2018 թվականի ապրիլի 12-ին Պաշտպանության նախկին նախարարի 410 հրամանը, որը սահմանում էր զինծառայության համար պիտանելիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկը, փոխարինվել է Կառավարության 404 որոշմամբ։ Բովանդակային առումով, սակայն, շատ բան սրանից չի փոխվել, ասում է իրավապաշտպան, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ծրագրեր համակարգող Արմինե Սադիկյանը: 2018 թվականի ձմեռային և 2019 թվականի ամառային զորակոչերի տվյալները վկայում են, որ խնդիրներն ընդհանուր առմամբ մնացել են նույնը։
Երկու զորակոչերի ընթացքում ՀՔԱ Վանաձորի գրասենյակ դիմել է 105 քաղաքացի։ Դիմողների 61 տոկոսի խնդիրները եղել են առողջական։ Գրեթե բոլորը հանձնաժողովի որոշումը բողոքարկել են ըստ վերադասության կամ դատական կարգով, մոտ 30 տոկոսին (կազմակերպության իրավական աջակցության շնորհիվ) հաջողվել է հասնել որոշման վերանայմանը․ 14 հոգի, ով մինչ այդ պիտանի էր ճանաչվել, այնուամենայնիվ ճանաչվել է ոչ պիտանի, 4 հոգի ճանաչվել է ժամանակավորապես ոչ պիտանի և 3 տարով տարկետում է ստացել, 13 հոգի տարկետում է ստացել հինգ ամսից մինչև մեկ տարի ժամանակահատվածով։ Եվս մեկ հոգու տարկետում է տրվել ոչ թե առողջության, այլ ընտանեկան դրության բերումով։
Հանձնաժողովի որոշման հետ անհամաձայնություն հայտնած քաղաքացիներից 11 հոգի այնուամենայնիվ մեկնել է զինծառայության։ 9 հոգու գործերը կազմակերպությունը ներկայումս վիճարկում է։
Արմինե Սադիկյանը մի քանի հատկապես տարածված խնդիրներ առանձնացրեց՝ կապված զորակոչիկների առողջական վիճակի և Կենտրոնական բժշկական հանձանժողովի գործունեության հետ․
Հիվանդությունները չեն դիտարկվում համակցության մեջ
Զորակոչիկների հիվանդությունները մինչ այժմ դիտարկվում են առանձին-առանձին, այլ ոչ՝ համակցության մեջ։ «Շարունակվում է մի քանի հիվանդություններով մարդկանց զորակոչը։ Օրենքով չի գնահատվում, թե այդ մի քանի հիվանդությունների բեռը ինչպես կարող է ազդել քաղաքացու հետագա ծառայության վրա։ Սա լուրջ հարց է, որը պետք է օրենքով ամրագրվի և վերանայվի», – ասաց իրավապաշտպանը։
Բժշկական փորձաքննության արդյունքները ու Կենտրոնական բժշկական հանձնաժողովի որոշումը չեն համապատասխանում իրար
Հաճախ կիրառվում է 404 որոշման այնպիսի կետ, որը չի համապատասխանում բժշկական փորձաքննության արդյունքներով բացահայտված առողջական խնդիրների։ Իրավապաշտպանը ընդգծեց՝ երբ բժշկական փաստաթղթերում նշված ախտորոշումը չի համապատասխանում Կենտրոնական բժշկական հանձնաժողովի որոշմանը, միևնուն է՝ հիմք է ընդունվում հանձնաժողովի որոշումը։
Զորակոչից զորակոչ ախտորոշումները փոխվում են
Նույն առողջական խնդրով զորակոչիկները տարբեր զորակոչերի ժամանակ կարող են տարբեր հոդվածներ «ստանալ», այսինքն՝ միևնույն հիվանդությունը կարող է տարբեր կերպ ախտորոշվել, կարող են 404 որոշման տարբեր կետեր կիրառվել։
Իրականում, տարկետման ընթացքում բուժում չի իրականացվում
«Բուժման նպատակով ստացած տարկետման ժամանակահատվածում իրականում բուժում չի իրականացվում կամ այն կրում է ձևական բնույթ», – ասում է Սադիկյանը։ Պաշտպանության նախարարությունը չունի այդ պարտավորությունը՝ տարկետման ընթացքում ստիպել քաղաքացուն բուժվել։ Քաղաքացին պետք է ինքը դիմի, ինքը ձեռնարկի։ Վերահսկման ընթացակարգ, ըստ իրավապաշտպանը, չկա։
Չի ապահովվում զորակոչիկների անձնական գաղտնիությունը
Բուժզննության ընթացքում չի պահպանվում զորակոչիկների անձնական գաղտնիության սկզբունքը․ «Զորակոչիկները կանչվում են փորձաքննությունների կամ բուժզննությունների։ Այդ ընթացքում ներկա են լինում այլ զորակոչիկներ կամ կողմնակի անձինք։ Որոշ հիվանդությունների դեպքում զորակոչիկները ընդհանրապես կարող են գանգատներ չներկայացնել այլոց ներկայությամբ, ինչը կարևոր հանգամանք է նրանց հիվանդությունների բացահայտման համար»։
Լրացուցիչ հետազոտությունները չեն իրականացվում, վիրահատությունները՝ հետաձգվում են
Կան հիվանդություններ, որոնց դեպքում քաղաքացիներին, ըստ օրենքի, պետք է առաջարկվի վիրահատություն։ Փոխարենը համոզում են, որ վիրահատությունը կկազմակերպվի զորակոչվելուց հետո։ Շատ դեպքերում, ասում է իրավապաշտպանը, նույնիսկ այդ 24 ամիսների ընթացքում վիրահատությունը չի իրականացվում։
Երբ զորակոչիկներն ունեն լրացուցիչ հետազոտությունների կարիք, կամայականորեն կամ հիմնավորումները հաշվի չառնելով՝ դրանք չեն իրականացվում․ «Օրինակ, մագնիսառեզոնանսային շերտագրության (ՄՌՇ) դեպքում պարզաբանում են, որ թանկ է, իրենք չեն կարող ուղեգրել»։
Կան ձևակերպումներ, որոնք մասնագետներին թույլ չեն տալիս լինել օբյեկտիվ
Սադիկյանն ասում է՝ Կառավարության որոշմամբ հաստատված հիվանդությունների ցանկում կան հնացած ձևակերպումներ, կաձևակերպումներ, որոնք անորոշ են կամ սուբյեկտիվ մեկնաբանության տեղիք են տալիս․ «․․․մենք աշխատանքային հանդիպում ենք ունեցել, որին ներկա էին բոլոր պատկան մարմինները, բժշկական, զինվորական մասնագետները։ Մենք ներկայացրել ենք մեր բավականին ծավալուն առաջարկությունը, որը վերաբերում էր հիվանդությունների ցանկին։․․․ Օրինակ, առաջարկեցինք, որպեսզի այդ ցանկը համապատասխանեցվի հիվանդությունների միջազգային դասակարգչին։ Այս ցանկի մեջ կան ձևակերպումներ, որոնք գալիս են սովետական տարիներից և որոնք չեն կարող այլևս կիրառվել Հայաստանի Հանրապետությունում։
Բացի այդ՝ կան այնպիսի ձևակերպումներ, որոնք թույլ չեն տալիս մասնագետներին լինել օբյեկտիվ, այսինքն՝ բժիշկների կողմից այստեղ ավելի շատ կիրառվում են սուբյեկտիվ մոտեցումները, և եթե այդ իրավական ակտը ավելի շատ որոշակիություններ սահմաներ, օբյեկտիվությունը գնալով կմեծանար»։
Խնդիր, որը լուծվել է
Մտավոր խնդիրներով անձինք այլևս չեն զորակոչվելու։ «Մի քաղաքացի մտավոր հետամնացությամբ զորակոչվել էր։ Մեր կազմակերպությունը բողոքարկեց, ինչի արդյունքում օրենքում փոփոխություն մտցվեց․ մտավոր հետամնացությամբ անձինք՝ կապ չունի թեթև, թե ծանր, այլևս չեն զորակոչվելու», – ասաց իրավապաշտպանը։ Արդեն իսկ զորակոչված քաղաքացիները օրենքի ընդունումից հետո վաղաժամկետ զորացրվել են։