Home / Բանակ / Ինչու է էրդողանական Թուրքիան հորինում «քրդական» վտանգը

Ինչու է էրդողանական Թուրքիան հորինում «քրդական» վտանգը

Թուրքիայի ոստիկանությանը ընդամենը մեկ օր պահանջվեց՝ Ստամբուլում նոյեմբերի 13-ին տեղի ունեցած պայթյունի գործով «կասկածյլաներին» ձերբակալելու համար։ Անմիջապես առաջ քաշվեց ահաբեկչության վարկածը, հանցանքը վերագրվեց քրդական խմբավորումներին։ 

Մի քանի օր անց սկսվեցին «նախընտրական ռմբակոծությունները»․ թուրքական ավիացիան հրթիռակոծում է Սիրիայում գտնվող՝ Քոբանի, Շահբա՝ մեծամասամբ քրդաբնակ քաղաքները, սահմանամերձ Դերիկը։ Կան տասնյակ զոհեր և վիրավորներ։ Թուրքական «վրեժխնդրությունից» մեռնում են նաև խաղաղ բնակիչները։

Ստամբուլյան Իսթիքլյալ  փողոցում տեղի ունեցած պայթյունը կարող է ձեռնտու լինել Էրդողանի կառավարությանը՝ դեռևս նախքան ռազմական էսկալացիան զգուշացնում էր Սիրիական Քուրդիստանում ապրող լրագրող Լիզա Շիշկոն՝ «Կին, կյանք, ազատություն» ալիքի հեղինակը․ «Սա հիասքանչ առիթ է ոչ միայն Սիրիայի տարածքները գրավելու և նոր «հատուկ ռազմական օպերացիա» հայտարարելու համար, այլև՝ ընդհանրապես բոլոր անհամաձայններին ճնշելու, զանգվածային ձերբակալություններ ու ընտրություններից առաջ բռնաճնշումներ սկսելու համար»։

Նոյեմբերի 13-ի պայթյունի հաջորդ իսկ օրը թուրքական ոստիկանությունը 46 հոգու էր ձերբակալել։ Հարցաքննության ժամանակ գլխավոր կասկածյալն անմիջապես «խոստովանել էր», թե իրեն վարժեցրել են սիրիացի քրդերը։ Թուրքիայի ՆԳՆ ղեկավարը ահաբեկչությունը վերագրել էր Քուրդիստանի աշխատավորական կուսակցությանը (PKK) և Սիրիայի քրդական ուժերին։ PKK-ի զինված թևը, Ազգային ինքնապաշտպանության ստորաբաժանումները (զինված խմբավորումներ Սիրիայում), Սիրիայի Դեմոկրատական ​​Ուժերը հերքել էին իրենց մասնակցությունը պայթյունի կազմակերպմանը և ցավակցել զոհերի ընտանիքներին։

Doxa-ի հետ զրույցում Լիզա Շիշկոն պատմում է «ահաբեկչության» դեմ «պայքարելու» թուրքական ավանդույթի մասին․

2015-ին փորձարկված ռազմավարությունը

— Թուրքիայի իշխող կուսակցության գործողությունները այսօր նախկինում փորձարկված ռազմավարության արձագանքն են․ ընտրությունների նախաշեմին նրանք կրկին ուշադրություն են հրավիրում ահաբեկչության վրա և մեղադրում քրդերին։

Նման բան արդեն տեղի է ունեցել 2015-ին, երբ Էրդողանի գլխավորած՝ Արդարություն և զարգացում կուսակցությունը (ԱԶԿ) հունիսյան ընտրություններին կորցրեց միանձնյա կառավարություն ձևավորելու իրավունքը։ Սա նշանակում էր Թուրքիայում միակուսակցական համակարգի փլուզում և իշխանության յուրացման հույսերի ոչնչացում։

Խորհրդարան անցած կուսակցությունների մեջ էր նաև քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը (HDP), որն անսպասելիորեն շատ ձայներ էր հավաքել։ Այն ժամանակ ասում էին՝ «քրդական հրաշք»։ Թվում էր, թե վերջապես ավելի ժողովրդավար կառավարություն ձևավորելու հնարավորություն է ստեղծվել։

Բայց [«քրդական հրաշքին» հաջորդեցին] ոչ թե ժողովրդական փոփոխությունները, այլ ահաբեկչությունները, որոնց կազմակերպման մեջ կասկածվում են հենց թուրքական հատուկ ծառայությունները։ Օրինակ՝ Սուրուչի ահաբեկչությունը, որը տեղի ունեցավ ճիշտ քրդական մշակութային կենտրոնի հարևանությամբ և ուղղված էր հենց քրդական ձախ ակտիվիստների դեմ։ PKK-ն հայտարարեց, որ իշխանությունները խախտում են  քրդերի նկատմամբ ստանձնած պարտավորությունները և հետ կանգնեցին հրադադարի ռեժիմի համաձայնությունից․ սկսվեց քաղաքացիական պատերազմը։ Այս ամենը՝ տառացիորեն մեկ՝ հետընտրական ամսվա ընթացքում։

Էրդողանը պնդում էր արտահերթ ընտրությունների անցկացումը։ Իշխող կուսակցության անդամները հայտարարություններ էին անում հետևյալ բովանդակությամբ․ «Եթե մենք խորհրդարանում մեծամասնություն չունենանք, կլինի պատերազմ, մշտական պայթյուններ, քաոս, անվերջանալի խուճապ»։ 2015 թվականի նոյեմբերի 1-ին նախատեսված նոր ընտրությունների նախապատրաստական ​​աշխատանքները ընթանում էին իշխանությունների կողմից հնչեցրած ահաբեկող ու հստակ ուղերձի ֆոնին։

2015 թվականի նոյեմբերի (արտահերթ) ընտրություններում ԱԶԿ-ն կարողացավ բավարար ձայներ հավաքել միակուսակցական կառավարություն ձևավորելու համար։ Փորձագետները պայմանավորեցին դա, ի թիվս այլ բաների, ահաբեկչական հարձակումների «վտանգով», անկայունության վախով: 2017 թվականին հավատարիմ խորհրդարանի օգնությամբ Էրդողանը կարողացավ առաջ տանել սահմանադրական փոփոխությունները: Փոփոխությունները անկացվեցին ռազմական դրության պայմաններում տեղի ունեցած հանրաքվեով և ուղեկցվեցին, ըստ ընդդիմության, զանգվածային խախտումներով։ Փոփոխությունների ընդունումից հետո Թուրքիան դարձավ նախագահական հանրապետություն, Էրդողանի լիազորություններն ու իշխանությունն ավելի մեծացան։

Այսօրվա իրավիճակը մի քիչ այլ է։ Այժմ Թուրքիան նախագահական հանրապետություն է, որոշումների մեծ մասը կախված է միայն Էրդողանից։ Կառավարությունում բոլոր նախարարները նշանակվում են առաջիկա ընտրություններում հաղթած կուսակցության կողմից։

Երկրի տնտեսությունը աղետալի վիճակում է, գնաճը՝ 80%-ից բարձր: Թուրքիան անընդհատ պատերազմների մեջ է․ զինվորներ են զոհվում, բյուջեն ծախսվում է, փախստականների ճգնաժամը՝ սրվում։ Օրինակ, երկիրը հսկայական թվով անձնագրեր է տվել ոչ միայն պատերազմից փախած Սիրիայի հասարակ քաղաքացիներին, այլև վարձկաններին՝ սիրիական տարածքներից, որոնք օկուպացված են Թուրքիայի կողմից։ Սա միանգամայն զգալի դժգոհություն է առաջացնում հենց Թուրքիայում, որտեղ արաբաֆոբիան բավականին ուժեղ է։

Մյուս խնդիրներն են ոստիկանական բռնությունը, գրաքննությունը, մարդու իրավունքների խախտումները։ «Արդարություն և զարգացում» կուսակցության ու Էրդողանի՝ ընտրություններում հաղթելու շանսերը գնալով նվազում են։ 

Իշխանություններն ընտրում են նախկին մարտավարությունը՝ ահաբեկում պատերազմով, ահաբեկչություններով, բռնաճնշումներով։ Մինչև 2023 թվականի ընտրությունները նրանք պետք է ազատվեն բոլոր հակառակորդներից։ Ուստի՝ երկրում լարվածություն է պետք, «թշնամիների» որոնում՝ ներսում։ Նոյեմբերի 13-ի ահաբեկչությունը վերահսկողությունն ու բռնաճնշումները ուժեղացնելու ևս մեկ առիթ է։

Ինձ թվում է՝ սա շատ հասկանալի հռետորաբանություն է, երբ բնակչությանը պարբերաբար ասում են. «Կարևորը պատերազմ չկա, կարևորը՝ կայունություն լինի, կարևորը՝ մետրոն չպայթեցնեն» և այլն։

Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունը չի թիրախավորում խաղաղ բնակչությանը

— PKK-ն պարտիզանական պատերազմ է վարում գրեթե կես դար և այդ ընթացքում արդեն մշակել է բավականին կանխատեսելի մարտավարություն և մեթոդներ։ PKK-ն օպերացիաներ չի իրականացնում այնտեղ, որտեղ կարող են զոհվել խաղաղ բնակիչները։ Սա պարտիզանական բանակ է, որը հենվում է բնակչության, այդ թվում՝ ֆինանսական, աջակցության վրա։

PKK-ն երբեմն դիմադրության ռադիկալ ​​գործողություններ է իրականացնում: Այս տարվա սեպտեմբերին PKK-ի երկու պարտիզաններ պայթեցրել էին իրենք իրենց ոստիկանական բաժանմունքի մոտ։ Հարձակումը տեղի էր ունեցել ուշ երեկոյան, զոհվել էին իրենք՝ պարտիզանները և մեկ հոգի ոստիկաններից։

Նոյեմբերի 13-ի ահաբեկչությունը PKK-ի ոճը չէ, դա ԻԼԻՊ-ի ոճն է։ PKK-ն վերջին տարիներին փորձում է դուրս գալ ԵՄ-ի ահաբեկչական կազմակերպությունների ցուցակից և դիվանագիտական ​​աշխատանք է տանում այդ ուղղությամբ։ Նման ահաբեկչություն կազմակերպել, իրենք իրենց փոսը փորելով, նրանք հաստատ չէին անի: Բացի այդ, հարկ է նշել, որ «Գլադիո» օպերացիայի ժամանակներից ի վեր թուրքական բանակում գոյություն ունեն հակապարտիզանական ստորաբաժանումներ, որոնք պարտիզանների համազգեստով տարբեր հարձակումներ են իրականացնում հենց խաղաղ բնակչության դեմ։

«Հատուկ ռազմական օպերացիաներ»

Թուրքիան 1992 թվականից ի վեր արդեն 8-րդ ռազմական օպերացիան է իրականացնում Իրաքի Քուրդիստանում։ Առաջին անգամը չէ նաև, երբ թուրքական զինված ուժերը օպերացիա են իրականացնում Սիրիայի քրդական ուժերի դեմ։ 1984 թվականից սկսած թուրք-քրդական հակամարտության ընթացքում զոհվել է ավելի քան 60 հազար մարդ։

Սեպտեմբերին Իրաքի Քուրդիստանում տեղի ունեցած հարձակման հետևանքով զոհվել է 8 մարդ, ևս 23-ը՝ վիրավորվել։ Օգոստոսին հյուսիսային Սիրիայում ավիահարվածի հետևանքով զոհվել է ավելի քան մեկ տասնյակ մարդ: Այս մահերը թուրքական իշխանությունների գործողությունների հետևանքն են։

— Թուրքիան միլիտարիստական պետություն է, որն անընդհատ պատերազմի մեջ է։ Թե՛ սիրիական տարածքների օկուպացիան, թե՛ Հյուսիսային Իրաքի անվերջանալի պատերազմը թուրքական իշխանությունները անվանում են «ռազմական օպերացիաներ» և գունեղ անուններ հնարում դրանց համար, օրինակ՝ «Ձիթենու ճյուղ», «Խաղաղության աղբյուր»։ 

Սա վերջին տարիների քաղաքականությունը չէ։ Հյուսիսային Կիպրոսը օկուպացվել է 1974 թվականին։ Հաթայում ավելի վաղ «հանրաքվե» էր անցկացվել, որն այս սիրիական շրջանը դարձրեց թուրքական վիլայեթ։ Թուրքիան չի թաքցնում իր կարոտը Օսմանյան կայսրության հանդեպ և բազմիցս ոչ միայն հայտարարել է մյուս երկրների տարածքների նկատմամբ իր հավակնությունների մասին, այլև՝ օկուպացրել է դրանք։ Դժվար է սահմանել նրա զավթողական արտաքին քաղաքականության սկիզբը, սակայն պարզ է, որ իշխանության ներկայիս կուրսով Թուրքիան կշարունակի ընդլայնել իր սահմանները հարևան երկրների հաշվին։