Շվեդիան չեղարկել է Թուրքիայի վրա դրված զենքի էմբարգոն՝ կատարելով ՆԱՏՕ-ի անդամակցության պայմաններից մեկը։
«Հաշվի առնելով պաշտպանության և անվտանգության քաղաքականության փոփոխված պայմանները՝ Շվեդիայի ռազմավարական արտադրանքի տեսչությունը լիարժեք վերանայումից հետո որոշել է թույլտվություն տրամադրել Շվեդիայի պաշտպանական արդյունաբերությունից Թուրքիա հետագա մատակարարումների համար», – ասվում է տեսչության հայտարարության մեջ:
Հիշեցնենք՝ մայիսին Ֆինլանդիան ու Շվեդիան Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմի ֆոնին դիմեցին ՆԱՏՕ-ին անդամակցելու համար։ Դեպի ՆԱՏՕ նրանց ճանապարհին խոչընդոտում էր Թուրքիան, որը դժգոհ էր իր դեմ կիրառված զենքի էմբարգոյից (2019թ․-ին Սիրիայի վրա հարձակումից հետո) և նրանից, որ քրդերը, որոնց Անկարան ահաբեկիչներ է հռչակել, ապաստան են գտել սկանդինավյան երկրներում։ Խոսքը քրդական աշխատավորական կուսակցության (PKK) մասին է՝ մարքսիստական շարժում, որը 1980-ականներից ի վեր պայքարում է քրդերի քաղաքական իրավունքների համար։
Վերջիվերջո Թուրքիան բարիշեց Ֆինլանդիայի ու Շվեդիայի հետ՝ ստորագրելով համատեղ հուշագիր։ Ըստ հուշագրի՝ երկրները պետք է ակտիվացնեին աշխատանքը Թուրքիայի կողմից «ահաբեկիչ» ճանաչված անձանց արտահանձնման ուղղությամբ, լիարժեք համագործակցություն ցուցաբերեին Թուրքիայի հետ PKK-ի և նրա մասնաճյուղերի՝ ներառյալ YPG-ի (Ժողովրդական պաշտպանության ստորաբաժանումներ), դեմ պայքարում, վերացնեին Թուրքիային զենքի վաճառքին վերաբերող իրենց բոլոր սահմանափակումները։
Կարելի է ասել, որ պայմանավորվածության գրեթե բոլոր կետերը մասամբ կամ ամբողջությամբ կատարված են։ Շվեդիան պաշտոնապես արդեն արտահանձնել է մի քանի քրդերի և հանել Թուրքիայի վրա դրված զենքի էմբարգոն։
Ֆինլանդիայի ու Շվեդիայի ՆԱՏՕ-ի անդամակցության արձանագրությունը ստորագրելուց հետո, դաշինքի 30 երկրներից 28-ը տվել են իրենց համաձայնությունը, բացի՝ Հունգարիայից և Թուրքիայից, որոնք դեռևս չեն արձագանքել։
Քրդական հարցը տարիներ շարունակ Շվեդիայի և Թուրքիայի միջև կռվախնձոր է: Քրդական սփյուռքը Շվեդիայում մեծ է (100-150 հազար հոգի), լավ ինտեգրված և քաղաքականապես ակտիվ համայնք է: Ներկայումս Շվեդիայի խորհրդարանում 6 քուրդ պատգամավոր կա։