադրբեջանական կողմը այսպես կոչված կարմիր գծերը ռուսական խաղաղապահների հետ մղելով տանում է: Միևնույն ժամանակ, ռուսական կողմից տարբեր շրջանակների ներկայացուցիչներ խոսում են, որ իրենց ուշադրությունը սևեռված է այլ ուղղության վրա, և դրանից շատ լավ օգտվում է ադրբեջանական կողմը: Հիմա մենք ուզում ենք հասկանալ՝ արդյո՞ք կա որևէ վերջնագիծ կամ մի սահմանագիծ, կամ, ասենք, համբերության բաժակ, արդյո՞ք ռուսական կողմը ունի այս առումով», – նշել է Արցախի արտգործնախարարը:
Պաշտոնյան շեշտել է՝ 44-օրյա պատերազմից հետո Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը վերադարձել է՝ տեսնելով, որ Արցախում ռուս խաղաղապահ զորախումբն է տեղակայվել, «բայց հիմա հայտնվել են պատանդի կարգավիճակում»։
դիմել էին ՌԴ-ին, դիմել են նաև ՄԱԿ-ին
Դեռևս կիրակի օրը Ղարաբաղի Անվտանգության խորհուրդը հրատապ նիստ է գումարել և դիմել «հատկապես Ռուսաստանին»՝ անհապաղ քննարկումներ սկսելու Արցախի շրջափակման վերացման, ադրբեջանական անցակետի տեղադրման կանխարգելման և Արցախի ժողովրդի անվտանգության իրական երաշխիքների ապահովման շուրջ։
Հայաստանին արտգործնախարարությունն էլ կոչ է արել Մոսկվային «ի վերջո կատարել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետով ստանձնած պարտավորությունը՝ վերացնելով միջանցքի ապօրինի արգելափակումը և ապահովելով ադրբեջանական ուժերի դուրսբերումը»։
Արդեն այսօր Երևանը հաստատել է՝ Հակարիի կամրջին ադրբեջանական անցակետ տեղադրելու հարցով Հայաստանը դիմել է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանին, որը երկու ամիս առաջ Լաչինի միջանցքը ապաշրջափակելու վճիռ էր կայացրել։ Այդ վճիռը Բաքուն անտեսել է։ Անցած շաբաթվա վերջին Ադրբեջանը փակել է նաև Հակարիի կամուրջը և անցակետ տեղադրել Հայաստան-Ղարաբաղ սահմանին։
դրոշի արարողություն
Ռուսական կողմի արդեն 4-րդ օրը տևող բանակցությունները՝ առանձին արցախյան և առանձին ադրբեջանական կողմերի հետ, որևէ արդյունք չեն տվել։
Ադրբեջանի սահմանապահ պետական ծառայությունը Լաչին-Ստեփանակերտ ճանապարհի սկզբնամասում՝ առանց ռուսական և հայկական կողմերի համաձայնության տեղադրված անցակետում այսօր պետական դրոշի բարձրացման արարողություն է կազմակերպել: Արարողությունը տեսանկարվել է և տարածվում է Ադրբեջանի պետական լրատվամիջոցներում։
տե՛ս Անցակետ Լաչինում․ Ռուսաստանին ուղղված գանգատներ կան, բայց այլընտրանք չկա
Փաշինյանն ու Պուտինը զանգվել են
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Երևանի փոխանցմամբ՝ քննարկվել են Լաչինի միջանցքին և Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակին վերաբերող հարցեր: Կրեմլի հաղորդագրության համաձայն՝ երկու երկրների ղեկավարները քննարկել են «Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի զարգացումը՝ տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման գործնական խնդիրների լուծման շեշտադրմամբ»:
«Լաչինի միջանցքում իրադրության ներկայիս սրման համատեքստում վերահաստատվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հիմնարար համաձայնությունների ամբողջ համալիրի խստիվ պահպանման կարևորությունը», – ընդգծել է Մոսկվան:
Մինչ այդ հաղորդվել էր նաև Շառլ Միշել-Նիկոլ Փաշինյան հեռախոսազրույցի մասին։ Ըստ հայկական կողմի պռես-ռելիզի, Եվրախորհրդի նախագահի հետ մտքեր են փոխանակել տարածաշրջանում հաստատված ռազմաքաղաքական և հումանիտար իրադրության, նաև Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացի շուրջ։ Փաշինյանը ընդգծել է, որ Լաչինի միջանցքում ադրբեջանական կողմի քայլերը միտված են Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելու և Լեռնային Ղարաբաղն ամբողջությամբ հայաթափելու քաղաքականության հետևողական իրագործմանը։