հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Բանակ / Զորակոչիկներին հորդորում են առողջության հետազոտությունները անցնել վճարովի

Զորակոչիկներին հորդորում են առողջության հետազոտությունները անցնել վճարովի

2023 թվականի ամառային զորակոչի (ապրիլ-հուլիս) շրջանակներում մինչ օրս Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ դիմած երիտասարդների մեծ մասի խնդիրը կապված է առողջական վիճակի հետազոտությունների ոչ պատշաճ իրականացման հետ։

Ինչպես նախորդ տարիներին, այժմ ևս զորակոչիկները դիմում են այլ խնդիրներով ևս․ մասնավորապես՝ զինկոմիսարիատների և բժշկական հաստատությունների կողմից իրենց առողջական վիճակի հետազոտության վերաբերյալ փաստաթղթերի չտրամադրման, կառավարության սահմանած պարտադիր ժամկետային զինծառայության տարկետման հիմքերի վերաբերյալ խորհրդատվության և այլ հարցերով։

2023-ի ամառային զորակոչին առաջին անգամ, բացի նշված խնդիրներից, ՀՔԱՎ-ը ստանում է ահազանգեր նաև այն մասին, որ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումների բժշկական հանձնաժողովները զորակոչիկներին հետազոտությունների ուղեգրելու համար «բավարար հիմնավոր չեն համարում» նրանց գանգատները և հորդորում են անցնել բժշկական հետազոտություններ սեփական ֆինանսական միջոցներով։ Նշված հետազոտությունների արդյունքների հիման վրա որոշում է կայացվում զորակոչիկներին բժշկական հետազոտության ուղեգրելու անհրաժեշտության վերաբերյալ։

Որոշ դեպքերում զորակոչիկները սեփական միջոցներով հետազոտություններ անցնելուց հետո տարածքային ստորաբաժանումների կողմից ուղեգրվում են հետազոտությունների նույն բժշկական հաստատություններ։

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավապաշտպանները ընգծում են՝ նման մոտեցումը համարում է անընդունելի, քանի որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածը սահմանում է, որ քաղաքացիներին զինվորական հաշվառման վերցնելու, պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, ներառյալ` զորահավաքային զորակոչի, պայմանագրային զինվորական ծառայության և վարժական հավաքի ներգրավելու դեպքերում քաղաքացիների հետազոտումը, փորձաքննությունը և բուժումը կատարվում են առաջնահերթ ու անվճար` պետության երաշխավորած բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում»։

Կազմակերպությունը մշտապես բարձրաձայնել է Կենտրոնական բժշկական հանձնաժողովի կողմից որոշում կայացնելիս զորակոչիկների սեփական միջոցներով անցած բժշկական հետազոտությունների արդյունքները հաշվի առնելու կարևորությունը, սակայն քաղաքացիներին վճարովի հետազոտություններ անցնելու պարտադրանքը կամ ցուցումները ակնհայտորեն հակասում են օրենսդրությամբ սահմանված կարգին։

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը շարունակում է անվճար իրավական աջակցություն տրամադրել ինչպես զորակոչիկներին, այնպես էլ զինծառայողներին, պահեստազորում հաշվառված անձանց և նրանց հարազատներին։

Անվճար իրավական աջակցություն ստանալու համար կարող եք դիմել ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Պաշտպանության և անվտանգության բնագավառի նկատմամբ քաղաքացիական վերահսկողության բաժնի համակարգող Նազելի Մովսեսյանին՝
+374 93 111 615 (նաև viber, whatsapp), [email protected]։