Ամերիկյան կողմն ակնկալում է, որ Վաշինգտոնում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների երեկ մեկնարկած բանակցությունները մի քանի օր կտևեն։
ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնյանների մասնակցությամբ տեղի ունեցած հեռավար բրիֆինգից ներկա է եղել նաև «Ազատության» երևանյան բյուրոյի ղեկավար Սիրանույշ Գևորգյանը, ըստ որի՝ շաբաթվա ընթացքում արտգործնախարարները մի քանի տարբեր հանդիպումներ կունենան, «նպատակը, ինչպես նշում են ամերիկացի դիվանագետները, խաղաղության երկարատև հեռանկարն է»։ Բանակցությունների օրակարգը չի բացահայտվում։
Մինչ Մոսկվան ընդգծում է եռակողմ բանակցությունների անհրաժեշտությունը, Վաշինգտոնում «կարևորում են» Երևանի ու Բաքվի ուղիղ շփումները՝ շեշտելով, թե էական չէ, ում՝ Ռուսաստանի թե Արևմուտքի, միջնորդությամբ կողմերը կնստեն բանակցությունների սեղանին։
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների երեկ տեղի ունեցած երկկողմ բանակցություններից առաջ ԱՄՆ պետքարտուղարը առանձին-առանձին հանդիպումներ է ունեցել Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ, ինչից հետո տեղի են ունեցել նաև Միացյալ Նահանգների, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների եռակողմ բանակցությունները։ Դռնփակ քննարկումից հետո ԱՄՆ պետքարտուղարը գրել էր․ «Երկխոսությունն առանցքային է Հարավային Կովկասում տևական խաղաղության հասնելու համար»։
https://twitter.com/SecBlinken/status/1653124890084401153
խաղաղության «ճանապարհային քարտեզ»
«Դիվանագիտական աղբյուրները նշում են, որ եթե Վաշինգտոնում բանակցությունների ընթացքում հաջողվի խաղաղության «ճանապարհային քարտեզ» մշակել, ապա «գործը կավարտի» Եվրոպան՝ ընդունելով Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդներին, որպեսզի «մի քանի շաբաթվա ընթացքում» կնքվի խաղաղության պայմանագիրը», – վկայակոչելով իր դիվանագիտական աղբյուրները՝ գրում է ադրբեջանական «Թուրան» գործակալության Վաշինգտոնի թղթակիցը։
«[Ամերիկացի պաշտոնյաները] նշում են, որ շատ երկար աշխատանք կա, շատ դժվարին ուղի է սպասվում երկու երկրներին՝ հաշվի առնելով լուրջ տարաձայնությունները տարբեր հարցերի շուրջ, – մանրամասնում է «Ազատության» երևանյան բյուրոյի ղեկավարը․ — Ես կարծում եմ, որ այո՛, ավելի երկար, մանրամասն քննարկում ունենալու համար է այս հնարավորությունը տրվել։ Ամերիկացի պաշտոնյաները հպարտությամբ էին խոսում, որ կարողացել են կազմակերպել, գլուխ բերել այս հանդիպումների շարքը և նշում էին, որ շատ ուրախ են, որ դա իրենց հաջողվել է՝ արտգործնախարարները կկարողանան մի քանի օր տևող քննարկումներ անցկացնել»։
«Հարաբերությունների կարգավորման համաձայնություն»
Ամերիկացի դիվանագետներից մեկի փոխանցմամբ՝ խաղաղության պայմանագրի նախագծի պաշտոնական անվանումը «Հարաբերությունների կարգավորման համաձայնություն» է։
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամովր Արման Եղոյանը ավելի ուշ պարզաբանել է՝ այս անվանումը ստացած նախագիծը այն փաստաթուղթն է, որ «մենք և ադրբեջանցիները խմբագրում էինք վերջին ամիսներին»։ Արդեն տևական ժամանակ Երևանն ու Բաքուն հաղորդում էին, որ հեռավար աշխատում են խաղաղության պայմանագրի շուրջ՝ փոխանակվելով դիտարկումներով, առաջարկություններով և այլն։
«Մենք փորձում ենք այստեղ հասնել նրան, որպեսզի կողմերը կարգավորեն իրենց հարաբերությունները, կարողանան համակեցություն ձևավորել, միասին աշխատել, տնտեսական հարաբերություններ հաստատել, միգուցե նաև կոլեկտիվ անվտանգություն հաստատել տարածաշրջանում։ Դա դժվար գործընթաց է, բոլոր հարցերն էլ քննարկվում են», – ըստ «Ազատության», ասել է բանակցություններին ծանոթ ամերիկացի դիվանագետը։
Ղարավաղի հարց՝ «ազգային փոքրամասնությունների իրավունքներ»
Վաշինգտոնում սպասվող հանդիպումների ընթացքում չի շրջանցվի նաև Լեռնային Ղարաբաղի հարցը։
Հղվելով ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաներին՝ ռադիոկայանը գրում է, որ բանակցությունների ընթացքում քննարկվելու է, թե ինչպես են պաշտպանվելու երկու երկրներում ազգային փոքրամասնությունների իրավուքներն ու անվտանգությունը։
Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին պետքարտուղարության ներկայացուցիչները չեն խոսել։
Ճգնաժամ Լաչինի միջանցքում
Ամերիկյան կողմը վերահաստատել է՝ Վաշինգոտնը ներգրավված է Լաչինի միջանցքի հարցով քննարկումներին և կարևորում է Ղարաբաղը Հայաստանին կապող միջանցքում ազատ տեղաշարժը։ Ըստ նրանց՝ այդ հարցը ևս քննարկվելու է Միրզոյան-Բայրամով վաշինգոտնյան բանակցությունների ընթացքում։
Արտգործնախարարների վաշինգտոնյան հանդիպումից առաջ ԱՄՆ պետքարտուղարը հեռախոսազրույցներ է ունեցել նաև Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ։
Ալիևի հետ զրույցում Բլինքենտ խորը մտահոգություն է հայտնել, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը խաթարում է խաղաղության գործընթացում վստահություն հաստատելու ջանքերը՝ ընդգծելով Լաչինի միջանցքը հնարավորինս արագ վերաբացելու կարևորությունը։
Պաշտոնական Բաքվի հաղորդմամբ՝ Ալիևը հակադարձել է, որ «Լաչինում անցակետը տեղադրվել է Ադրբեջանի ինքնիշխան իրավունքների շրջանակներում և միջազգային բոլոր նորմերին համապատասխան»։ Ադրբեջանի նախագահն ընդգծել է, թե «անցակետի նպատակը ոչ թե երթևեկության սահմանափակումն է, այլ վերահսկողության ապահովումը, և մարդիկ արդեն անցնում են այդ անցակետով»։
Պետքարտուղարի հետ հեռախոսազրույցում Փաշինյանն էլ, ըստ պրես-ռելիզի, ընդգծել է, որ Լաչինի միջանցքում ադրբեջանական կողմի քայլերը միտված են Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելուն և Լեռնային Ղարաբաղն ամբողջությամբ հայաթափմանը։
Հանդիպում կլինի նաև Մոսկվայում
Միրզոյանի ու Բայրամովի նախորդ հանդիպումը նոյեմբերի 7-ին էր՝ դարձյալ Վաշինգտոնում։
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները պետք է հանդիպեին նաև Ռուսաստանում՝ Մոսկվայի միջնորդությամբ եռաչափ ձևաչափով։ Հանդիպումը պետք է տեղի ունենար անցյալ տարվա դեկտեմբերին՝ Լաչինի միջանցքի փաստացի շրջափակման օրերին։ Հանդիպմանը Հայաստանի արտգործնախարարը չէր մեկնել։
Օրեր առաջ ՌԴ արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ կա համաձայնություն Ռուսաստանում անցկացնել Միրզոյան-Լավրով-Բայրամով եռակողմ հանդիպում։
Արդեն այսօր ՔՊ պատգամավոր Արման Եղոյանը հայտարարել է՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները, ըստ նախնական պայմանավորվածության, առաջիկայում հանդիպելու են նաև Մոսկվայում։ Ամսաթվեր չեն նշվում։
2020-ի 44-օրյա պատերազմից և հատկապես՝ ռուս-ուկրաինական պատերազմից հետո Արևմուտքի միջնորդությամբ տեղի ունեցող գործընթացները ակտիվացել են։ Հայկական կողմը, այնուամենայնիվ, բազմիցս հայտարարել է, որ «հիմնական դերակատարը շարունակում է մնալ Ռուսաստանը»։ Ռուսական կողմը վերջին ամիսներին քննադատում է Միացյալ Նահանգների և Եվրոպական Միության միջնորդական ջանքերը՝ ներկայացնելով դրանք որպես Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելուն, ռուսական դիրքերը թույլացնելուն ուղղված գործողություններ։
Անցյալ տարվա հոտեմբերին՝ նախքան Սոչիում տեղի ունեցած Փաշինյան-Ալիև-Պուտին հանդիպումը, խոսվում էր խաղաղության պայմանագրի երկու տարբերակների՝ Մոսկվայի նախագծի և Վաշինգտոնի միջնորդությամբ մշակվող փաստաթղթի առկայության մասին։ Երևանը ռուսական տարբերակին կողմ էր, Բաքուն՝ կտրականապես դեմ։