Home / Բանակ / Կներեն, եթե բանակ տանեն․ ղեկավարությունը հերքում է

Կներեն, եթե բանակ տանեն․ ղեկավարությունը հերքում է

Զինկոմիսարիատից զանգել են և առաջարկել՝ քրեական պատասխանատվությունից կազատվես, եթե մեկնես վարժական հավաքների, «Ազատություն» ռադիոկայանին պատմել է հանցագործության մեջ մեղադրվող երիտասարդը։

Տղամարդու խոսքով՝ զինկոմիսարիատից իրեն կանչել են տեղում հարցը քննարկելու․ «Առաջարկ է հնչել, որ մոտենամ խոսեմ գլխավորներից մեկի հետ ու, ըստ առաջարկի, իմ կամքով մեկնեմ զորահավաքների՝ էն պարագայում, երբ որ ես քրեական գործով անցնող անձ եմ։ Առաջարկը հենց դրա համար էր, որ քրեական գործը կարճվեր»։

Երիտասարդը մերժել է առաջարկն ու այս մասին տեղեկացրել փաստաբան Արսեն Մրկչտյանին։

«Խարդախելու իմաստն է, որպեսզի անձին, որը վարժական հավաքներին ենթակա չի, հավաքագրեն և տանեն», – ռադիոկայանի հետ զրուցում ասել է փաստաբանը:

Մկրտչյանն արդեն նման երկու դեպքի է առնչվել։ Ասում է՝ մի դեպքում պաշտպանյալն արդեն մեկնել է հավաքների։ Բայց մեղադրանքը, բնականաբար, չեն հանել։

«Անձին համոզել են, ասել են՝ «մենք կօգնենք որպեսզի քրեական գործերդ բարենպաստ լուծումներ ստանան»։ Գյուղաբնակ մարդ է, համոզվել է, [ասում էր՝] փաստաբան ջան, գնամ մասնակցեմ, ինչ է եղել, հո վնաս չեն տա», – պատմել է Մկրտչյանը։

Նրա երկրորդ պաշտպանյալը, սակայն, հրաժարվել է և զինկոմիսարիատի աշխատակից ներկայացած անձին պատասխանել՝ «փաստաբանս ասում է՝ նման բան չի կարող լինել»։ Պատասխանել են՝ «քո փաստաբանն ինչ է հասկանում, մենք ավելի լավ ենք հասկանում»։

Արսեն Մկրտչյանը պնդում է՝ մեղադրյալները ստորագրություն են տալիս չբացակայելու մասին, վարժական հավաքների մեկնելու դեպքում փոփոխվում է նրանց հասցեն, դժվարանում է քննչական գործողությունների անցկացումը, ձգձգվում է գործի քննությունը։ Մյուս կողմից էլ՝ խախտվում է վարժական հավաքներ անցկացնելու կարգը։ Իսկ որ ամենակարևորն է՝ ինչպե՞ս կարող են զինկոմիսարիատները խառնվել իրավապահ մարմինների աշխատանքին՝ գործերը կարճելու խոստում տալով:

«Ասել են՝ դատավորին կասենք, լավ կլինի, ես, ճիշտն ասած, էդ տիպի դատավոր չեմ ճանաչում, չեմ էլ կարող անգամ ենթադրաբար պատկերացնել, որին կասեն՝ էս մարդը վարժական հավաքի է մասնակցել, իրան բարենպաստ դատական ակտ կայացրու: Դա ուղղակի ծիծաղելի է», – նշել է Մկրտչյանը:

Փաստաբանի կարծիքով՝ զինկոմիսարիատներն այս քայլին են գնում ռեսուրսների պակասի պատճառով. «Հիմնականում հայտնի ուժերի զավակներն են, փեսաներն են, հորեղբոր տղաները, բարեկամներն են, որտեղի՞ց պետք է համալրվի այդ զանգվածը»:

ըստ Քոչարյանի, Հայաստանում նման բան չկա

Խորհրդարանի Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը կտրականապես հերքում է այս պնդումները։ Իշխանական պատգամավորի խոսքով՝ այս մեխանիզմը ռուս-ուկրաինական պատերազմում է կիրառվում, բայց ոչ՝ Հայաստանում։

«Ով որ էդպիսի բան է ասում, ինքը խառնում է երևի․ ռուս-ուկրաինական պատերազմում էդպիսի ուժեր օգտագործում են, էդպիսի մեխանիզմներ կան, Հայաստանում էդպիսի մեխանիզմներ չկան և չեն էլ կարող լինել», – ասել է Քոչարյնանը։

Անցած տարի նույն այս պատգամավորը փոխոստիկանապետին հրապարակավ առաջարկել էր վարժական հավաքները օգտագործել որպես պատժիչ գործիք՝ ընդդիմության ակցիաներից բերման ենթարկված տղամարդկանց տանել զորահավաքների։

«Կոչ եմ անում Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը և Ազգային անվտանգության ծառայությանը հավաքագրել նշված քաղաքացիների տվյալները և դրանք փոխանցել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը», – խորհրդարանի ամբիոնից հայտարարել էր իշխանական պատգամավորը։

Այժմ նա պնդում է, որ Հայաստանում նման բան չի կարող լինել, և մեղադրում ահազանգողներին ստեր տարածելու մեջ։

Վարժական հավաքները Հայաստանում ակտիվացել են 44-օրյա պատերազմից հետո։ Սկզբում դրանք եռամսյա էին։ Մարտից մեկնարկած հավաքներն արդեն 25 օրով են անցկացվում։ 

Խնդիրները մնացել են նույնը՝ «Ազատությանն» ասել է բանակի հարցերով զբաղվող Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչը Նազելի Մովսեսյանը։

Նրան դիմած քաղաքացին ևս պատմել է, որ մեղադրյալի կարգավիճակ ունի, զանգել են և առաջարկել մեղադրանքը կարճելու դիմաց մասնակցել հավաքի։