Ֆրանսիայի քրդական համայնքի անդամները այսօր լուռ քայլերթ են կազմակերպել՝ ի հիշատակ Քրդական մշակութային կենտրոնի մոտակայքում սպանված երեք քրդերի։ Վերջին օրերին հարյուրավոր մարդիկ Փարիզի կենտրոնում փողոց էին դուրս եկել, սակայն ցույցերը վերածվել էին անկարգությունների։
Որպես «օտարերկրացիներին ատող ռասիստ» ներկայացող 69-ամյա զինված տղամարդը՝ դեկտեմբերի 23-ին Փարիզում երեք քրդերի էր սպանել։
Քայլերթի մասնակիցները Քրդական մշակութային կենտրոնից շարժվել են դեպի Փարիզի հյուսիսային կայարան՝ Քրդական տեղեկատվական բյուրոյի մոտ, որտեղ 2013-ի հունվարի 9-ին երեք կին քուրդ ակտիվիստների էին սպանել։
Հարձակվող տղամարդը կարճատև ժամանակով փոխադրվել է հոգեբուժարան, սակայն ավելի ուշ վերադարձվել ոստիկանական բաժանմունք և այսօր ներկայացել է դատարան։ Տղամարդը ձերբակալվելիս դիմադրություն չի ցուցաբերել և ինքն իրեն անվանել է «օտարերկրացիներին ատող ռասիստ»։ Տեղի իրավապահ մարմինների խոսքերով՝ ռասիստը նախորդ տարվա դեկտեմբերի 8-ին կալանավորվել էր Ֆրանսիայի Բերսի շրջանում փախստականների ճամբարի վրա թրով հարձակվելու համար և վերջերս՝ ընդամենը մեկ տարի անց, ազատ է արձակվել։
Ֆրանսիայում քրդական համայնքի հարյուրավոր ներկայացուցիչներ դեկտեմբերի 23-ին և 24-ին հավաքվել էին Փարիզի կենտրոնում՝ ի նշան ենթադրաբար ռասսայական ատելության հիմքով կատարված սպանությունների դեմ բողոքի։ Ցույցերը բավականին արագ վերածվել են անկարգությունների, գրում է BBC-ն։
Ակցիայի մասնակիցների և ոստիկանների միջև բախումներ են տեղի ունեցել, ցուցարարները քարեր և այլ առարկաներ են նետել ուժայինների վրա, շուռ են տվել աղբամանները, տարբեր ռեստորանների սեղանները, փողոցում կանգնած մեքենաները, որոնցից մի քանիսն էլ այրել են։ Իրավապահ մարմինները արցունքաբեր գազ են կիրառել ցուցարարներին ցրելու նպատակով։
More clips, #Paris #Riot pic.twitter.com/t7pqHUaWj8
— Kiriti (@in20im) December 24, 2022
«Պարզ չէ՝ ինչու՞ են խաղաղ ցույցերը, հանկարծակիորեն, վերածվել անկարգությունների», – BFM TV լրատվամիջոցի հետ զրույցում ասել է Փարիզի ոստիկանության պետը։ Ըստ նրա՝ անկարգությունների համար պատասխանատու մի քանի տասյակ ցուցարարներից 11-ը ձերբակալվել են։
Ավելի վաղ Ֆրանսիայում Քրդական ժողովրդավարական կենտրոնը քննադատել էր 3 քրդերի նկատմամբ իրագործված հարձակումը։ Կենտրոնի ներկայացուցիչը ֆրանսիական լրատվամիջոցների հետ հարցազրույցում ասել էր, որ «Ֆրանսիայի իշխանությունները ևս մեկ անգամ չեն կարողացել պաշտպանել երկրում ապրող քրդերին»։
Ֆրանսիայի ներքին գործերի նախարարի խոսքերով, հարձակվողը, որը գործել է միայնակ և պաշտոնապես չի համագործակցում որևէ աջ արմատական շարժումների հետ, ակնհայտորեն թիրախավորել է օտարերկրացիների։ Դեռևս հայտնի չէ՝ արդյոք նա մտադրաբար թիրախավորել է հենց քրդերի՝ ինչպես, ըստ տեղի Al Jazeera-ի թղթակցի, համարում են ցուցարարներից շատերը։
Դեկտեմբերի 23-ին Փարիզի 69-ամյա զինված բնակիչը հարձակվել է Քրդական մշակութային կենտրոնի, դրա մոտակայքում գտնվող քրդական ազգային սնունդ մատուցող ռեստորանի և վարսավիրանոցի վրա։ Հարձակման արդյունքում սպանվել են երկու տղամարդ և մեկ կին, ևս երեք անձինք վիրավորվել են։ Սպանված կինը կանանց իրավունքների համար պայքարող քրդական շարժման ներկայացուցիչներից էր, իսկ տղամարդիկ՝ քաղաքական ապաստարան ստացած մի արվեստագետ, և 60-ամյա մի քուրդ՝ մշակութային կենտրոնից։