«Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում կոլոնոսկոպիա իրականացնող բժիշկը 60 հազար դրամ է պահանջել՝ զորակոչիկին հետազոտությունից առաջ անզգայացնելու համար։ Ծնողը հրաժարվել է վճարել գումարը, հետազոտությունը կատարել են առանց ցավազրկողի, բայց կիսատ թողել, քանի որ զորակոչիկը չի դիմացել ցավին։ Չկատարած հետազոտության հորինած արդյունքները «Գրիգոր Լուսավորիչի» բժիշկները, այնուամենայնիվ ուղարկել են զինկոմիսարիատ։
Կոլոնսկոպիան հաստ աղիքի հետազոտություն է։ Կատարվում է բարակ, ճկուն խողովակի միջոցով, որի ծայրին տեսախցիկ է ամրացված։ Կոլոնոսկոպիայից առաջ պացիենտին տրվում է ցավազրկող և սեդատիվ (քնացնող) դեղորայք։ Միջամտության ժամանակ բժիշկը կոլոնոսկոպը հետանցքով մտցնում է հաստ աղիք։
Ծառայության զորակոչված 18-ամյա տղային զինկոմիսարիատից ուղարկել են «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կետրոն՝ անցնելու հիվանդանոցային հետազոտություն։ Վիրաբույժը սկզբից ռենտգեն է արել պատանուն, բայց պատասխանները չեն գոհացրել նրան, հետո ուղարկել է կոլոնոսկոպիայի։
«Կոլոնոսկոպիա անող բժիշկը ասեց, թե առանց անզգայացնելու ա անվճար հետազոտությունը, իսկ անզգայացումն արժի 60 հազար դրամ, բայց ինձ զինկոմիսարիատից ասել էին, ես գիտեի, որ անվճար պետք ա լինի ամբողջը», – Epress.am-ի հետ զրույցում պատմել է մայրը։
Կոլոնոսկոպիայի բժիշկը կնոջը ասել է, թե վիրաբույժը պետք է գումարի հարցերը լուծեր, վիրաբույժն էլ ասել է, որ զինկոմիսարիատը պետք է այդ հարցերը լուծեր։
«Մի խոսքով՝ գցեցին իրար վրա, ինչքանով, որ ես հասկացա։ Ես էլ ասեցի, որ էս պահին էդքան գումար մոտս չունեմ, պատրաստված չեմ եկել, չենք կարող անել հետազոտությունը։ Կոլոնոսկոպիայի բժիշկն էլ առաջարկեց, թե բա եկեք առանց նարկոզի փորձենք, կարող է ստացվի։ Ես իհարկե չհամաձայնվեցի, բայց տղես համոզեց, ասեց՝ փորձենք։
Դուրս եկա սենյակից, դուռը փակեցին ու երկու րոպե էլ չանցավ տղուս ճվոցները լսեցի, վազեցի, դուռը ջարդելով ծեծեցի, որ բացեն, դադարեցնեն», – պատմում է մայրը։
Մի քանի օր անց նա գնացել է զինկոմիսարիատ և պատմել դեպքի մասին։ Պարզվում է՝ զինկոմիսարիատը հիվանդանոցից արդեն ստացել է տղայի կիսատ մնացած հետազոտությունների արդյունքները։
«Զինկոմիսարիատում ինձ ցույց տվեցին թղթերը, որ մենք կոլոնոսկոպիան նորմալ անցել ենք, բժիշկը նորմալ պատասխանները գրել է, որ տղայիս մոտ ոչ մի խնդիր չկա»։
Տեղեկանալով, որ զորակոչիկից գումար են ուզել և փաստացի հորինել չկայացած հետազոտության արդյունքները, զինկոմիսարիատը ուղարկել է պատանուն մեկ ուրիշ հիվանդանոց։
«Ինձ թեժ գծի համար տվեց զինկոմը, ասեց՝ եթե էս մյուս հիվանդանոցում էլ գումար ուզեն, կզանգես էս համարով, էդ հարցերը կկարգավորեն», – ասում է մայրը։
Մյուս հիվանդանոցում ամբողջությամբ անվճար ու անզգայացմամբ նույն հետազոտությունը արել են, անգամ անվճար պալատ են առաջարկել մնալու համար, քանի որ զորակոչիկը Երևանից չէ։
«Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի դիագնոստիկայի կենտրոնից հեռախոսով պատասխանեցին, որ կոլոնոսկոպիայի անզգայացումն արժէ 20 հազար դրամ, իսկ բուն հետազոտությունը 30 հազար, այսինքն՝ ընդհանուր 50 հազար դրամ։ Զորակոչիկների համար այն ամբողջությամբ անվճար է, քանի որ պետպատվեր է, նշեց Epress.am-ի զրուցակիցը։