Home / Բանակ / 20-ամյա զինվորի մահվանը Բաքուն արձագանքել է «հայկական ԱԹՍ-ներով»

20-ամյա զինվորի մահվանը Բաքուն արձագանքել է «հայկական ԱԹՍ-ներով»

Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների մոսկովյան հանդիպման նախաշեմին Երևանն ու Բաքուն մեղադրում են միմյանց հրադադարի ռեժիմը խախտելու մեջ։ Հայկական կողմից երեկ զինվոր է զոհվել։

Մայիսի 17-ին ադրբեջանական կրակոցներից Սոթքում վիրավորված զինծառայողներից մեկը՝ Էդգար Սուլեյմանյանը, մինչև հոսպիտալ տեղափոխվելը մահացել է, երեկ երեկոյան հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։ 20-ամյա զինվորը Սիսիանից էր՝ 6 ամսից պետք է զորացրվեր։

Նրան տեղափոխող շտապօգնության մեքենայի՝ վիրավորում ստացած բուժակն այսօր դուրս է գրվել հոսպիտալից և ստանում է ամբուլատոր բուժում։ «Առաջնագծում իրավիճակն հարաբերական կայուն է», – հավելում է ՊՆ-ն։

Քննչական կոմիտեից հաղորդել են, որ դեպքի առթիվ քրեական գործեր են հարուցվել։ Հաղորդագրության համաձայն, մայիսի 17-ին՝ ժամը 16:15-ին, Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողները հրաձգային զենքերից կրակոցներ են արձակել Հայաստանի սահմանագծի արևելյան (Սոթքի) հատվածում տեղակայված մարտական դիրքի ուղղությամբ։ Ժամկետային զինծառայողներից մեկը զոհվել է։ «Ադրբեջանական զինուժերը նաև թիրախային կրակահերթեր են արձակել վիրավոր զինծառայողին բուժօգնություն ցուցաբերելու նպատակով նույն մարտական դիրք մեկնած «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ, որի հետևանքով դաստակի շրջանում վնասվածք է ստացել զորամասի բուժակը: Նրա վիճակը գնահատվում է բավարար», – մանրամասնել է Քննչական կոմիտեն։

թիրախավորված շտապօգնության մեքենայի լուսանկարը, ՔԿ

«Ի հեճուկս բանակցություններում որոշակի առաջընթացի, Ադրբերջանը շարունակում է էսկալացիոն քաղաքականություն վարել Հայաստանի հետ սահմանին: Նախորդ օրերին մեր սահմաններին հնչել են կրակոցներ և ունենք զոհեր: ․․․Կրկին ուզում եմ ընդգծել, որ առավել ևս մայիսի 14-ի պայմանավորվածությունների ֆոնին, ավելի հրատապ է դառնում սահմանային գծից զորքերի հայելային հետքաշումը և սահմանագծի ապառազմականացումը: Եվ մենք այս օրակարգը շարունակելու ենք ընդգծել», – կառավարության այսօրվա նիստին, ի թիվս այլի, հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Առավոտյան էլ Բաքվից հաղորդել են, թե Հայաստանի զինուժը «մարտական անօդաչուներով» թիրախավորել է «Քելբաջարի շրջանի Ելիջ բնակավայրի ուղղությամբ տեղակայված ադրբեջանական բանակի դիրքերը»։ Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել է, թե տարածքի զննության ժամանակ հայտնաբերվել են ԱԹՍ-ներից նետված ոչ գործարանային արտադրության արկերի մնացորդներ։

Բաքվի մեղադրանքներին Հայաստանի ռազմական գերատեսչությունը դեռևս չի արձագանքել։

Հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում իրավիճակը լարվել էր նաև անցած շաբաթ՝ Փաշինյան-Ալիև-Միշել եռակողմ հանդիպումից առաջ։ Վարդենիսի Սոթք, Կութ, Նորաբակ, Վերին Շորժա գյուղերի ուղղությամբ մայիսի 11-12-ի տեղի ունեցած կրակոցների հետևանքով հայկական կողմից 1 զինծառայող զոհվել է, 8-ը՝ վիրավորվել։ Ադրբեջանական կողմը հաղորդել էր 2 զոհերի և 1 վիրավորի մասին։

Փաշինյանը այսօր տեղեկացրել է, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների մոսկովյան հանդիպումը հանդիպումը տեղի կունենա մայիսի 19-ին: Արարատ Միրզոյանը արդեն մեկնել է Ռուսաստան:

«Ռուսական կողմից ստացել ենք արդեն առաջարկ՝ Ռուսաստանի Դաշնության նախագահի միջնորդությամբ բաձրագույն մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնել Մոսկվայում՝ մայիսի 25-ին, և մենք ընդունել ենք այդ առաջարկը:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի մասնակցությամբ հնգակողմ հանդիպում է նախատեսվում հունիսի 1-ին՝ Քիշնևում Եվրոպական քաղաքական համայնքի երկրորդ գագաթնաժողովի շրջանակում: Նման հնգակողմ հանդիպում նախատեսված է նաև հոկտեմբերին՝ Գրանադայում:

Բրյուսելում հաջորդ եռակողմ հանդիպումը նախատեսված է հուլիսին», – հավելել է Փաշինյանը:

թարմացում — «Մայիսի 18-ին՝ ժամը 17:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները խախտել են հրադադարը՝ Նորաբակի հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ կիրառելով ականանետ: Հայկական կողմը կորուստներ չունի: Ժամը 18:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է», – ժամը 18։20-ի սահմաններում գրել է Հայաստանի ՊՆ-ն։