Թուրքիայում սեպտեմբերի 26-ի գիշերը երկու քուրդ կանայք հարձակվել են ոստիկանական բաժանմունքի վրա և կրակ բացել ուժայինների ուղղությամբ՝ հայտարարել է Թուրքիայի ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուն։ Դեպքը տեղի է ունեցել երկրի հարավում՝ Մերսին մարզում։ Հարձակման հետևանքով զոհվել է մեկ ոստիկան, վիրավորվել՝ ևս մեկ ուժային ու խաղաղ բնակիչ։
Կանանց և ոստիկանների միջև փոխհրաձգություն է եղել, կանայք վիրավորվել են և հասկանալով, որ չեն կարողանալու փախչել, պայթեցրել են իրենց։ Արձակված փամփուշտներից մեկը դիպչել է մոտակա պատշգամբներից մեկում նստած մի կնոջ․ վերջինս թեթև վնասվածք է ստացել, նրա առողջությանը վտանգ չի սպառնում։
Տեղի ունեցածը նախարարը կապում է քրդական աշխատավորական կուսակցության՝ PKK-ի հետ։ PKK-ն դեռևս չի արձագանքել միջադեպին։
PKK-ն մարքսիստական շարժում է, որը 1980-ականներից ի վեր պայքարում է քրդերի քաղաքական իրավունքների համար։ Այն «ահաբեկչական կազմակերպություն» է ճանաչվել ոչ միայն Թուրքիայի, այլև ԱՄՆ-ի, Կանադայի, Ավստրալիայի և Եվրամիության կողմից: