հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Բանակ / Արծվաշենը Հայաստան է․ Փաշինյանը պատմել է բանակցություններից

Արծվաշենը Հայաստան է․ Փաշինյանը պատմել է բանակցություններից

Միջազգային հանրության ընկալումն ավելի ու ավելի շատ է հակվում այն բանաձևին, որ Հայաստանն ու Ադրբեջանն առանց վերապահումների պետք է ճանաչեն միմյանց՝ համապատասխանաբար 29 հազար 800 քառակուսի կիլոմետր և 86 հազար 600 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականությունը, և Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության ապահովման շուրջ Բաքվի և Ստեփանակերտի միջև պետք է տեղի ունենա երկխոսություն՝ այսօր հրավիրված ասուլիսին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Երևանը այս տրամաբանության հետ համաձայն է։ Խաղաղության պայմանագրի շուրջ այժմ ինտենսիվ բանակցություններ են ընթանում, ըստ վարչապետի՝ հույս ունեն, որ առաջիկայում կհաջողվի համաձայնեցնել համաձայնագրի տեքստը և ստորագրել այն։

86 հազար 600 քառակուսի կիլոմետրը ներառում է նաև Ղարաբաղը

Ճշտող հարցին՝ Ադրբեջանի 86 հազար 600 քառակուսի կիլոմետրը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղի տարա՞ծքը, Փաշինյանը պատասխանել է՝ այո։

Հայաստանի բոլոր կառավարություններն էլ ճանաչել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ հավելել է վարչապետը (Լեռնային Ղարաբաղի անկախությունը Երևանը անցած երեսուն տարիների ընթացքում պաշտոնապես չի ընդունել)։ Չնայած հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիա չի իրականացվել, Երևանն ու Բաքուն դեռևս 90-ականներին ճանաչել են միմյանց՝ Խորհրդային Հայաստանից և Խորհրդային Ադրբեջանից ժառանգված սահմանները։ Ընթացիկ բանակցություններում Երևանը և Բաքուն վերահաստատել են այս հանձնառությունը։

«Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության հարցը պետք է քննարկվի Ստեփանակերտ-Բաքու երկխոսության ֆորմատով»․ Փաշինյանը շեշտել է՝ հայկական կողմը կարևոր է համարում այդ բանակցությունների միջազգային երաշխիքների ստեղծումը:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ Բաքու-Ստեփանակերտ բանակցային մեխանիզմի շուրջ սկզբունքային տարաձայնությունները խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում էական առաջխաղացմանը խոչընդոտող հիմնական խնդրից մեկն է։

տե՛ս Քառօրյա բանակցությունների մասին՝ Երևանից և Բաքվից

86 հազար 600 քառակուսի կիլոմետրը ներառում է նաև անկլավները

Հարցին՝ արդյո՞ք Ադրբեջանի 86 հազար 600 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականության մեջ ներառված են նաև [Հայաստանի վերահսկողության տակ գտնվող] «անկլավները», Փաշինյանը պատասխանել է՝ այո․

«Այո՛, որովհետև Հայաստանի 29 հազար 800 քառակուսի կմ տարածքային ամբողջականության մեջ մտնում է նաև Արծվաշենը»։

Ադրբեջանի տարածքի ուղիղ մատնանշումը առանձին չէ արվում, այլ՝ Հայաստանի տարածքային ամբողջականության սահմանման հետ փաթեթով․

«Հայաստանի 29 հազար 800 քառակուսի կիլոմետրի մեջ մտնում է նաև [ԽՍՀՄ տարիներին հայկական անկլավ համարվող] Արծվաշենը, Ադրբեջանի՝ 86 հազար 600 քառակուսի կիլոմետրի մեջ, այդ հաշվարկներով, մտնում են նաև [ադրբեջանական] անկլավները․․․

Անկլավների հարցում տարբերակները մի քանիսն են։ Դրանցից մեկը կարող է լինել հետևյալը՝ սահմանի երկու կողմերում գտնվող անկլավային տարածքները մնում են այն կողմի վերահսկողության ներքո, որում գտնվում են՝ տարածքների համաչափության, նույնականացման ձևով, այսինքն՝ կմ քառակուսիների ճշգրտումով, հավասարության սկզբունքով։

Մյուս տարբերակն այն է, որ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո այն տարածքները, որոնք դե յուռե կհիմնավորվեն (և այս նրբությունը պետք է հաշվի առնվեն), վերադառնում են համապատասխանաբար Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխանության ներքո», – հայտարարել է Փաշինյանը։

տե՛ս Որո՞նք են անկլավների հետ կապված խնդիրների լուծման հնարավոր և տրամաբանական ձևերը

Մեկ այլ հարցի պատասխանելով՝ Փաշինյանը հայտարարել է, թե 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ եղել է այսպիսի կետ, բայց Երևանը ստիպել է այն հանել․ «Ասել ենք, որ ոչ մի պարագայում չենք ստորագրի։ Կետերից մեկը վերաբերել է անկլավներին, մյուսը՝ Հայաստանի տարածքով միջանցքին»։

Հարցին՝ անկլավների կետը հանելու որոշումը քննարկվե՞լ է Պաշտպանության նախարարության հետ, Փաշինյանն պատասխանել է․ «Գլխավոր շտաբը ասում էր՝ ոչինչ, անկլավներով ստորագրի»։

սահմանազատում՝ ըստ 1975-ի քարտեզների

Ի՞նչ սկզբունքով է իրականացվելու հայ-ադրբեջանական սահմանի ճշգրտումը։ Սահմանազատման և սահմանագծման հարցերով արդեն երկու տարի է զբաղվում է պրոֆիլային հանձնաժողովը՝ բաղկացած հայկական, ադրբեջանական և միջնորդ՝ ռուսական պատվիրակություններից։

Ըստ Փաշինյանի՝ թե՛ Հայաստանը և թե՛ Ռուսաստանը խոսում են միևնույն քարտեզների մասին․ սահմանազատումը պետք է իրականացվի Խորհրդային Միության Գլխավոր շտաբի՝ 1975 թվականի քարտեզների հիման վրա։

Ըստ էության, սրանք խորհրդային ժամանակների վերջին պաշտոնական քարտեզներն են, հենց այս քարտեզների հիման վրա են Հայաստանն ու Ադրբեջանը անկախություն ձեռք բերել․ 1970-ականներից մինչև Սովետական Միության փլուզումը այս քարտեզները չեն վերաձևվել։

Բրյուսելում հիշատակված՝ 29 հազար 800 ք․կմ և 86 հազար 600 ք․կմ-ները, ըստ էության, հիմնավում են հենց այս իրողության վրա։

հայելային հետքաշում

Հայաստան-Ադրբեջան սահմանին 2021-ին սկիզբ առած՝ լայնածավալ և կետային էսկալացիաների ֆոնին Երևանը պարբերաբար հանդես է գալիս սահմանագծից զորքերի հայելային հետքաշման առաջարկով։

Սահմանային վերջին սրացումներից հետո նման կոչ էր հղել նաև ԱՄՆ պետքարտուղարությունը։ Նշվում էր, որ այս հարցը քննարկվել է նաև Միացյալ Նահանգներում տեղի ունեցած բանակցությունների ընթացքում։

Փաշինյանի մեկնաբանությունից դատելով՝ էական առաջընթաց այս բանակցություններում չկա, Ադրբեջանը առաջարկը շարունակում է մերժել։

«Մեր դիրքորոշումը մնում է նույնը՝ 1975 թվականի ԽՍՀՄ Գլխավոր շտաբի քարտեզների հիման վրա, այդ քարտեզներով արձանագրված սահմանագծից զորքերի հայելային հետքաշում։ Պետք է գոհունակությամբ արձանագրենք, որ մենք այս խնդիրը ձևակերպված տեսնում ենք նաև միջազգային հանրության կողմից», – նշել է Հայաստանի վարչապետը։

Ըստ Փաշինյանի, 1975 թվականի սահմանագծից այս և այն կողմ կան զորքեր․ «Տեղ-տեղ այդ գծից առաջ է գտնվում Ադրբեջանի, որոշ տեղերում՝ Հայաստանի զորքը»։ Հայելային հետքաշումն ուղղված է նախևառաջ սահմանային կայունության ապահովմանը և ենթադրում է, որ սահմանագծից բոլո՛ր զորքերը պետք է հետ քաշվեն։ Բաքուն այս առաջարկը մերժում է․ «Ադրբեջանը շարունակում է վարել ռազմական ճնշման քաղաքականություն՝ փորձելով այդկերպ ավելի նպատաստավոր պայմաններ ստանալ բանակցությունների ընթացքում»։