Home / Բանակ / Ոչ հաստիքային ղարաբաղցիները կանչում են փողոց․ զրույցներ

Ոչ հաստիքային ղարաբաղցիները կանչում են փողոց․ զրույցներ

Ստեփանակերտի կենրոնական հրապարակում «արցախցի երիտասարդները» ստորագրահավաք են սկսել, դեպի Շուշի տանող ճանապարհին ակցիա է, Ազատամարտիկների պուրակում հավաքվածները առաջարկում են անցնել համաժողովրդական պայքարի։ Բողոքի գործողությունների հիմնական պահանջը Լաչինի միջանցքից ադրբեջանական անցակետի հեռացումն է։

Ապրիլի 23-ին Ադրբեջանը փակել է ռուս խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող Հակարիի կամուրջը։ Խաղաղապահ ուժերի ռազմաբազայի հարևանությամբ այնտեղ ադրբեջանական անցակետ է տեղադրվել։ Մինչ Ստեփանակերտն ու Երևանը ազդարարում են, որ սա 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության խախտում է, ռուսական կողմը անարդյունք բանակցություններ է վարում։ Օրեր առաջ հայտարարվեց, որ պաշտոնանկ է արվել խաղաղապահների հրամանատար, գեներալ Անդրեյ Վոլկովը, որին արցախցիները մեղադրում են ադրբեջանական շրջափակումը ռուսական բիզնեսի վերածելու մեջ։ Վոլկովին փոխարինել է գեներալ Ալեքսանդր Լենցովը։

Լենցովը ժամանել է Ստեփանակերտ և անմիջապես մեկնել Բաքու։ Անցակետը այդպես էլ չի հեռացվել։ Բաքվից հայտարարում են, թե այն չի էլ հեռացվելու։ 

«թակարդ»

Օրեր առաջ ադրբեջանական լրատվամիջոցները տեսանյութ էին տարածել, որում հայկական պետհամարանիշներով մեքենաներ էին․ ադրբեջանական սահմանապահները ստուգում էին վարորդների փաստաթղթերը, տրանսպորտային միջոցների պարունակությունը, հարց տալիս և թողնում անցնել։ Ավելի ուշ պարզվել էր, որ տեսանյութում Շուշիի շրջանի՝ անցակետի տեղադրումից հետո բլոկադայի մեջ հայտնված 4 գյուղերի բնակիչներն են։

Տեսանյութի հանրայնացումից հետո, ըստ տեղացիների, Ղարաբաղի ոստիկանությունը հսկում է ճանապարհը, որպեսզի «մարդիկ չհայտնվեն ադրբեջանական քարոզչության թակարդում» և այլևս չօգտվեն անցակետից։ Շրջափակման մեջ մնացածները բողոքում են՝ սննդի դեֆիցիտ է, դեղորայքը պրծնում է, ընտանիքներ կան բաժանված։ Նախքան անցակետի տեղադրումը, չնայած ադրբեջանցի «էկոակտիվիստների» իրագործած բազմամսյա բլոկադային, Շուշիի շրջանի գյուղերը՝ Հին Շենը, Մեծ Շենը, Լիսագորը և Եղցահողը Գորիս հասնելու հնարավորություն ունեին։ 

Բաքուն, ինչպես և «ակտիվիստական» շրջափակման ժամանակ, հայտարարում է, որ շարքային քաղաքացիների համար ճանապարհը բաց է։ Ստեփանակերտից հաղորդում են, որ ադրբեջանցի սահմանապահները խնդիրներ են ստեղծում նույնիսկ հումանիտար բեռներ տեղափոխող խաղաղապահների համար։

դուրս եկեք փողոց, Երևանում մեզ չեն սպասում

«Եթե մենք հարմարվենք Ադրբեջանի անօրինական գործողություններին ու սկսենք օգտվել ճանապարհից, անցնելով նման անցակետով, ապա կշրջենք Արցախի վերջին էջը», – գրել էր ստեփանակերտցի ընդդիմադիր գործիչ Տիգրան Պետրոսյանը, որը շաբաթներ առաջ լքել էր փողոցը և հայտնվել Ղարաբաղի նախագահին կից «հակաճգնաժամային խորհրդում»։

Մեկ այլ ընդդիմադիր ակտիվիստ Արթուր Օսիպյանի նախաձեռնությամբ էլ մայիսի 1-ին մի քանի տասնյակ մարդիկ հավաքվել էին Ազատամարտիկների պուրակում։ Հավաքին միացել էր նաև Պետրոսյանը։ 

Մինչ Արցախի չինովնիկները շարունակում են անվտանգության նիստեր հրավիրել և միանալ «ընդդեմ էթնիկ զտումների երիտասարդական» ստորագրահավաքին, Արցախի հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանը հավաստիացնում է, որ ստեղծված իրավիճակից դուրս գալու միակ հնարավորությունը զանգվածների ինքնակազմակերպ դիմադրությունն է։ Նախ՝ Ղարաբաղում, այնուհետև՝ նաև Հայաստանում։

Նա կոչ է անում համախմբվել մի քանի պահանջների շուրջ՝ ուղղված Ռուսաստանին, Ղարաբաղի ղեկավարներին, Հայաստանի իշխանությանը և ընդդիմությանը։

Ռուսաստանն, ըստ Օսիպյանի, Ադրբեջանի քաղաքական հավատարմության դիմաց պատրաստ է ցանկացած զիջման, և այն, որ վերջին տարիներին տեղի ունեցած միջադեպերը՝ Հին Թաղերի, Փառուխի, Սարիբաբա բարձունքի հանձնումը, Լաչինի միջանցքի երթուղու փոփոխությունը ժամկետից շուտ և Լաչինի միջանցի շրջափակումը, դիմադրություն չեն հարուցել, միայն հեշտացրել է նոր պայմանավորվածությունների իրագործումը։

Հայաստանում էլ, ըստ նրա, ներքաղաքական իրավիճակը հասել է նրան, որ ընդդիմությունը փորձում է օգտագործել արցախցիներին, իսկ իշխանությունները փորձում է հայաստանցիներին տրամադրել ընդդեմ արցախցիների։ Արցախի ղեկավարությունը՝ ստվերային պայմանավորվածություններից բացի, ոչինչ չի անում։ 

Ստեղծված իրավիճակում միակ բանը, որ մնում է ադրբեջանական շրջափակման մեջ մնացած մարդկանց՝ համախմբվել և դուրս գալ փողոց, փորձել փոխել ներքին պրոցեսների տրամադրությունը, ազդել արտաքինների վրա։

Ընդդիմադիրն առաջարկում է անցնել ուղիղ գործողությունների՝ անզեն քաղաքացիներով նստել Ադրբեջանի վերցրած կամուրջի վրա՝ ղարաբաղյան և հայաստանյան կողմից, մինչև վերջ պահանջել անցակետի հեռացումը։ «Եթե Ռուսաստանը չլուծի Ղարաբաղում պատանդ մնացած ժողովրդի հարցերը, պատանդ ենք վերցնելու նաև իրենց»։ Ադրբեջանը, ըստ ղարաբաղցի ընդդիմադիրների, սով կազմակերպելով, տարբեր խնդիրներ ստեղծելով, ացնակետից մարդկանց առևանգելով, փորձելու է հասնել նրան, որ ժողովուրդը թողնի և գնա Հայաստան․ «Կարո՞ղ ա էնտեղ Հյուսիսային պողոտայում տներ են տալու ձեզ, գնալու եք՝ վրաններում մնաք»։

մեր ազգի անեցքը

Մայիսի 1-ի հանրահավաքին ընդամենը մի քանի տասնյակ մարդ էր եկել։ Բոլորը համաձայն էին, որ ադրբեջանական անցակետը Ղարաբաղի վերջի սկիզբն է։ Բողոքի ցույցից մի քանի հեռարձակումներ կան։ Դրանցից մեկում մասնակիցները քննարկում են հետագա անելիքները։

Արթուր Օսիպյան․ — Մենք ռուսին ասում ենք՝ Ղարաբաղը պահել-չպահելը համարժեք է տարածաշրջանում իրենց գտնվել-չգտնվելուն։ Մենք սա պահանջում ենք նաև Նիկոլից։ 

Սերժին ու Քոչարյանին մենք հստակ ասում ենք՝ եթե դուք իրոք Ղարաբաղի մասին եք մտածում, և այդքան ռեսուրսներ ունեք՝ լրատվական միջոցներ, ժողովուրդ, ուրեմն եկե՛ք։ Երևանում Լաո եք զարթնացնում, բայց Լաոն հիմա [Հակարիի] մոստի վրա է քնած։ Եկեք՝ հազարավոր, տասնյակ հազարավոր մարդկանցով, ձեր լրատվականներով, կանգնեք էտ մոստի վրա․․․

մասնակիցներից մեկը — Իսկ դուք չեք կարծո՞ւմ, որ եթե ռուսը ավելի շատ խորանա էտ իրավիճակի մեջ, Ադրբեջանը նրան ընդհանրապես ֆուկ կանի։

Ա․ Օ․ — Եթե միջանցքը փակ է, դա նշանակում է, որ ռուսը մեզ արդեն հանձնել է Ադրբեջանին։

մասնակից — Ռուսը չի հանձնել՝ Հայաստանի Հանրապետության վարչապետն է հանձնել։

Ա․ Օ․ — Մի հարց տամ՝ դու Հայաստանի վարչապետի խոսքով ես եկել Ղարաբա՞ղ։ 

մասնակից — Ես էստեղից չեմ էլ գնացել։

Ա․ Օ․ — Լավ էլի։ Ընտանիքդ էլ չի գնացե՞լ։

մասնակից — Ընտանիքս գնացել ա։

Ա․ Օ․ — Ո՞ւմ խոստումով ես ընտանիքդ հետ բերել ստեղ։ Բոլորն էլ իրենց ընտանիքները բերել են ստեղ, որովհետև Ռուսաստանի Դաշնության ղեկավարը խոսք է տվել:

մասնակից — Հա, խոսք է տվել։

Ա․ Օ․ — Մեզ ուրիշ ոչ ոք երաշխիք չի տվել։ Ո՛չ ՄԱԿ-ն է տվել, ո՛չ ԵԱՀԿ-ն է տվել, ո՛չ նույնիսկ Փաշինյանը․․․ Ռուսն է մեզ խոսք տվել, մեր գործը էստեղ ռուսի հետ է։ Մենք կարա՞նք գոնե պարզենք՝ կարո՞ւմ են իրենց խոսքը պահեն, թե՞ չեն կարում։

մասնակից — Չեն ուզում։

մասնակից — Դուք տեսնում եք, որ դե ֆակտո Ռուսաստանը ուզում է նոյեմբերի 9-ի հայտարարությունը ղրաղ գցի։

Ա․ Օ․ — Նոյեմբերի 9-ը ղրաղ գցելը նշանակում է ղարաբաղցիներին գենոցիդի ենթարկել։ Դրա՞ն ենք գնում։ Ռուսը մեզ խոստում չի տվե՞լ։

մասնակից — Ռուսը իրա կոզիրը պահում է ստեղ․․․

Ա․ Օ․ — Ռուսը տենց բան է ասո՞ւմ։ Ռուսը տենց բան չի ասում։ Մեր ամբողջ խնդիրը էն է, որ ռուսը մեզ ոչ մի բան չի ասում, բայց մենք ռուսին «սպասիբո» ենք ասում մինչև էսօր։ Եթե մենք «սպասիբո» ենք ասում, ուրեմն պրոբլեմ չկա՝ թուրքը կարա մեզ դնի յաթաղանի տակ, մենք էլ ոչխարների պես տակով անցնենք․․․ 

Եթե մենք սուս ենք անում, եթե սա նորմալ ա, եթե նորմալ ա, որ գազ չկա, եթե Փառուխը, Հին Թաղերը, մնացածը նորմալ են, եթե սաղ հասկացել ենք, կամաց-կամաց բերելու են նրան․․․ Էսա մի երկու հոգու էլ որ անցակետից բռնեն, տանեն Բաքու․․․ Ստեղ էլ բան չի մնա։

մասնակից — Հա, գեներալները, որ 90-ական թվականներին մասնակցել են պատերազմին, դրանց արդեն անցակետով անց չեն կացնի, իրանք Ադրբեջանի սև ցուցակներում են արդեն․․․

Ա․ Օ․ — Ադրբեջանի ցուցակում սաղս էլ սև ենք։ Ով կռվին մասնակցել ա՝ սև ա։

մասնակից — Մեր գեներալները, գնապետները․․․

Ա․ Օ․ — Հիմա խոսակցությունը լրիվ ուրիշ տեղ է գնում։ Քո դարդը էտ դեզերտիր գեներալնե՞րն են, որ 30 տարի բանակը թալանել են, ժողովրդին թալանել են․․․

մասնակից — Չէ, ես անցակետի մասին եմ ասում։

Ա․ Օ․ — Մեր դարդը էտ գեներալները չեն, այլ մեր ժողովուրդը։ 

մասնակից — Մարդիկ ասում են՝ Լենցովը եկել է, որ մեզ հասկացնի, որ մենք էտ անցակետի հետ գործ չունենք։ Մենք ի՞նչ ենք անելու։

Տիգրան Պետրոսյան․ — Լենցովը անձամբ ինձ ասել է՝ ես եկել եմ այստեղ և իմ առաջնահերթ խնդիրն այն է, որ ադրբեջանական որևէ անցակետ այնտեղ չլինի, այնտեղ պետք է նստեն ռուսները․․․ Աասել է՝ մենք բանակցում ենք։ Բայց պարզվեց, որ արդեն քանի օր ա բանակցում են ու բան չկա։ Էսօր էլ պետք ա վերջնական խաբար անեին, էլի ասեցին՝ սպասեք։ Էս իշխանությունը՝ լավն ա թե վատն ա, հանցագործ ա, դավաճան ա թե ինչ ա, ես գնահատական հիմա չեմ տալիս, ես տարիներով էտ գնահատականը տվել եմ՝ ոչ միայն էս իշխանության, այլև նախորդ իշխանություններին, բայց մենք արդեն էն իրավիճակում ենք․․․ Մենք Ռուսաստանի նման գերտերության առաջնորդի խոսքերին հավատացել ենք, մեր ընտանիքներին պատերազմից հետո նորից բերել ենք ստեղ։ Եթե մեզ ռասխոդ են տալիս, մենք մեր գլխի ճարը պետք է տեսնենք։ Էս ա։ Պետական մակարդակով մի մեծ հանրահավաք պետք է անենք, պետք է ասենք, պետական մակարդակով պետք է դիմենք ՄԱԿ-ին, ոչ մի պերեգավոր թուրքերի հետ առանց միջազգային երաշխիքների պետք է չլինի։ Մենք հավատացել ենք ռուսին, բայց մենակ ռուսով հարց չի լուծվում։ Նաղդը սա է։

Ա․ Օ․ — Ասում եք՝ «իշխանություն, իշխանություն»։ Մեր իշխանությունը ամբողջությամբ ռուսի դեմը չոքած է։ Եթե ռուսը ասի՝ տարեք ժողովրդի գլուխը դրեք յաթաղանի տակը, մեր իշխանությունը ասելու է՝ սպասիբո Ռոսիի, ժողովուրդ, քյամընք յաթաղանի տակը։ Սա՛ է մեր իշխանությունը։ Որ նրանք ինքնագլուխ կամ ռուսի ազդեցության տակ, վախի ազդեցության տակ նման որոշումներ չկայացնեն, նրանք մեզնից պետք է ավելի շատ վախենան, քան ռուսից․․․ Մենք եթե դառնանք 2 հազար, 5 հազար, իրենք ստիպված են լինելու դուրս գալ և խոսել։ Թող դուրս գան։ Ո՞ւր են մեր դեպուտատները, մեր կառավարության «գործ անողները»։ Սա իրենց չի վերաբերվո՞ւմ։

մասնակից — Կառավարությունը մեզ պետք է աջակցի։

Ա․ Օ․ — Ո՛չ, դա ժողովուրդը պետք է անի։ Իրենք այսօր իրենց կաշին են փրկում։ Մենք նորմալ ղեկավար ունեցած չենք, սա՛ է էս ազգի պռակլյածյան, Բոժիյ կառան, որ կարում չենք մի խելքը գլխին մարդ ընտրենք։ Մե՛նք պետք է շատանանք, մենք պետք է այս կոնկրետ հարցը լուծենք։

Հո չենք ասում՝ Կառլ Մարքսի չորս տոմերը վերցնենք, ռեվոլյուցիա անենք։ Ընդամենը երեք պայման ունենք դրած։ Ասում ենք՝ դու սա արա, դու՝ սա, դու էլ սա։ Նպատակն էլ մեկն է, որ ճանապարհը բացվի։ Այստեղ պետք չէ ո՛չ առաջնորդ, ո՛չ էլ անունը դրած գեներալներ ու իրենց փրկիչներ հայտարարածներ։ Մենք էստեղ պատրաստ ենք ցանկացածի հետ կանգնել, բայց ոչ պաշտոնի կամ քարոզարշավի համար։

Ժողովուրդը թող հասկանա, գիտակցի։ Այդ գիտակցությունը պետք է լինի համախմբվելու առիթը։ Չենք կարողանո՞ւմ հասկանալ, թե մեր գլխին էնտեղ ինչ օյին են բերելու։ Սա ոչ փողի հարց ա, ոչ պաշտոնի հարց ա, ոչ էլ եսիմ ինչ հեռուն մտածելու հարց ա։ Մեր կաշվին, մեր ընտանիքներին վերաբերող հարց ա։ Ի՞նչ ես անելու, որ քո ընտանիքի անցնելուց զինված դուրս գան դեմդ։ Մենք ապրել ուզո՞ւմ ենք։ ․․․Սովն էլ որ կոխեն, նենց օրն են մեզ գցելու, որ մենք ինքներս դուրս գանք․․․ Ես սա ասում եմ՝ ոչ մի բան չանելու դեպքում։ Պայքարի դեպքում մենք մեր պատիվը ու մեր իրավունքները կարող ենք պահպանել։ Եթե չէ՝ նենց օրն են գցելու ղարաբաղցիներին, որ ստեղից խնդրելու ենք, որ Նիկոլը ասի «Ղարաբաղը Ադրբեջան է», որ մեզ թողնեն գնանք։ Աստված ոչ անի։ Չնայած որ դա մենք ենք անում։

Մենք 30 տարի է չենք անում էն, ինչ որ պետք է անենք։ Ասումե եք՝ ղեկավարություն․․․ Կռվից հետո ասել ենք՝ մեր առաջին դարդը մեր գերիներն են, երկրորդը՝ մեր տուն-տեղ կորցրած, դսրում մնացած ընտանիքները։ Գերիների հարցով Ալիևի վրա ազդել կարում չեն։ Բա երկրո՞րդ հարցը։ Էստեղ դվարեցներ կան, 5 հարկանի շենքեր սեփական։ Մարդկանց տուն չկա։

մասնակից — Որովհետև մեր արյունը ծախել են․․․ Մենք ի՞նչ ենք անում։ Կարո՞ւմ ենք պահենք։ Կարո՞ւմ ես զենքը վերցնես, կռիվ տանք։ Չե՞նք կարում՝ թողնենք դուրս գանք։

Ա․ Օ․ — Մենք կարում ենք մենակ մի բան՝ հավաքվենք շատով, մեր պահանջները դնենք։

մասնակից — Չէ, մենք չենք կարում համախմբվենք։

Ա․ Օ․ — Դու եկել ես ստեղ, որ ասես՝ մենք չենք կարում համախմբվե՞նք։