Հայաստանի, Ադրբեջանի և Եվրախորհրդարանի ղեկավարների՝ կիրակի օրը Բրյուսելում տեղի ունեցած հանդիպման գլխավոր արդյունքը, ըստ Շառլ Միշելի հայտարարության, «հատկապես դեպի Նախիջևան» երկաթգծի վերագործարկման հարցով առաջընթացն է, որի մասին խոսվում էր նաև վաշինգտոնյան քառօրյա բանակցություններից հետո։ Եվրոպացի պաշտոնյայի խոսքով, որոշակի «ըմռնում» կա նաև «ձերբակալվածների», այսինքն՝ գերիների ազատ արձակման հարցում։ Մնացած կետերով հայտարարությունները կրկնվում են։
ճանաչել 29․8 և 86․6 քառակուսի կիլոմետրերը
Փաշինյան-Ալիև-Միշել դռնփակ հանդիպումը մոտ 4 ժամ է տևել և ափոփվել Եվրախորհրդարանի նախագահի հայտարարությամբ․ «[Հայաստանի և Ադրբեջանի] առաջնորդները վերահաստատեցին իրենց աներկբա հանձնառությունը 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրին, Հայաստանի 29 800 քառակուսի կիլոմետր և Ադրբեջանի 86 600 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականությանը»։
Ալմա Աթայի հռչակագրի համաձայն միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու հանձնառությունը Երևանն ու Բաքուն վերահաստատել էին նաև Պրահայում և Սոչիում՝ դեռևս 2022-ի հոկտեմբերին։ Հերթական վերահաստատման մասին հաղորդելիս Շիշելն այս անգամ հատուկ շեշտել է երկու երկրների՝ 1991-ին փոխադարձաբար ճանաչված մակերեսները։
Հայաստանի 29 հազար 800 քառակուսի կմ-ի մասին վերջին ամիսներին պարբերաբար հիշեցնում է նաև Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերման կոնտեքստում։ Ադրբեջանի տարածքի մասին էլ խոսում է Իլհամ Ալիևը՝ հիշեցնելով, որ դրա մեջ մտնում է նաև Լեռնային Ղարաբաղը։
Ստեփանակերտ-Բաքու «միջազգային համագործակցություն»
Փաշինյան-Ալիև բրյուսելյան հանդիպմանը, ըստ Միշելի, շարունակվել են նաև «նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում բնակվող հայերի իրավունքների և անվտանգության հարցով» բանակցությունները։
Միշելը ընդգծել է՝ անձամբ խրախուսել է Ադրբեջանին «ներգրավվել դրական օրակարգի մշակման մեջ»՝ նպատակ ունենալով «երաշխավորել բնակչության իրավունքները և անվտանգությունը»՝ միջազգային հանրության հետ սերտ համագործակցությամբ։ «Ես բարձրաձայնեցի նաև Բաքվի և այս բնակչության միջև թափանցիկ և կառուցողական երկխոսության անհրաժեշտության մասին», – հավելել է եվրոպացի պաշտոնյան։
Ստեփանակերտի և Բաքվի միջև շփումների ձևաչափը խաղաղության պայմանագրի շուրջ հայ-ադրբեջանական բանակցությունների առանցքային տարաձայնություններից մեկն է։ Երևանը պնդում է, որ Ստեփանակերտ-Բաքու բանակցությունների համար միջազգային տեսանելի մեխանիզմ պետք է ստեղծվի, Ադրբեջանը Ղարաբաղին վերաբերող հարցերում միջազգային ներգրավվածությունը բացառում է։
տե՛ս «Երկխոսություն» «բանակցությունների» փոխարեն
առաջընթաց և երկաթիծ
«Կողմերը հստակ առաջընթաց են գրանցել տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական կապերի վերաբացման շուրջ։ Դիրքոշումները շատ մոտ են հատկապես դեպի Նախիջևան երկաթուղու վերաբացման շուրջ։ Համապատասխան աշխատանքային խմբերին հանձնարարվել է ավարտին հասցնել երկաթուղային կապերի բացման եղանակների և անհրաժեշտ շինարարական աշխատանքների վերաբերյալ սկզբունքային համաձայնագիրը՝ կոնկրետ ժամանակացույցի հետ միասին։ Նրանք նաև պայմանավորվել են օգտվել Համաշխարհային մաքսային կազմակերպության աջակցությունից», – մայիսի 14-ի բանակցություններից հետո հայտարարել է Եվրախորհրդարանի նախագահը։
Երաթգծի վերագործարկման հարցով Երևանն ու Բաքուն որոշակի համաձայնության էին եկել դեռևս 2021-ի դեկտեմբերին՝ Բրյուսելում։ Մեղրիով անցնող ճանապարհի շուրջ տարաձայնությունների պատճառով ապաշրջափակման գործընթացը ըստ էության փակուղի էր մտել։ Լաչինի միջանցքում ստեղծված ճգնաժամի ֆոնին այն կրկին ակտիվացել է։
տե՛ս Քառօրյա բանակցությունների մասին Երևանից և Բաքվից
ըմբռնում «ձերբակալվածների ազատման» հարցում
Շառլ Միշելն ընդգծել է՝ կա ըմբռնում, որ առաջիկա շաբաթներին «ձերբակալվածներ ազատ կարձակվեն». «Ես նաև ընդգծեցի այս փոխադարձ ըմբռնումը պաշտպանելու անհրաժեշտությունը՝ այն զինվորները, որոնք պարզապես մոլորվել և մյուս կողմ են անցել, կշարունակեն ազատ արձակվել արագացված ընթացակարգով։ Մենք քննարկել ենք նաև անհայտ կորածների ճակատագրի և ականազերծման ուղղությամբ աշխատանքների ակտիվացման կարևորությունը»։
Ավելի քան երեք տասնյակ հայ գերիներ առ այսօր պահվում են ադրբեջանական բանտերում․ Բաքուն նրանց տարբեր մեղադրանքներ է առաջադրել («սահմանն ապօրինի հատելուց» մինչև «ահաբեկչություն»), գերիների վերադարձի գործընթացը 2022-ի տարեսկզբից փաստացի սառեցվել է։
տե՛ս Ո՞ւր են կորել հայ գերիները
խաղաղության պայմանագիր և սահմանազատում
Եվրախորհրդի նախագահը հավելել է՝ եռակողմ քննարկման առանցքում, ամեն դեպքում, հայ-ադրբեջանական կարգավորման առաջընթացի ուղին էր։
«Խաղաղության պայմանագրի շուրջ վաշինգոնյան արդյունավետ բանակցություններից հետո պետք է պահպանվի դրական առաջընթացը՝ ձեռնարկելու վճռորոշ քայլեր Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության պայմանագրի ստորագրման ուղղությամբ։
Ինչ վերաբերում է սահմանային խնդիրներին, մենք քննարկեցինք առաջընթացը և սահմանի դելիմիտացիա ուղղությամբ հաջորդ քայլերը։ Այս համատեքստում առաջնորդները համաձայնեցին վերականգնել երկկողմ հանդիպումները սահմանային խնդիրների շուրջ», – նշել է Միշելը։
մինչ նոր հանդիպում
Երկու երկրների առաջնորդները, ըստ եվրոպացի պաշտոնյայի, կրկին կհանդիպեն Բրյուսելում հուլիսին, ապա մոտ ապագայում հանդիպում կունենան Ֆրանսիայի նախագահ Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Շոլցի հետ Քիշնևում Եվրոպական քաղաքական համայնքի 2-րդ գագաթնաժողովի շրջանակում։ «Ես նաև մտադիր եմ առաջնորդներին հրավիրել ևս մեկ նման հանդիպման՝ հոկտեմբերին Գրանադայում կայանալիք ԵՀԽ երրորդ գագաթնաժողովի շրջանակներում», – հավելել է եվրոպացի պաշտոնյան։