հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Ապատեղեկատվություն / «Հայաստանի սահմանների անորոշությունը» կեղծ օրակարգ է

«Հայաստանի սահմանների անորոշությունը» կեղծ օրակարգ է

Անկլավների առաջացման թեմայով առասպելաստեղծությունը չի դադարում ու տարակարծիք պնդումները միայն ավելի շփոթմունք են առաջացնում:

Քարտեզի վրա Հայկական և Ադրբեջանական ԽՍՀ-ի միջև գոյություն ունեցած անկլավները (Վերին Ոսկեպար, Սոֆուլու-Բախուդարլու, Քյարքի, շատ ավելի ուշ՝ Պառավաքար գյուղի հողամասերում երկու միկրո անկլավ ադրբեջանական Յարադուլլու գյուղի դիմաց; հայկական մեծ Արծվաշեն անկլավը) հայտնվել են 1930-ականներին միայն (Արծվաշենը հենց այդ ժամանակ անկլավացել է), ինչը սխալ կարծիք է ստեղծել, որ մինչ այդ այդ գյուղերը որոշ ժամանակ եղել են Հայաստանի կազմում ու միայն հետագայում փոխանցվել Ադրբեջանին, ու նաև կարծիք կա, որ ադրբեջանական գյուղերը հիմնադրվել են խորհրդային տարիներին և միտումնավոր բնակեցվել, ինչը նույնպես չի համապատասխանում իրականությանը:

Վերին Ոսկեպարը, Սոֆուլուն, Բարխուդարլուն և Քյարքին գոյություն ունեին դեռևս 19-րդ դարում, թեև միջինից փոքր գյուղեր էին:

Հայկական և Ադրբեջանական ԽՍՀ-ի ստեղծումից անմիջապես հետո առաջացել են բազմաթիվ տարածքային վեճեր սահմանային գոտում, ու բոլոր հետագայում անկլավներ դարձած ադրբեջնական գյուղերի պարագաներում այդ գյուղերի բնակչությունը, գտնվելով Հայկական ԽՍՀ-ի խորքում, ճանաչել է ադրբեջանական իշխանությունը ու ենթարկվել հարևան ադրբեջանական շրջանների վարչությանը:

Այսինքն, բուն գյուղը իր վարելահողերով ենթարկվել է Ադրբեջանին, բայց այն հարցը, թե որտեղով է անցնում երկու խորհրդային հանրապետությունների սահմանը այդ գյուղերի հատվածներում մնացել է անորոշ, ուստի և այդ փաստը չի արձանագրվել 20-ական թվականներին հրատարակված քարտեզների վրա, որոնք, ինչը խիստ կարևոր է, նաև շատ ցածր որակի են՝ նրանց վրա նշված աշխարհագրական օբյեկտների ուրվագծերը սխալ են (գետեր, լեռնաշխթաներ, բնակավայրերի հեռավորություններ, սահմաններ), թեև դա չի խանգարում այդ քարտեզների վրա հիմնվելով սխալ եզրակացություններ անել ու տարածել դրանք իբր ինչ-որ բարենպաստ լուծումներ պարունակող օրինակներ: Վերջին փաստը նույնպես Հայաստանի և կից սահմանների շուրջ մի շարք այլ առասպելների հիմք է դարձել, օրինակ՝ Նախիջևանի և Թուրքիայի ընդհանուր սահմանի հարցում, որը, իբր, առաջացել է նույն 30-ականներին, մինչդեռ այն կար ի սկզբանե՝ 1921 թվականից, քանի որ Երևանի գավառաի մաս կազմող Կարասու և Արաքս գետերի միջև գտնվող նեղ լեզվակը հանձնվել էր Թուրքիային 1920-21 թվականների պայմանագրերի արդյունքում:

Հայաստանի տարածքում գտնվող ադրբեջանական գյուղերի քարտեզային «անկլավացումը», թերևս, կապված է Արծվաշեն (այն ժամանակ՝ Բաշքենդ) հայկական գյուղի հետզհետե անկլավացման հետ, ինչը կապված է այն փաստի հետ, որ կայսրության շրջանի Ղազախի գավառի լեռնային հատվածի մաս կազմող Ասրիկ և Ախինջա գետերի վերին ավազանները, ինչպես նաև Բաշքենդ մեծ հայկական գյուղը փոխանցվել էին Հայաստանին պարզ սկզբունքով՝ Ղազախի գավառի լեռնային հատվածը՝ Հայաստանին, հարթավայրը՝ Ադրբեջանին: Սակայն նշված հատվածը, Արծվաշենի և Շամշադնի միջև, որը 19-րդ դարից նստակեցության անցնող թյուրքական բնակչության համար դարձել էր բազմաթիվ մանր ղշլաղների հիմնադրման վայր (Շընըխ-Այրումի հասարակություն), դարձավ վիճելի հենց այդ պատճառով և սկզբից իսկ ենթարկվելով փաստացի Ադրբեջանին, 1920-ականների ընթացքում դարձավ Ադրբեջանական ԽՍՀ-ի մաս: Արծվաշենի շուրջ մանր թյուրքական գյուղերի հետ սահմանազատումը բերեց այդ բնակավայրի հետզհետե թերակղզիացմանն ու կղզիացմանը, ու այստեղ հետաքրքիր է, որ 1929 թ.-ին, երբ Արծվաշենը քարտեզի վրա դեռ թերակղզի էր, նույն կարգավիճակն ունեին հետագայում անկլավ դարձած Սոֆուլու և Բարխուդարլու գյուղերը, որոնք ուղղակի կապ ունեն Ադրբեջանական ԽՍՀ-ի մյուս հատվածը հետ նեղ պարանոցով:

Նույնպես և այն պնդումը, որ Քյարքի գյուղը, ասենք, 1920-ականներին եղել է Հայաստանի մաս, հղելով Զավեն Կորկոթյանի հայտնի կոթողային աշխատությանը, չի համապատասխանում իրականությանը, քանի որ հենց Զավեն Կորկոտյանը Վեդիի շրջանին նվիրված ծանոթագրության մեջ նշում է, որ նախկին Երևանի գավառի մաս կազմած Սադարակի հատվածի գյուղերը (Գայլի դրունք բարձրունքից հյուսիս գտնվող գյուղերը), այդ թվում և Քյարքին, գտնվում են Նախիջևանի ԻԽՍՀ-ի կազմում (նայիր կցված տեքստը):

349135897_633280631997069_1559114883626109472_n

2) Մի ուրիշ հարց էլ կա, թե իբր ի՞նչու պետք է հիմնվել 1970-80-ականների քարտեզների վրա, այլ ոչ թե 20-ականների, ու այդ հարցը, բացի այն պատասխանից, որ 20-ականներին հանրապետությունների միջև սահմանները դեռևս ունեին բազմաթիվ վիճելի հատվածներ և հստակ չէին, և այն, որ այդ շրջանի քարտեզները լի են թերություններով ու դրանք հիմք ընդունելով կարելի է սխալվել սահմանների հարցում մինչ մոտ 10 կմ խորությամբ, կաևոր է նաև այն հասարակ սկզբունքը, որը, ինչպես օրենքի դեպքում է, այնպես և սահմանների պարագայում գործող է համարվում այն օրնեքը/սահմանը, որը ընդունված է վերջինը: Խորհրդային բոլոր հանրապետությունների սահմանները 1920-30-ականներին և 1950-ականներից հետո ունեցել են զգալի տարբերություններ, որոշ դեպքերում՝ այդ տարբերությունները ահռելի են (նույնը վրաբերվում է, օրինակ, Հյուսիսային Կովկասի ազգային հարտապետություններին), սակայն որպես միջպետական սահման է ճանաչվել հենց 1980-ականներին ընդունված ու արդեն բավականին հստակ սահմանը:

3) Մի ուրիշ կրկնվող պնդում կա, իբր անկլավների գոյութունը չունի իրավական հիմք։ Թե ի՞նչ են հասկանում իրավական հիմքի տակ, անհասկանալի է, ու այդ պարագայում՝ ինչո՞վ է տարբերվում անկլավի հետ հարևան երկրի սահմանը սահմանի այլ տեսակներից ու հատվածներից, կամ, օրինակ, հայ-վրացական սահմանից, որը նույնպես ներխորհրդային էր, որը ունի նման փոփոխությունների պատմություն 1920-ականներին, այսօր, թեև սահմանազատումը և սահմանանշումը նույնպես ավարտված չէ, բայց հետևում է հենց խորհրդային վերջին շրջանի քարտեզներին, ինչը ստեղծում է բազմաթիվ անհարմարություններ: Այնպես որ սահմանից մի քանի հարյուր մետր հարավ գտնվող քաղկեդոնական (վրացադավան) Խուճապի վանքը գտնվում է Հայաստանի տարածքում, իսկ մի քանի հարյուր մետր այն կողմ հայադավան Խորակերտը՝ Վրաստանի, և վերջինս այցելելու համար պետք է հատուկ թույլատրություն և այլն, կամ մի քանի հայաբնակ գուղեր (Ախքյորփի, Չանախչի, Խոժոռնի, Բուրդաձոր, Գյուլլուբաղ և այլն) գտնվում են հենց սհամանի վրա, բայց վրացական կողմում:

Այս ամենը չի նշանակում, որ խորհրդային շրջանի սահմանները արդար էին, և պետք է շեշտել, որ վիճելի սահմանային հարցերում լուծումները հիմնականում ի օգուտ ադրբեջանական կողմի էին, ինչը կապված էր ոչ միայն ինչ-որ հատուկ կողմնապահության հետ, այլ այն ժողովրդագրական առավելության, որ ստացել էին թյուրքական և քրդական ցեղերը Հայաստանում ուշ միջնադարից՝ գրավում էին ավելի հարմար գետահովտները, ավելի շարժունակ էին, ավելի պաշտպանված էին, ուստի եթե հայկական բնակչությունը, հատկապես սահմանի երկայնքով, ընտրում էր խոշոր լեռնային բնակավայրերում կենտրոնանալու մարտավարությունը (ես մի քանի անգամ նշել էի, որ ներկայիս Հայաստանի խոշոր գյուղերի մեծամասնությունը 19-րդ դարի սկզբին գտնվում էին ներկայիս հայ-ադրբեջանակն սահմանի երկայնքով՝ Տավուշի հատվածում և Գորիսի հատվածում) ավելի պաշտպանված լինելու համար ու խնայելու նաև հարթ տարածքները, թյուրքական և քրդական բնակչությունը սփռվում էր գետահովիտներով, լայն տարածություններով, հիմնադրելով բազմաթիվ մանր բնակավայրեր նաև սարեր բարձրանալիս՝ քոչի ճանապարհին (թուրքական երկու Ոսկեպար գյուղերը) և դրանով իսկ ավելի մեծ տարածք էր զբաղեցնում, ինչը հետագայում բարենպաստ եղավ սահմանային վեճերում ավելի մեծ տարածքային հավակնություն ունենալուն:

Օրինակ, 19-րդ դարի վերջին հայերը կազմում էին Զանգեզուրի մեծ գավառի (ներկայիս Սյունիքը, Զանգելանը, Կուբաթլուն, Լաչին-Բերձորը) բնակչության 46%, մինչդեռ հայկական և մահմեդական գյուղերի քանակի հարաբերակցությունը 1-3 էր, այսինքն՝ մահմեդականները բնակվում էին ավելի փոքր, բայց աշխարհագրորեն ավելի ցրված և քանակով ավելի շատ բնակավայրերում:

Նաև անկլավների հարցում վերադարձը հին սահմանին անիմաստ և սխալ է, ինչպես ես բազմիցս նշել եմ, այն ստեղծելու է բազմաթիվ խնդիրներ թե հայկական, թե ադրբեջանական բնակչության համար, որը այսօր կա սահմանի փաստացի երկայնքով, էլ չասած բուն անկլավի բնակիչների համար (որտեղ հազիվ թե նորից բնակվեն նախկին գուղերի բնակիչների մեծ մասը, նույնը վերաբերվում է լքված Ներքին Ոսկեպար, Բաղանիս Այրում, Խեյրիմլի և Ղզըլհաջըլի գյուղերին) նաև հին սահմանի մի քանի բարդ հատվածներում (Խեյրիմլի գյուղի հատվածը հայկական կողմի համար, Բերքաբեր և Բալա Ջաֆարլու գյուղերի հատվածը ադրբեջանական կողմի համար և այլն) ակտուալ է նույն փաստարկը, ուստի լավագույն լուծումը անկլավների դե ֆակտո փոխանակաման արդյունքների ընդունումն ու ճշգրտումն է՝ հավասար մակերեսը հավասար մակերեսի հետ փոխանակաման սկզբունքով (կամ որոշակի այլ լրացումներով, եթե մի կողմի համար այս կամ այն հատվածը ավելի կարևոր նշանակություն ունի):

Ինչ վերաբերվում է «կադաստրի» թեմայով անհեթեթ պնդմանը, ապա նույն սկզբունքով հայկական կողմը կարող է հանել սահմանապահ ուժերը Վրաստանի հետ կտրտված սահմանից, բայց դա չի անում, քանի որ երկու կողմերի համար էլ հասկանալի է, որտեղ է պետությունների միջև սահմանը եթե ոչ 1-2 մետր ճշգրտությամբ, ապա 10-ական ու դրա համար հավելյալ «վկայականներ» պետք չեն, այդ սահմանները ժառանգվել են ԽՍՀՄ-ի փլուզումից հետո բոլոր հանրապետությունների պարագայում:

Նման փաստարկները, իրականում, խոսում են Ադրբեջանի մարտավարության արդյունավետության մասին, երբ ձգտելով փակել Արցախի հարցը, նրանք, փաստացի, ստեղծեցին նոր կեղծ օրակարգ «Հայաստանի սահմանների անորոշության» շուրջ, և այդ օրակարգը ընդունվեց նաև միջազգային հանրության ներգրավված ներկայացուցիչների կողմից, իսկ հիմա, փաստացի, ընդունվում է հայկական իշխանությունների կողմից, որոնց համար ադրբեջանական կողմի ուժային շանտաժը ամենացավալին և ռեպուտացիոն ռիսկեր պարունակող հարցն է և որոնք, ձգտելով լուծումներ տալ ադրբեջանական ագրեսիայի սանձմանը, հույս են դրել «խաղաղության պայմանագրի» վրա: Վերջինս, իմ կարծիքով, Բաքուն ակնհայտորեն ընկալում է որպես քարտ բլանշ Արցախի վրա ուղիղ հսկողություն հաստատելու համար, որը նաև անհնար է առանց ռազմական գործողությունների:

Իհարկե, այստեղ անկեղծ քաղաքական քննարկումների և անհամեմատ ավելի առողջ քաղաքական դաշտի կարիք կա, քանի որ դաշտում թե մեկնաբանությունների, թե փաստարկների մեծ մասը կամ ակնհայտ ապատեղեկատվություն են, կամ քարոզչություն, կամ էլ, ինչը առաջին երկուսի հետ էլ է կապված, wishful thinking։

Սամվել Մելիքսեթյան

հ․գ․ Խորհրդային և հետխորհրդային սահմանների, անկլավների և հնարավոր լուծումների մասին Սամվել Մելիքսեթյանի հետ հարցազրույցը (2022 թվականի մայիս)՝ ստորև․