Բաքվում բանտարկված են մնում տասնյակ հայ ռազմագերիներ՝ Ղարաբաղյան պատերազմի և երկու երկրների միջև հետպատերազմական բախումների պատանդները։ Ադրբեջանը, որը զինծառայողներին անվանում է «ահաբեկիչներ», չի շտապում նրանց հանձնել Հայաստանին։ Այս մարդիկ խաղաքարտ են դարձել բանակցություններում, որոնք պետք է խաղաղություն բերեին, բայց հայտնվել են փակուղում։
2021 թվականի ամռանը Բաքվի դատարանը 13 հայ զինծառայողների դատապարտել է 6 տարի ազատազրկման։ Նրանց մեղավոր են ճանաչել ահաբեկչության, ապօրինի զենքի պահելու և կրելու, սահմանն ապօրինի հատելու, ինչպես նաև՝ «զինված խմբավորումներ ստեղծելու» մեջ։
Ապակե վանդակից դատավճիռը լսում էին 2020 թվականի նոյեմբերի վերջին՝ արդեն 44-օրյա պատերազմից հետո, շրջափակման մեջ հայտնված և ձերբակալված զինծառայողները։ Նրանք Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանի Հին Թաղեր (Հինթաղլար) գյուղում էին։
Այս գյուղը կարևոր կետ է քարտեզի վրա, որը պատերազմի ժամանակ ամեն օր վերագծվում էր։ Ադրբեջանական բանակը առաջնագիծը հասցրել էր ընդհուպ մինչև Հին Թաղեր։ Երբ մարտերը վերջացան, գյուղը հայտնվեց «գորշ գոտում»։
Կոնկրետ ով էր վերահսկում Հին Թաղերը՝ պարզ չէ։ Ղարաբաղ մտած ռուս խաղաղապահները ենթադրում էին, որ գյուղում ադրբեջանցիներ են, ուստի ռուսական պահակակետերը դրվեցին գյուղից 15 կմ հեռավորության վրա։ Բաքում համաձայն էր այդ որոշման հետ, բայց Հայաստանը համարում էր, որ քանի որ գյուղը չեն գրավել, այն մնում է Լեռնային Ղարաբաղի իշխանության ներքո։ Գյուղի մոտակա դիրքերում շարունակվում էր հայ զինծառայողների հերթափոխը։
Դժվար անցանելի տեղանքի մի քանի տասնյակ քառակուսի կիլոմետրի վրա, որտեղ պարբերաբար խափանվում էր նաև հեռախոսակապը, խառնաշփոթ էր տիրում։
Մանուկ Մարտոյանը՝ մեղադրյալներից մեկը, դատական պրոցեսի ժամանակ պատմում էր՝ ծառայակիցների հետ միասին իրեն ուղարկել են Հադրութի շրջան և հրամայել «պահակ կանգնել և ոչ ոքի ներս չթողնել»։
Դեկտեմբերի 13-ին Մարտոյանը վերադառնալու հրաման է ստացել։ Ադրբեջանցիներին զինծառայողները հանդիպել են Հադրութի շրջանից դուրս գալու ժամանակ։ Մոտ 60 հայեր գերի են ընկել։
Մարտոյանը սկզբում ընդունել է իրեն մեղսագրվող մեղադրանքները՝ հույսով, որ դա կմեղմացնի դատավճիռը։ Արդեն դատարանում նա հրաժարվել է մեղքն ընդունելուց։ Զինծառայողը պատմել է, որ հրամանատարությունը իրենց հրահանգել էր կրակ չբացել։
«Ղարաբաղի ճամփեն չգիտեր»
Երբ սկսվեց Ղարաբաղյան երկրորդ պատերազմը, Մանուկ Մարտոյանի 21 տարեկանը նոր էր լրացել։ Նա և նրա երեք համագյուղացիները՝ Գյումրիից 35 կիլոմետրի վրա գտնվող Լանջիկ փոքր գյուղի բնակիչներ, պատերազմի սկզբին են մոբիլիզացվել։ Տանը մնացել են Մանուկի մեծ եղբայրը և հիվանդ մայրը։ Ընտանիքին օգնում էր Մանուկի քեռի Ալեքսանը։
«Մանուկը ընդամենը չորս տարեկան էր, երբ նրա հայրը՝ իմ եղբայրը, հեռացավ մեզանից։ Երեխաներին ոտքի է կանգնեցրել մայրը։ Հիվանդացել է՝ դիաբետ ունի։ Տնային տնտեսությունը մնացել է մեծ եղբոր վրա», – պատմում է Ալեքսանը։
Մանուկի մասին ասում է․ «Ոչ կոպիտ էր, ոչ էլ չար, մեծերին հարգում էր, գյուղում հարգանք էր վայելում»։ Մեկ վայրկյան մտածելուց հետո Ալեքսանը հավելում է․ «Ղարաբաղի ճամփեն չգիտեր»։
Բանակում Մանուկը 2 տարի է ծառայել՝ մայրաքաղաքում, պատվո պահակային վաշտում։ Ընտանիքը համոզված չէ՝ նրա վաշտում զորակոչիկներին գոնե կրակել սովորեցնո՞ւմ էին։
2020 թվականի հոկտեմբերի 3-ին նրան տարել են Ջաբրայիլ և ավտոմատ տվել։ Քաղաքում մարտեր էին։ Արդեն հաջորդ օրը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ քաղաքը վերցված է։ Հայաստանը պաշտոնապես հերքում էր այդ հայտարարությունը, բայց բավականին արագ հայտնի դարձավ, որ քաղաքը հենց այդ օրերին են գրավել։
Ռուսական «Новая газета»-ն այս օրերին հղվում էր Ջաբրայիլում կռված մի հայ կամավորականի խոսքերին, որը պատմում էր, որ հրամանատարը գիշերը հավաքել է բոլոր երիտասարդներին և ասել, որ լքեն քաղաքը։
Դատարանում Մանուկ Մարտոյանը պատմել է, որ ընկերների հետ փախել է ադրբեջանական հրետանուց։ Միասին հասել են մինչև Գորիս, մի քանի օր այնտեղ մնացել։ Հետո Մանուկը վերադարձել է հարազատ գյուղ։ Ալեքսան Մարտոյանի խոսքերով՝ տանը նա մոտ 10 օր է անցկացրել, հետո «նրա հետևից եկել են», մեղադրել են դասալքության մեջ։ Բայց չգիտես ինչու չեն ձերբակալել, այլ ուղարկել են զորամաս, իսկ այնտեղից՝ դեպի Հադրութ, որտեղ Մանուկը գերի է ընկել։
«Բարև իմ սիրուն ու ուժեղ մայրիկ, – Մանուկը Կարմիր խաչի միջոցով նամակներ է ուղարկում տուն, – Մամ ջան, իմ մոտ ամեն ինչ լավ է, միայն թե կարոտում եմ։ Ի՞նչ ասեմ։ Պատմելու բան չկա։ Ամեն ինչ լավ է, առողջությունս կարգին է։ Պետք չէ անցյալով ապրել, որովհետև առջևում մեզ շատ ուրախ և երջանիկ օրեր են սպասում։ Կգամ, ու մենք բոլորս միասին նորից երջանիկ կապրենք։ Այս փոքրիկ փորձությունները, հնարավոր է՝ պետք էին ինձ։ Ընդամենը պետք է դասեր քաղել։ Ճիշտ է՝ լավ կլիներ, դուք ստիպված չլինեիք սրա միջով անցնել։ Մամ ջան, քեզ լավ նայի, նորմալ սնվի, քնի։ Շատ մի մտածի։ Ես շուտով կվերադառնամ։ Աստծո օգնությամբ ամեն ինչ լավ կլինի»։
Այն մասին, որ որդին գերի է ընկել, Մանուկի մայրը իմացել է լրատվամիջոցներից։
Նա ընդամենը 50 տարեկան է, բայց որդու գերեվարումից հետո դադարել է քայլել։ Ոտքերն ուռել են դիաբետի պատճառով։ Պատերազմը դեռ կարողանում էր հողամասում քայլել, իսկ հիմա դժվարությամբ է զուգարան գնում։ Ալեքսանն ասում է․ «Նստած է հեռուստացույցի առջև, սպասում է լավ նորությունների»։
Ո՞ւր են կորել գերիները
Բաքուն հայտարարում է, որ Ադրբեջանի տարածքում բանտարկված են մեջ 33 հայ զինծառայողներ։ Հայաստանի նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը, սակայն, պնդում է, որ այս թիվը, ամենայն հավանականությամբ, չի համապատասխանում իրականությանը։
«Անհայտ կորած զինծառայողների ցուցակը մենք փոխանցել ենք Մարդու իրավունքների եվրոպական դատարանին և միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին։ Ադրբեջանը հաստատել է, որ այդ մարդկանց մի մասը՝ հենց 33 հոգի, իրենց մոտ է գտնվում։ Այդ դեպքում ո՞ւր են մյուսները», – հարցնում է Թաթոյանը։
Հայաստանը համարում է, որ Ադրբեջանում կարող են գտնվել ևս 80 անձինք։ Նախկին օմբուդսմենը հավելում է․ «Մենք չգիտենք, թե որտեղ են նրանք․ կամ սպանվել են, կամ նրանց ինչ-որ տեղ թաքցնում են։ Որևէ միջազգային մեխանիզմ չկա [որ կօգներ պարզել ճշմարտությունը]։ Կա միայն Կարմիր խաչը, բայց նրանց աշխատանքը կոնֆիդենցիալ է, և նրանք հնարավորություն չունեն ստուգելու այն վայրերը, որտեղ կարող են պահվել այդ մարդիկ»։
Իրավաբան, ՄԻԵԴ-ում գերիների ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը պարզաբանում է՝ իրավապաշտպանները երկար ժամանակ աշխատում էին տեսանյութերը վերիֆիկացնելու վրա, այդ տեսագրություններում երևում են հայ զինծառայողների գերեվարման դրվագները։
Համացանցում հրապարակված վիդեոների միջոցով նույնականացվել է Ղարաբաղում գերի ընկած ևս 80 անձանց (չհաշված Ադրբեջանի հաստատած 33 գերիներին)։
«Փաստացի այս մարդիկ անհայտ կորած են համարվում, քանի որ ադրբեջանական իշխանությունները չեն ճանաչում նրանց գերեվարումը։ Բայց, չնայած նրանք հրաժարվում են հաստատել այդ տեղեկությունը, բավականաչափ տեսանյութեր կան, որ հաստատում են գերեվարման փաստը», – վստահեցնում է Սահակյանը։
«Սա մեծ խնդիր է ռազմագերիների ընտանիքների համար։ Օրերս հանդիպել եմ անհետ կորած զինվորների ծնողների հետ, – պատմում է Արման Թաթոյանը․ – Ես նստած էի նրանց առջև, և նրանք հարցնում էին՝ արդյո՞ք իրենց երեխաները կվերադառնան։ Եվ ես նույնիսկ չգիտեի՝ ինչ պատասխանել»։
«Ինչպես աշխարհի բոլոր ծնողները, մենք ուզում ենք, որ մեր երեխան տանը լինի։ Սա ազգության հարց չէ, սա մարդկայնության հարց է, – ասում է Ալեքսան Մարտոյանը։ – Բայց գործող պաշտոնյաներից մենք ի պատասխան միայն խոստումներ ենք լսում։ Հուսադրում են և հուսադրում։ Սա արդեն հիասթափության է հասնում․․․»։
44-օրյա պատերազմի ավարտից ի վեր Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել 173 ռազմագերիի, այդ թվում Մանուկի համագյուղացի Սեդրակ Սողոմոնյանին։ Նրանց նույն օրն էին գերեվարել և դատել։
Մեկուկես տարի առաջ Սեդրակի հայրը ամեն օր մարզկենտրոն էր գնում՝ ասես աշխատանքի, որ իմանար որդու ճակատագրի մասին։ Նրա տղան հիմա տանն է․ «Շինհրապարակում ոտքն է վնասել, գիպսի կարիք չեղավ, բայց ամուր վիրակապեր դրեցին։ Պարկած է բազմոցին», – պատմում է Սամվել Սողոմոնյանը։ Հայրն ասում է․ «Արդեն հարս ենք փնտրելու, ամեն դեպքում արդեն 28 տարեկան է․․․»։
Սեդրակն ու Սամվելը իրենց հարևանների՝ Մանուկի ընտանիքի, կողքին են։ Նրանք չեն հասկանում, ինչու են որոշ մարդկանց վերադարձնում, մյուսներին՝ շարունակում պահել։ Առավել ևս, որ այսօր գերիների փոխանակման գործընթացը մտել է փակուղի։
Ադրբեջանում՝ «ահաբեկիչներ»
Ադրբեջանը հայ զինծառայողներին ռազմագերի չի համարում՝ իբրև թե, քանի որ նրանց ձերբակալել են Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի կողմից մարտական գործողությունները դադարեցնելու մասին եռակողմ հայտարարությունը ստորագրելուց հետո, նրանց գերի համարելու հիմք չկա։
«Բաքուն քրեական գործեր է հարուցում՝ ձևացնելով, իբր կոնֆլիկտը սպառված է։ Բայց կոնֆլիկտը շարունակվում է։ Կրակում են գրեթե ամեն օր, այդ ամենը շարունակվում է, և դա նաև Միջազգային Կարմիր խաչի պաշտոնական դիրքորոշումն է։ Հետևաբար, բոլոր այս մարդիկ միջազգային հումանիտար իրավունքով ռազմագերի են, ոչ թե հանցագործ», – ասում է Արման Թաթոյանը։
Բաքվում վերջին կոնֆլիկտի ակտիվ փուլն ավարտված են համարում, և հղվում նրան, որ միջազգային իրավունքը Ղարաբաղը ճանաչում է Ադրբեջանի տարածք։ Հենց այդպես է Ադրբեջանը բացատրում հայ զինվորականների նկատմամբ դատավարությունները։ Կառավարամետ հայտնի haqqin.az կայքը հայ ռազմագերիներին ուղիղակիորեն Հայաստանի կողմից կռվող «ահաբեկիչներ» է անվանում։ Անգամ ընդդիմադիր Bizim Yol թերթն է գրում, որ նրանց գերի չի համարում, քանի որ զինծառայողներից «ոմանք» բռնվել են ադրբեջանական տարածքում՝ արդեն 2020-ի նոյեմբերի 9-10-ի հայտարարության ստորագրումից հետո։
Ադրբեջանցի իրավապաշտպանների խոսքերով՝ զինծառայողներին դատել են իրավական նորմերի խախտումներով։
«Դատերը շփթփ էին ընթանում, արագ, գործի մեջ չխորանալով, քանի որ բոլորը հասկանում էին, որ պետք է ինչ-որ [ազատազրկման] ժամկետ տալ, բայցև չէին խորանում մանրամասների մեջ, չէ՞ որ այս մարդիկ վաղը չէ մյուս օրը դառնալու են փոխանակման և առևտրի առարկա հայկական կամ ամերիկյան, կամ անգամ սիրիական կողմի հետ․․․ ի վերջո այնտեղ երկու Սիրիայի քաղաքացի կար», – ասում է ադրբեջանցի իրավապաշտպան Արիֆ Յունուսը։
Սոցցանցերում, երբ խոսք է բացվում ռազմագերիների մասին, ադրբեջանցի օգտատերերը երկու ստանդարտ հնարք են կիրառում․ կա՛մ պնդում են, որ ռազմագերիների այս պատմությունը սուտ է, կա՛մ փոխում են թեման՝ խորհրելով օկուպացիայի, հայերի կողմից ավերված ադրբեջանական քաղաքների և Խոջալուի (Խոջալի) ողբերգության մասին։ Մասնավոր զրույցներում, սակայն, բաքվեցիները հաճախ ասում են․ «Լավ կլիներ՝ բոլորին բաց թողնեին։ Եվ առհասարակ՝ հերիք է կռվել»։
Վերջին ամիսներին Ադրբեջանի իշխանությունները գրեթե ոչինչ չեն ասում գերիների մասին։ Միայն հերքում և բեմադրություն են անվանում անցյալ տարվա սեպտեմբերին գերեվարված հայերի խոշտանգումների և սպանությունները տեսանյութերը։
Առևտրի առարկա
Այս դեպքում՝ ինչի՞ն են պետք Ադրբեջանին այս մարդիկ։
Փորձագետները համարում են, որ գերեվարված զինվորները Ադրբեջանի համար առևտրի առարկա են։
Սկզբում Բաքվում ասում էին, թե չեն վերադարձնում ռազմագերիներին, որովհետև Երևանն իբր չի կատարում եռակողմ հայտարարության պայմանները․ խոսքը ականապատ դաշտերի քարտեզները փոխանցելու Հայաստանի խոստումի մասին էր։
Հայաստանը, ամեն դեպքում, փոխանցեց քարտեզները, բայց դրանցից ոչ բոլորն էին արտացոլում իրական վիճակը այն տարածնքներում, որոնք Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ընթացքում անցել են Ադրբեջանին։ Ղարաբաղյան հակամարտությամբ զբաղվող պատմաբան և իրավապաշտպան Արիֆ Յունուսի խոսքով՝ 44-օրյա պատերազմի ժամանակ նահանջելիս հայ զինվորները ուղղակի չէին հասցնում ֆիքսել տեղանքները, որոնք ականապատել են։
«Գերիները պետք են [քաղաքական] ժեստերի համար։ Օրինակ, երբ տարածաշրջան այցելեց ԱՄՆ պետքարտուղարի ներկայացուցիչը, մերոնք [Ադրբեջանի իշխանությունները] ժեստ արեցին՝ 15 մարդու տվեցին», – ասում է փորձագետը։ Նա քարտեզները զուտ պատրվակ է համարում․ «Այն ժամանակ Ադրբեջանը որոշեց [բարի կամքի] ժեստ ցույց տալ ամերիկացիներին՝ առանց ինչ-որ քարտեզների»։
Ըստ նրա, Ադրբեջանը հայ զինծառայողներին կարող է պահել նաև Հայաստանի հետ բանակցություններում իր դիրքերն ամրապնդելու համար։ Սրանով է, ըստ նրա, բացատրվում նաև այն, թե ինչու Ադրբեջանը արդեն երկար ժամանակ է՝ ոչ ոքի չի վերադարձրել։ Բանակցային գործընթացը լճացել է։
Նման կարծիք ունի նաև ադրբեջանցի լրագրող Շահին Ռզաևը։ Ըստ նրա, ադրբեջանական իշխանությունները բանակցություններում «օգտագործում են գերիներին» որպես լրացուցիչ փաստարկ՝ Երևանից որոշակի զիջումներ ստանալու համար։
Բայց բանակցությունները, ինչպես համարում է փորձագետը, կանգ են առել, երբ Ղարաբաղ է տեղափոխվել Ռուբեն Վարդանյանը՝ ռուսաստանցի բիզնեսմեն, որը դուր չի գալիս պաշտոնական Բաքվին։
«Նրա գործունեությունը հանցավոր-արկածախնդիր բնույթ է կրում։ Մենք համարում ենք, որ դրան պետք է վերջ դրվի։ Որքան շուտ նա լքի տարածաշրջանը, այդքան լավ բոլորի համար։ Առաջին հերթին դրանից տուժում է տեղի բնակչությունը», – 2022-ի դեկտեմբերին ասում էր Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
Նույն դեկտեմբերին մի խումբ մարդիկ, որոնք իրենց ադրբեջանցի էկոակտիվիստ էին անվանում, փակեցին Լեռնային Ղարաբաղից Հայաստան տանող գլխավոր ճանապարհը՝ սկիզբ տալով հայաբնակ շրջանների փաստացի շրջափակմանը։
Ռուբեն Վարդանյանը երկար չմնաց և չորս ամիս անց ազատվեց պաշտոնից։
Չնայած դրան՝ գերիների հետ կապված իրավիճակը չի լուծվում։ Շարունակվում է նաև «էկոակտիվիստների ակցիան»․ Ղարաբաղում մարդիկ սննդի և դեղորայքի պակաս ունեն։
Լոուրենս Բրոերսը նշում է, որ այս ակցիան – ինչպես և ռազմագերիները – ճնշման ևս մեկ գործիք է, որն Ադրբեջանն օգտագործում է՝ իր նպատակներին հասնելու համար։
Քաղաքականության պատանդներ
Մինչ շարունակվում է Ղարաբաղի բլոկադան, գերիների փոխանակման գործընթացը կանգ է առել։ Սիրանուշ Սահակյանի կարծիքով, սա հաստատում է այն փաստը, որ Ադրբեջանը «քաղաքականացնում է նման հարցերը»։
«Երբ քաղաքական օրակարգում լարվածություն է առաջանում, չեն լուծվում նաև մարդասիրական հարցերը։ Ըստ իս, սա լրացուցիչ ապացույց է, որ հաստատում է՝ ռազմագերիները իրականում պատանդներ են, որոնց պահում են ճնշում գործադրելու համար և քաղաքական պահանջները բավարարելու նպատակով», – ասում է Սահակյանը։
Հայաստանը պարտվել է Ղարաբաղի պատերազմում և կորցրել այն տարածքները, որոնք տարիներ շարունակ վերահսկում էր, այդ թվում՝ նախկին խորհրդային Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի որոշ շրջանները և Շուշի (Շուշա) քաղաքը, որին երկու ժողովուրդներն էլ պատմական կարևորություն են տալիս։ Պատերազմի ավարտից երկուսուկես տարի անց կողմերն այդպես էլ խաղաղության պայմանագիր չեն ստորագրել։
Ստեղծված իրավիճակում Ադրբեջանը ավելի շատ ճնշման լծակներ ունի, որոնք կարող է օգտագործել խաղաղության պայմանագրում իր համար շահավետ պայմանների հասնելու համար։ Ճնշման լծակ են դարձել այդ թվում նաև ռազմագերիները։
«Այդ մարդկանց գերության մեջ պահելը բացասաբար է ազդում խաղաղության գործընթացի վրա, և եթե Ադրբեջանը նրանց ազատ արձակեր, դա կլիներ լավ ժեստ՝ հօգուտ խաղաղության», – նշում է Լուրենս Բրոերսը՝ ղարաբաղյան հիմնախնդրով զբաղվող բրինատանցի փորձագետը։
Այն, որ զինվորականները դեռ գերության մեջ են մնում, ըստ նրա՝ վատ է ազդում Ադրբեջանի վրա, չի ուժեղացնում նրա դիրքը խաղաղության համաձայնագրի համար և, ըստ երևույթին, մարդկանց առևտրի առարկայի է վերածում՝ վնաս հասցնելով ադրբեջանական դիրքորոշմանը առաջին հերթին հայկական հասարակության աչքերում։
Չնայած նրան, որ Ադրբեջանը հաղթել է այս պատերազմում, միջազգային հարթակներում երկրին անվստահությամբ են վերաբերվում՝ այդ թվում չընդհատվող էսկալացիաների պատճառով։ Յունուսը նշում է, որ արևմտյան առաջնորդները ավելի հաճախ պատրաստ են հանդիպել Հայաստանի վարչապետ Փաշինյանի հետ, քան Ադրբեջանի նախագահ Ալիևի, ինչը չի կարող չնյարդայնացնել Բաքվին։
Օրինակ՝ ԱՄՆ-ն Փաշինյանին հրավիրել էր «Հանուն ժողովրդավարության գագաթնաժողովի», Երևան են այցելել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և այն ժամանակ ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին։ Վերջին երկու այցելությունները քննադատությունների ալիք են առաջացրել ադրեջանական մամուլում, որը հույս ուներ, որ ԱՄՆ նախագահ Բայդենը կհանդիպի նաև Ալիևի հետ։
Դրա փոխարեն և՛ Փելոսին, և՛ մյուս արևմտյան ժողովրդարությունների ու միջազգային ինստիտուտների առաջնորդները կշտամբում են Ադրբեջանին՝ հասկացնելով, որ հայ ռազմագերիների հետ կապված իրավիճակը մարդու իրավունքների խախտման բազմաթիվ օրինակներից միայն մեկն է։
Ամենավերջին խախտումներից են նաև Հայաստանը Ղարաբաղին կապող միակ ճանապարհի շրջափակումը և անցյալ տարվա սեպտեմբերի էսկալացաիայի ժամանակ հայ գերիների սպանությունները։
Սեպտեմբերյան մարտերը հայ-ադրբեջանական սահմանին հետպատերազմական շրջանում ոչ առաջինն են, ոչ էլ վերջինը։ Թեև Ղարաբաղում պատերազմն ավարտվել է ավելի քան երկու տարի առաջ, իրավիճակն այնտեղ դեռ լարված է։ Այս ամսվա սկզբին այնտեղ՝ ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում, հայ ոստիկանների և ադրբեջանցի զինվորականների միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել, որը ընդհանուր հինգ մարդու կյանք է խլել։
Ադրբեջանն առանձնապես չէր էլ թաքցնում՝ ինչ պայմանով է պատրաստ ռազմագերիներին վերադարձնել հայրենիք։ Դեռևս մի քանի տարի առաջ ադրբեջանցի քաղաքական գործիչ և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը ասել էր՝ Բաքուն պատրաստ է վերադարձնել «ահաբեկիչներին», եթե Հայաստանը համաձայնի ստորագրել խաղաղության պայմանագիրը։
Բայց պայմանագրի ստորագրումը հանգում է տեղի հայերի իրավունքների պահպանման խնդրին, որոնք անհանգստացած են իրենց անվտանգության համար՝ հատկապես Ադրբեջանում իշխանությունների կողմից աջակցվող հայատյացության մասին նորությունների ֆոնին։
Անցյալ ամիս Փաշինյանը Ադրբեջանին է փոխանցել պայմանագրի իր նախագիծը, որը նախատեսում է ստեղծել Ղարաբաղի բնակիչների իրավունքները պաշտպանող միջազգային մեխանիզմ։ Ադրբեջանական ԱԳՆ-ում սա համարում են միջամտություն երկրի ներքին գործերին և պնդում, որ Ղարաբաղի հայերին կպաշտպանի Ադրբեջանի սահմանադրությունը։
Հոդվածի բնագիրը՝ BBC-ի ռուսական ծառայությունում