Մոսկվան արձանագրում է, որ տարածաշրջան ՀԱՊԿ դիտորդներ գործուղելու հնարավորությունը տրամաբանական ավարտին չհասցնելով՝ Հայաստանը որոշել է նախապատվությունը տալ Եվրամիությանը, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարությունը։
Ռուսաստանի արտաքին գերատեսչության համոզմամբ, եթե Բրյուսելում «շահագրգռված լինեին Անդրկովկասում խաղաղությամբ», ապա Ադրբեջանի հետ կհամաձայնեցնեին իրենց առաքելության աշխատանքային պայմանները։ Հայաստանի սահմանամերձ շրջաններում Եվրամիության ներկայացուցիչների հայտնվելը, ըստ Մոսկվայի, կարող է միայն աշխարհաքաղաքական դիմակայություն բերել տարածաշրջան և սրել առկա հակասությունները։
Ռուսաստանի ԱԳՆ հայտարարությունը՝ ստորև․
— Հունվարի 23-ին ԵՄ Խորհուրդը որոշում է ընդունել Հայաստանում երկու տարի ժամկետով Եվրամիության նոր քաղաքացիական առաքելություն հիմնելու մասին։ ԵՄ ներկայության հստակ չափորոշիչները կորոշվեն մոտ ապագայում։ Բայց արդեն ակնհայտ է, որ այն լինելու է ավելի մասշտաբային, քան ԵՄ մոնիթորինգային մեխանիզմը, որը գործում էր Հայաստանում անցյալ տարվա հոկտեմբերից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում։
Անդրկովկասում արտատարածաշրջանային գործոնի ամրագրման հարցում Ռուսաստանի սկզբունքային դիրքորոշումը չի փոխվել։ Չենք տեսնում որևէ «ավելացված արժեք» հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձություններիը ԵՄ-ական «փորձագետների» կողմից դիտարկումից։ Եթե Բրյուսելում անկեղծորեն շահագրգռված լինեին Անդրկովկասում խաղաղությամբ, ապա Ադրբեջանի հետ կհամաձայնեցնեին իրենց առաքելության աշխատանքային պայմանները։
Հայաստանի սահմանամերձ շրջաններում Եվրամիության ներկայացուցիչների հայտնվելը՝ այն Եվրամիության, որը վերածնվել է ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ելունդի և ԱՊՀ տարածքում առճակատմանն ուղված քաղաքականություն է վարում, կարող է միայն աշխարհաքաղաքական դիմակայություն բերել տարածաշրջան և սրել առկա հակասությունները։ Մոլորության մեջ չպետք է գցի նաև ԵՄ առաքելության հայտարարված քաղաքացիական բնույթը, որը ձևավորվում է անվտանգության և պաշտպանության ոլորտում ԵՄ ընդհանուր քաղաքականության շրջանակներում՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։
Եվրամիության փորձերը՝ ցանկացած գնով ամրապնդվել Հայաստանում, ճնշել Ռուսաստանի միջնորդական ջանքերը, կարող են վնաս հասցնել հայերի և ադրբեջանցիների արմատական շահերին՝ տարածաշրջանի խաղաղ զարգացմանը վերադառնալու նրանց ձգտումներում։ Համոզված ենք, որ տեսանելի ապագայում տարածաշրջանում կայունության և անվտանգության առանցքային գործոն են մնում Ռուսաստանի խաղաղապահ զորակազմը, որը տեղակայվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության հիման վրա, ինչպես նաև հայկական սահմաններին ծառայություն իրականացնող ռուս սահմանապահները։ Նրանք արձագանքելու են ԵՄ-ական դիտորդների պահվածքին՝ հաշվի առնելով տեղում իրավիճակի զարգացումը։
Արձանագրում ենք, որ տարածաշրջան ՀԱՊԿ դիտորդներ գործուղելու հնարավորությունը տրամաբանական ավարտին չհասցնելով՝ Հայաստանը որոշել է նախապատվությունը տալ Եվրամիությանը: Եթե հայ դաշնակիցների մոտ պահպանվել է ՀԱՊԿ-ի դիտորդական կարողություններն օգտագործելու վերաբերյալ շահագրգռվածությունը, այդ առաքելությունը կարող է օպերատիվ ծավալվել Հայաստանում։
Ինչպես և նախկինում՝ կարծում ենք, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման և առհասարակ տարածաշրջանում իրավիճակի առողջացման ամենակայուն և երկարաժամկետ հիմքը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի և 2022 թվականի հոկտեմբերի 31-ի եռակողմ պայմանավորվածությունների անշեղ և հետևողական իրականացումն է, այդ թվում՝ բոլոր տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի չափորոշիչների համաձայնեցման, հանրության, փորձագիտական շրջանակների և խորհրդարանականների մասով եռակողմ շփումների զարգացման մասին: Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է ամեն կերպ աջակցել դրան։
Հունվարի 23-ին Եվրախորհուրդը հայտարարել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելություն ստեղծելու մասին։ Որոշումը իսկույքն քննադատել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Եվրոպական այս առաքելությունը կտեղակայվի երկու տարի ժամկետով, կառավարման շտաբը կլինի Հայաստանում։ Ի տարբերություն Պրահայի քառակողմ բանակցությունների ընթացքում համաձայնեցված կարճաժամկետ մոնիթորինգային մեխանիզմի՝ նոր առաքելությունը կլինի երկարաժամկետ և մի քանի անգամ ավելի ծավալուն՝ նախկին 40 դիտորդների փոխարեն 200։